Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում պատմական գիտությունների դոկտոր, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի վերջերս հրատարակած «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը եւ փոքր ազգերի պատասխանը. մաս 1-ին, քրդեր եւ թաթեր» (Մոսկվա, 2022 թ., ռուսերեն) գրքի շնորհանդեսը կարելի է իրադարձային ու նշանակալի համարել։
Մինչ շնորհանդեսը սկսվելը՝ Դ. Բաբայանը հանդես եկավ ճեպազրույցով։ Ներկա լրագրողներին հետաքրքրում էին Արցախի այժմյան վիճակը, հետագա ճակատագիրը, կարգավիճակի հարցը, ՀՀ ու ԱՀ իշխանությունների գործունեությունը, միջազգային կառույցների հետ աշխատանքը եւ այլն։ Արցախի իրավիճակի, թշնամու կողմից հաճախ հնչող կրակոցների, սադրանքների հետ կապված հարցերին նա պատասխանեց. «Իսկապես, Արցախում իրավիճակը բարդ է, սակայն մենք հաստատակամ ենք։ Անկախ Ադրբեջանի կողմից կիրառվող բոլոր ճնշումներին, սադրանքներին, մեր ուղուց չենք շեղվի»։ Ինչպես գիտենք, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ ու ջանքերով, փետրվարի 7-10-ը տեղի էր ունեցել Արցախի ԱԳ նախարարի՝ 44-օրյա պատերազմից հետո աշխատանքային առաջին այցը Բրյուսել։ Այցի արդյունքների մասին նույնպես հարց հնչեց։ Արցախյան վերջին պատերազմը, որ թուրք-ադրբեջանական ագրեսիա էր մեր երկրի հանդեպ, շատ հարցեր է առաջացրել եւ՛ մեզ համար, եւ՛ ողջ աշխարհի։ «Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ մշակութային ցեղասպանությունն ուղղված են ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ,- ասաց Արցախի ԱԳ նախարարը եւ հավելեց,-Բրյուսելում եվրոպացի գործընկերների հետ տարբեր հարցեր եմ քննարկել։ Բոլոր հանդիպումները կարեւոր էին, իսկ արդյունքներն ընթացքում պարզ կդառնան»:
Արցախի՝ թշնամու բռնազավթած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները «աղվանական» ներկայացնելու եւ այդ պատճառաբանությամբ դրանցից հայերեն գրություններն ու հայկական այլ հետքեր վերացնելու՝ Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնության հետ կապված հարցերն ավելի շատ էին։ Ինչպես արդեն տեղյակ ենք, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է՝ Ադրբեջանում ձեւավորվել է տեղի եւ արտերկրյա մասնագետներից կազմված «աղվանական պատմության եւ ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Այս առումով Դ. Բաբայանը նշեց՝ Ադրբեջանի իշխանությունների այս քայլը մշակութային ցեղասպանություն է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ։ «Ընդհանրապես, Ադրբեջանում մշակութային ցեղասպանությունը տարբեր եղանակներով է իրականացվում: Մեկը՝ պարզապես նախնադարյան բարբարոսություն. ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը, մշակութային այլ կոթողներ, երկրորդը՝ փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները: Այսինքն՝ ինչ-որ «աղվանական եկեղեցիների» թեզն են առաջ քաշել: Դա, իհարկե, անհեթեթություն է, արվում է՝ երբ նրանք չեն կարողանում պարզապես քանդել այդ եկեղեցիները։ Եթե իրենցով լիներ՝ վաղուց էին ոչնչացրել Դադիվանքը: Բայց քանի որ չեն կարողանում՝ փորձում են այլ կերպ վերացնել մշակութային կոթողների հայկականությունը եւ դարձնել ոչ հայկական մշակույթի կոթողներ,- ասաց Դ. Բաբայանը, ապա հավելեց,- դա նույնն է, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե թուրքերն առաջինն են իջել Լուսնի վրա. այդպես են թուրքերը գործում: Շումերներին էլ են ներկայացնում իբրեւ «ադրբեջանցիներ»՝ այն դեպքում, երբ ադրբեջանական ազգը 1936 թ. է պաշտոնապես ստեղծվել: Հիմա ունենք այսպիսի երկիր»: Կարեւորեց, որ այս հարցում քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է գոնե ինչ-որ կերպ արձագանքի: «Լավ, ինչքա՞ն պետք է միայնակ պայքարենք այս ամենի դեմ: Իհարկե, շարունակելու ենք պայքարել այդ ամենի դեմ, հարցը դա չէ: Առաջին հերթին պետք է ինքներս միավորվենք, ապաքինվենք այս ամենից եւ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք»,- նշեց ԱՀ ԱԳ նախարարը։
Ճեպազրույցից հետո տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ներկայացրեց Դ. Բաբայանին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար։ Դ. Բաբայանը հանդիպման մասնակիցներին ծանոթացրեց գրքի բովանդակությանը, կարեւորեց խնդիրները, շնորհակալություն հայտնեց աջակցողներին։ Ադրբեջանի կազմում բնակվող փոքր ազգերի խնդիրներին նվիրված «Ադրբեջանի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը եւ փոքր ազգերի պատասխանը» գիրքը Դ. Բաբայանի երկար տարիների ուսումնասիրության արդյունքի առաջին մասն է՝ նվիրված քրդերին եւ թաթերին։ Երկրորդ մասում կներկայացվեն լեզգիների, ավարների, թալիշների խնդիրները։ Ըստ հեղինակի՝ քրդերն ու թաթերը ձուլվեցին, բայց դրա դիմաց բարձր պաշտոններ ստացան։ Նա գրքում մատնանշել է 10-ից ավելի նման դեմքերի, որոնք ազգությամբ քուրդ են, բայց եղել են Ադրբեջանի իշխանության կարեւոր ներկայացուցիչներ։ Լեզգիները, ավարներն ու թալիշները գերադասեցին պահպանել իրենց ինքնությունը։ Գրքում ներկայացվել է ադրբեջանական ազգի ստեղծման գործընթացը. «Ադրբեջանացումն ընթացել է արագացված, ինչի արդյունքում մի քանի տասնամյակների ընթացքում գործնականորեն անհետացել է ժողովուրդների մի ամբողջ խումբ, որոնք դարձել են… ադրբեջանցիներ: Որոշ ժողովուրդների ձուլման գործընթացը տեղի էր ունենում ոչ համարժեք։ Այդ ժողովուրդները ոչ թե տարրալուծվեցին նոր ադրբեջանական թյուրքական մասսայի մեջ, այլեւ լցվելով նրա մեջ, գրավեցին առաջատար դիրքեր նորաստեղծ պետության ու ժողովրդի քաղաքական, մշակութային, տնտեսական էլիտայում։ Հենց այդպես վարվեցին քրդերն ու թաթերը»։ Եթե 1921 թ. Ադրբեջանում քրդերի թիվը եղել է 32780, 1926-ին՝ 41000, ապա 1979 թ. մարդահամարով այստեղ քրդեր այլեւս չեն եղել։ Ադրբեջանի անկախացումից հետո նորից են քրդեր հայտնվել, ստեղծել կուսակցություն, որը փակվել է 2012-ին։ 1923 թ. հուլիսի 16-ին Հայաստանի եւ Արցախի միջեւ՝ ներկայիս Բերձորի, Քարվաճառի եւ այլ տարածքներում ձեւավորվել է Կարմիր Քուրդիստանը՝ 6 վարչական շրջաններով՝ Արաքսից մինչեւ Օմար։ Ներկայիս Քաշաթաղի շրջանի հատվածում Կարմիր Քուրդիստանի վարչական կենտրոնը նախ եղել է Փիրջահան գյուղը՝ Գողթանիկը, այնուհետեւ՝ Մինքենդը, հայոց Հակ գյուղը, որտեղ մինչեւ 1918 թ. հայերն ապրում էին քրդերի հարեւանությամբ։ Ի դեպ՝ այս գյուղից է եղել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին լուսժողկոմը՝ ազգությամբ քուրդ Նուրմամեդ-բեկ Շահսուվարովը, ում մասին նույնպես հիշատակվում է գրքում։ Հետագայում ադրբեջանցիներն այս ճանապարհին գտնվող աննշան Ավդալլար գյուղը վերանվանել են Լաչին եւ դարձրել վարչական կենտրոն։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս՝ կապված Արցախի իրավիճակի հետ։ Առաջիկայում լույս կտեսնի նաեւ Դավիթ Բաբայանի Արցախի ջրային անվտանգությանը նվիրված մենագրության երրորդ հրատարակությունը։ Արցախի՝ ջրային խնդիրներին վերաբերող հարց հնչեց ներկաների կողմից։ Այս խնդիրները միշտ են եղել ռազմավարական կարեւոր թեմա Արցախի համար, իսկ այսօր առավել լուրջ է հարցը։ Դ. Բաբայանը 2007 եւ 2018 թթ. հրատարակել է մենագրություն այս թեմայով։ Երրորդը լինելու է այսօրվան համահունչ։ Քարվաճառի եւ Քաշաթաղի տարածքներն անցել են թշնամու վերահսկողության տակ, իսկ այդ հատվածները համարվում են Մեծ Հայքի ջրառատ շրջանները։ Արցախի եւ Սյունիքի հարավարեւելյան մասի գետերի ավելի քան 90 տոկոսը սկիզբ է առնում հենց այդ տարածքից։ Արաքսի վտակ Հակարին վերին հատվածում սնվում է Աղավնո, Հոչանց, Շալուա վտակների ջրերով։ Տրտուի, Կարկառի եւ այլ գետերի ակունքները նույնպես մնացել են թշնամու տիրապետության տակ։ Այս առումով Դ. Բաբայանը կարեւորեց նաեւ գիտնականների դերը՝ Արցախի ջրային պաշարների խնդրի լուծման համար։ Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալու հետ կապված հարցին Դ. Բաբայանը նշեց՝ դա անհնար է։ Այո, խորհրդային տարիներին միասին ապրել ենք, կար Խորհրդային Միության կենտրոնական կառավարությունը, որը հսկում էր իրավիճակը։ Որոշ հարցեր արցախցիները լուծել են անմիջապես կենտրոնական ղեկավարների հետ։ Այսօր թուրքերի նպատակը պարզ է՝ Արցախը հայաթափել։ Իսկ ի՞նչ պետք է արվի: «Մենք մեր հողից երբեք չենք հրաժարվի,- ասաց Դ. Բաբայանը եւ հավելեց,-Ադրբեջանցի փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի երկու պայման կա: Պետք է լուծվեն բոլոր քաղաքական խնդիրները: Դա Արցախի ճանաչումն է, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից։ Երկրորդ՝ հայ փախստականները եւս պետք է կարողանան վերադառնալ Բաքու եւ ադրբեջանաբնակ այլ բնակավայրեր, որտեղից նրանց բռնի տեղահանել են։ Իսկ այս խնդրին ավելացել է նաեւ նորը՝ 44-օրյա պատերազմում հազարավոր արցախցիներ են տեղահանվել իրենց բնակավայրերից, կորցրել իրենց տունը, ունեցվածքը»։ Շուշիի թանգարանի վարիչի կողմից հնչեց հարց նաեւ Շուշիի ու Հադրութի օկուպացման մասին։ «Հարցը միշտ օրակարգում է՝ ինչպես Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Գետաշենի, Մարտունու շրջանների հատվածների հարցը։ Մենք հավատում ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Բայց պետք է աշխատել»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Եվրամիության կենտրոնական քաղաքում Արցախի պատվիրակությունը բարձրաձայնել է 2020 թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական, գերիների, պատանդների խնդիրների, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության եւ տարբեր այլ հարցերի մասին: Դ. Բաբայանն այս առումով ասաց. «Բնականաբար, Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնք մտահոգված են այն իրավիճակով, որը ստեղծվել է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հանցավոր եռամիասնության գործունեության հետեւանքով: Մենք այնտեղ ընդգծել ենք, որ 2020 թ. տեղի ունեցած ագրեսիան ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ է: Խնդիրը միայն ժամանակն է. մենք ուղղակի առաջինն էինք, հաջորդը լինելու են ուրիշները: Ե՞րբ դա կլինի՝ ցույց կտա ժամանակը: Բայց եթե քաղաքակիրթ աշխարհը աչք փակի բոլոր այդ գործողությունների, մշակութային ցեղասպանության վրա, որը տեղի է ունենում Արցախի օկուպացված տարածքներում, եթե Ադրբեջանի այդ քաղաքականության նկատմամբ անտարբեր վերաբերմունք լինի, ուրեմն այդ ժամանակն ավելի շուտ է գալու»։
Հանդիպման ընթացքում հատկապես կարեւորվեցին մեր ժողովրդի միասնությունը, գիտական ուժի ակտիվացումը։ Օրվա ընթացքում Դ. Բաբայանն առանձին հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահի՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։ Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության եւ այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար՝ կարեւորելով ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում։