Արցախցին ամենօրյա ռեժիմով շարունակում է պայքարել իր հայրենիքում ապրելու իրավունքի համար։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ. մարտի 6-ից սկսած ադրբեջանական զինուժը հետեւողականորեն հրետակոծում է Արցախի մի շարք բնակավայրեր, իսկ մարտի 9-ին եւ 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ եւ Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետեւանքով նախօրեին Խրամորթ գյուղի բնակիչն իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մեջքի շրջանում վիրավորում է ստացել հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից: Այս ամենը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի վարած ահաբեկչական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Դա արտահայտվում է նաեւ Արցախի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով, այդ թվում՝ բնակավայրերի մոտ ցուցադրաբար ծանր տեխնիկա կուտակելով։
«Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն եւ մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաեւ, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսեւորում է։ Մյուս կողմից՝ սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը»,- երեկ գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ հայտարարելով, որ վերոնշյալ դեպքերի մասին տեղեկություններն ուղարկելու է համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ նշել էր, որ միջազգային գործընկերները պետք է այս առնչությամբ իրենց հրատապ արձագանքը հայտնեն, քանի որ եթե այդ դեպքերը դիտարկվեն որպես սովորական սադրանք, ապա կրկնությունը լինելու է շատ ավելի վտանգավոր։
Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրել էր արտահերթ նիստ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ, բնականաբար, ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ազգային ժողովը հանդես կգա հայտարարությամբ. «Օրակարգը նախատեսում է նաեւ մտքերի փոխանակություն, որտեղ արդեն յուրաքանչյուրն ըստ ցանկության կարող է ներկայացնել կուսակցության, խմբակցության կամ իր անձնական դիրքորոշումը։ Թե ինչ զարգացումներ կլինեն նիստի ժամանակ, այս պահին դժվար է հստակ ասել։ Առնվազն հայտարարություն նախատեսված է, մնացածը ցույց կտա ընթացքը»։
Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրացմանը, Հակոբյանը նշեց, որ զարգացումները նոր չեն սկսվել։ Իրականությունն այն է, որ, ապրելով Արցախում, չեն էլ զգացել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո պատերազմը դադարել է կամ գնում ենք դեպի «խաղաղության դարաշրջան»։ «Արցախում մենք ենք ապրում եւ շատ լավ տեսնում ենք, որ Ադրբեջանը նման մտադրություն չունի։ Նրանց նպատակն է այստեղից ընդհանրապես բնաջնջել հային եւ տիրանալ ամբողջ Արցախին։ Դրանից ելնելով մենք մինչեւ վերջին դեպքերը իրավիճակը բնորոշում էինք որպես ժամանակավոր լռության շրջան։ Բնութագրումները տարբեր են, բայց ոչ երբեք խաղաղություն»,- ասաց զրուցակիցս՝ հավելելով, որ Արցախն այսօր հայտնվել է մեկուսացման մեջ, որը ճեղքելու համար փորձում են ինչ-որ ճանապարհներ գտնել։
Արցախում Ադրբեջանի կողմից մարդու եւ հումանիտար իրավունքների խախտումների, կյանքի եւ անվտանգությանն ուղղված սպառնալիքների նկատմամբ միջազգային հանրությունը լուռ է։ Հակոբյանը ցավով արձանագրեց, որ պատերազմի 44 օրերի ընթացքում, երբ փորձում էին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները միջազգային հանրության համարժեք արձագանքն ունենալու համար, սակայն լավագույն դեպքում ստանում էին երկու կողմերին ուղղված կոչեր եւ հանդարտեցման հորդորներ։ «Անհասկանալի էր, թե ինչով է մեղավոր հայկական կողմը, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ հարձակվել է եւ սպանում ու ոչնչացնում է իր հայրենիքում բնակվող հային։ Հիմա այլեւս չենք ակնկալում, որ միջազգային հարթակներից, հատկապես մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող Արեւմուտքից աջակցություն կստանանք՝ ուղղված Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանությանը»,- ասաց նա՝ նշելով, որ արցախցիների ձայնը եւ շահերը բարձրացնում է ռուսական կողմը, իսկ մերթ ընդ մերթ էլ՝ Ֆրանսիայից անհատ գործիչներ են փորձում լսելի դարձնել իրենց ձայնը, սակայն դա բավարար չէ, քանի որ պետք է լինի տվյալ երկրի պետական դիրքորոշումը։
Իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը՝ շեշտելով, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը, ինչը խուճապ առաջացնելու նպատակ ունի։ Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։ Արցախի ԱԽ-ն անդրադարձել է նաեւ ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ իբր Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների։ Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում բավականին անկաշկանդ եւ ցինիկաբար քննարկում են թե՛ գազատար խողովակի պայթեցման, թե՛ Արցախի ամբողջական տարածքի բռնազավթման հարցերը։ Հանրային եւ տեղեկատվական նմանատիպ տրամադրությունները ի չիք են դարձնում անգամ աննշան հույսը, թե Ադրբեջանը՝ ինչպես իշխանությունները, այնպես էլ հասարակությունը, պատրաստ է խաղաղ համագոյակցության։ Մասնավորապես, տեղեկատվական հարթակներից մեկը գրում է, թե Արցախում հայերը գտնվում են այսպես ասած՝ «գնդակահարման միջանցքում», ապա հավելում, որ «հայերը ստիպված են լինելու մանաթով վճարել Ադրբեջանին էլեկտրաէներգիայի եւ գազի համար», քանի որ Քարվաճառով եւ Բերձորով Արցախ գնացող բոլոր կոմունալ ծառայությունները նախատեսում են «կտրել»։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, եւ չպետք է անարձագանք մնան։ «Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի եւ ահաբեկչության համակցում է»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։