Օրեցօր ավելի ակներեւ է դառնում, որ Ադրբեջանը վերադարձել է Արցախը զավթելու իր ավանդական քաղաքականության երկրորդ տարբերակին: Պաշտոնական Բաքուն հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում է արցախցիների բնական կենսագործունեությանը, մասնավորապես՝ Արցախի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով արգելում են գյուղատնտեսական, շինարարական եւ մյուս աշխատանքները: Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներն էլ, սոցիալական ցանցերում եւ հեռախոսազանգերով կապի դուրս գալով, փորձում են ահաբեկել արցախցիներին: Ադրբեջանի հատուկ ծառայությունները 44-օրյա պատերազմից հետո իրենց մոտ հայտնված հայկական հեռախոսային օպերատորների բազաներում առկա արցախցիների անձնական տվյալները, հեռախոսահամարները, ինչպես նաեւ բռնազավթած տարածքների վարչական մարմիններում եղած քաղաքացիների տվյալների բազաներն օգտագործում են Արցախի Հանրապետության քաղաքացիների վրա հոգեբանական ազդեցություն գործելու եւ վախի մթնոլորտ ստեղծելու համար: Այս քաղաքականությունը հին է եւ նպատակը մեկը՝ Արցախը հնարավորինս հայաթափել:
Արցախի էթնիկ կազմը փոխելու քաղաքականությունը եղել է մուսաֆաթական եւ խորհրդային Ադրբեջանների գոյության հիմնական նպատակը: 1914 թ. նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններում ապրում էր 167,1 հազ. մարդ, որի 81 տոկոսը հայերն էին, իսկ 17,8 տոկոսը` թյուրքալեզու էթնիկ խմբերը կամ թաթարները, մնացածը՝ ռուսներ, քրդեր եւ այլ ազգեր: 1918-20 թթ. ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Արցախի բնակչության թիվը կտրուկ նվազել է` 1921 թ. հասնելով 131,5 հազարի (94,4 տոկոս՝ հայեր), իսկ 1923-ին՝ ԼՂԻՄ-ի հռչակման տարում, 127,8 հազարի:
Խորհրդային Միության գոյության 70 տարիներին Ադրբեջանի վարած հետեւողական, նպատակային քաղաքականության հետեւանքով ԼՂԻՄ-ում ավելացել է ադրբեջանցիների թիվը: Եթե 1923 թ. հայերը բնակչության 94,4 տոկոսն էին, ապա 1989-ին նրանք արդեն կազմում էին ողջ բնակչության 76,9 տոկոսը: 1926 եւ 1989 թթ. մարդահամարների միջեւ ընկած ժամանակահատվածում ԼՂԻՄ-ում հայերի թիվն ավելացել էր 33,8 հազարով (աճը` 130,3 տոկոս), իսկ ադրբեջանցիներինը` 28,1 հազարով (աճը՝ 323 տոկոս): Արցախի բնակչությունը 1926-39 թթ. 125,3 հազարից ավելացել եւ դարձել էր 150,8 հազար, իսկ 1959 թ. մարդահամարով նվազել էր մինչեւ 130,4 հազարի: 1987 թ. հանրապետության բնակչությունը հասել էր 180 հազարի եւ ընդամենը երեք տարում՝ մինչեւ1990 թ., հասել էր առավելագույն թվին` 195,2 հազարի: Վերոնշյալ աճը հիմնականում արդյունք էր Բաքվից եւ Ադրբեջանի այլ շրջաններից հայերի բռնագաղթով ու Արցախի Հանրապետության տարածքում բնակվելով: Արդյունքում՝ մինչեւ արցախյան առաջին պատերազմն Արցախի Հանրապետությունում հայերը բնակչության 80 տոկոսն էին, իսկ ադրբեջանցիները՝ 20 տոկոսը: 2020 թ. դրությամբ Արցախի բնակչությունը 150 հազարից ավելի է, հիմնականում՝ հայեր:
Վերջին պատերազմի ժամանակ, տարբեր հաշվարկներով, 40-60 հազար արցախցիներ ժամանակավորապես լքեցին հայրենիքը: Նրանցից 40 հազարն Արցախի բռնազավթված տարածքներից գաղթածներն էին: Չնայած երկիրը լքածների հիմնական մասը վերադարձել է Արցախի տարածք, սակայն մի զգալի մասը դեռ մնացել է Հայաստանում եւ այլ, հիմնականում՝ ԱՊՀ երկրներում:
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները բռնագրավել են Արցախի տարածքների զգալի մասը, պաշտոնական Բաքուն նոր թափով է լծվել Արցախի էթնիկ կազմը փոխելու գործողություններին: Բացի այն, որ բռնագրավված տարածքները ջանալու են բնակեցնել ադրբեջանցիներով, Բաքվում ցանկանում են նաեւ հնարավորինս նվազեցնել Արցախի մյուս հատվածներում հայերի թիվը՝ դրա համար գործադրելով տարբեր ներազդող միջոցներ:
Այսօր Արցախի կարգավիճակի որոշման գործընթացում առաջնային գործոն է դառնում Արցախի էթնիկ կազմը: Գաղտնիք չէ, որ արցախցիների վերադարձը հայրենի բնօրրան ապահովելու համար պետք է այնտեղ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Առաջնային նպատակ պետք է սահմանվի Արցախում գրանցված ողջ՝ շուրջ 150 հազար քաղաքացիների բնակությունը հենց հանրապետության տարածքում: Վերջիններիս զգալի մասը, լինելով Արցախի քաղաքացիներ, ապրում էին Հայաստանում եւ հիմնականում ԱՊՀ մյուս երկրներում: Բուն Արցախից, ինչպես նաեւ Շահումյանից առաջին արցախյան պատերազմից հետո բռնի տեղահանվածների եւ հեռացածների թիվը վերջին 30 տարում էական աճ է գրանցել, եւ ռազմավարական խնդիր պետք է դարձնել նաեւ այլ երկրներում բնակվող արցախցիների նոր սերունդների վերադարձը հայրենիք, ինչի դեպքում հնարավոր կլինի բնակչության թիվը հասցնել 200 հազարի:
Այս առաջնածին նպատակին հասնելու համար պետք է պետական ճկուն ծրագրերի իրականացում: Դա միայն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի իշխանությունների խնդիրը չէ, այլեւ ողջ սփյուռքի առաջնային նպատակը պետք է լինի: Արցախի ապագան մեծապես կախված է արցախցիներից՝ նրանց հայրենադարձությունից: Դրա համար Արցախը պետք է նվազագույնը վերածվի ներդրումների համար ազատ տնտեսական գոտու, ինչը կխթանի արտադրության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը: Պետք է բարենպաստ միջավայր ստեղծվի արտասահմանում ձեւավորված արցախցիների կապիտալի՝ հայրենիք ներհոսքի համար: Այն կուղեկցվի նաեւ արցախցիների վերադարձով, իսկ վերջնարդյունքում՝ Արցախի կարգավիճակի հիմնահարցը կլուծվի արցախցիների վերջնական կամարտահայտությամբ, թեկուզ եւ այն կլինի արդեն երկրորդ անգամ: