1988-ի ազատագրական պայքարի առաջին օրերից սկսած Արցախը ծանր, ճակատագրական պահեր շատ է ունեցել եւ արժանապատվորեն հաղթահարել է ամեն զրկանք ու դժվարություն, դիմակայել բոլոր փորձություններին՝ չկորցնելով հավատը վերջնական հաղթանակի նկատմամբ:
Կամային այդ հատկանիշները մարդիկ դրսեւորել են դարեր շարունակ: Հարազատ հողի վրա ապրել են ու մաքառել, եւ թշնամին երբեք չի կարողացել ծնկի բերել ժողովրդին: Այսօր էլ երեք պատերազմի միջով անցած եւ անդառնալի կորուստներ կրած Արցախը, թեկուզեւ զարկված ու վիրավոր, հավքի պես նորոգելով իր բույնը, թեւերի տակ է առել զավակներին եւ, բուժելով վերքերը, գոյատեւում է, արարում, ընդվզում իր իրավունքների համար՝ արդար եւ ազնիվ վճիռ ակնկալում միջազգային կառույցներից: Ցավոք, միշտ չէ, որ նրա ձայնը տեղ է հասնում…
Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ ու վտանգավոր զարգացումներով պայմանավորված՝ ժողովուրդը ստիպված է դիմակայել ամենատարբեր մարդահրավերների, որոնք շղթայական բնույթ են կրում՝ նպատակ ունենալով ահաբեկել եւ հայաթափել Արցախը: Իսկ սանձարձակ թշնամին ոչ մի հանցանքի առաջ կանգ չի առնում՝ բացահայտ դիմելով նոր սադրանքների եւ խարդավանքների: Վերջին շրջանում արցախաադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի ռազմական ակտիվացումը ասվածի ապացույցն է:
Ականանետներից ու ամենատարբեր զենքերից գնդակոծվում են սահմանամերձ բնակավայրերը, հայերենով ահաբեկչական եւ սպառնողական տեքստեր հնչեցվում հայերի հասցեին, «զգուշացվում» կամովին հեռանալ, այլապես՝ ուժով ստիպված կլինեն տեղահանել: Իսկ դաշտերում եւ այգիներում աշխատող մարդկանցից քանի-քանիսն են վիրավորվել կամ զոհվել: Հիշենք օրեր առաջ տեղի ունեցած հրեշավոր դեպքերը Ասկերանի շրջանի Խրամորթ, Խանապատ եւ Նախիջեւանիկ գյուղերում, Մարտակերտում, Մարտունու շրջանի, Նոր շեն, Թաղավարդ, Կարմիր շուկա եւ այլ բնակավայրերում: Անհնար է «մոռանալ» եւ Շուշիի մերձակայքում խաղաղապահների ջրատարը նորոգելու ժամանակ 20-ամյա հայ երիտասարդի դաժան սպանությունը: Ո՞ր մեկը թվարկես…
Ակնհայտ է, որ ՊԲ զինծառայողների հետ մեկտեղ հակառակորդի լայնածավալ հարձակումները կանխող եւ բնակչության անվտանգությունը երաշխավորող ուժն Արցախում համարվում է ռուս խաղաղապահների զորագունդը, որը պատվով է իրականացնում իր առաքելությունը: Հաշվի առնելով թշնամու նախահարձակ, հանցավոր գործողությունների աճի միտումը, հրամանատարությունը նոր հենակետեր է տեղադրել սահմանամերձ որոշ բնակավայրերում, որտեղ շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Ուժեղացվել է նաեւ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից իրականացվող հսկողությունը: Սակայն հակառակորդն արկածախնդիր է ու նենգ, եւ անկայուն, անկանխատեսելի մեր ժամանակներում, երբ դեռ հակամարտությունը կարգավորված չէ, վտանգները միշտ անխուսափելի են տարածաշրջանում…
Դատելով ադրբեջանցի ծայրահեղականների գործողություններից, որոնք երբեմն արտահայտվում են ռուս-ուկրաինական հակամարտության սրացման համայնապատկերին, դժվար չէ ենթադրել նրանց հավակնությունները լարվածությունն ուժեղացնելու, արցախցիներին հումանիտար աղետ «պարտադրելու», տնտեսությունը կաթվածահար անելու, մարդկանց իրավունքները ոտնահարելու, նրանց կենսական պայմանները խաթարելու ու երկրում հուսալքության մթնոլորտ ստեղծելու ջանքերում: Փորձելով հոգեբանորեն ներազդել եւ ստիպել մարդկանց լքել մշտական բնակավայրերը, արգելափակում է բջջային կապը, խլացնում Արցախ հեռարձակվող հեռուստահաղորդումները, կոտրում ինչպես պետական կառույցների, այնպես էլ ֆեյսբուքյան օգտատերերի էջերը, սպառնում ահաբեկչությամբ եւ թշնամական այլ կոչերով:
Հայերի նկատմամբ ատելությունը բորբոքելու եւս մի պատրվակ դարձավ Հայաստանից Արցախ ձգվող միակ գազատարի վնասումը, որն առեղծվածային եւ անհավանական սադրիչ նպատակներ հետապնդող քայլերի հետ է կապված: Երկրորդ շաբաթն է, ինչ ամբողջ հանրապետությունը զրկված է գազամատակարարումից: Բնակարանները, կենսական նշանակության հիմնարկները, հիվանդանոցներն ու ուսումնական հաստատությունները չեն ջեռուցվում, խաթարված է գազալցակայանների, արտադրական ձեռնարկությունների գործունեությունը, խանութներում հաց ու հացամթերք առիթից առիթ են հայտնվում: Սահմանափակ գրաֆիկով է աշխատում հասարակական տրանսպորտը: Բենզինի բարձր գնի պատճառով քմահաճ են դարձել եւ տաքսու վարորդները, ովքեր ծառայության դիմաց «լրացուցիչ» գումար են պահանջում…
Չնայած խաղաղապահների միջնորդական ջանքերին, ադրբեջանցիները «Արցախգազի» մասնագետներին չեն թույլատրում մոտենալ խողովակաշարին եւ սկսել վերականգնողական շինաշխատանքները: Գրեթե անարձագանք են մնում Արցախի խորհրդարանի, արտգործնախարարության, հասարակական կազմակերպությունների կողմից՝ հումանիտար աղետը երկրում կանխելու վերաբերյալ միջազգային կառույցներին ուղղված դիմումներն ու հայտարարությունները: Իսկ ձմեռը կարծես երկարում է, եւ աշխարհն առայժմ ջերմություն չի խոստանում Արցախին…