Մեր ժամանակներում տեղեկատվական պատերազմներն օրինաչափ երեւույթ են դարձել։ Դրանց ազդեցությունն առավել էական է դառնում պատերազմների ժամանակ, քանի որ անմիջականորեն ներազդում են մարդկանց պատկերացումների, մոտեցումների եւ կարծիքների ձեւավորման վրա։ Այդ ամենի արդյունքում մարդկանց գիտակցության մեջ առաջանում են իրականության բոլորովին այլ պատկերներ, քան կան գործնականում։
Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտությունը ներառում է նաեւ տեղեկատվական պայքարի բաղադրիչը։ Այդ շրջանակներում որոշ երկրներում արգելվում է ռուսական լրատվական ռեսուրսների գործունեությունը, նույնը տեղի է ունենում Ռուսաստանում։ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) նախօրեին՝ մարտի 16-ին, Ռուսաստանում արգելափակել էր ադրբեջանական «Haqqin» տեղեկատվական եւ վերլուծական պորտալի, իսկ երեկ նաեւ ադրբեջանական «minval.az» կայքի հասանելիությունը։ «Ռոսկոմնադզորը» հիմնավորել է կայքը արգելափակելու որոշումը դաշնային օրենսդրությամբ, որի համաձայն՝ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է անկարգությունների, ծայրահեղականության կոչեր, ինչպես նաեւ կեղծ տեղեկությունների տարածման համար: Որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության խնդրանքով։ «EADaily»-ի հաղորդմամբ, արդեն իսկ արգելափակել են ավելի քան տասը օտարերկրյա լրատվական կայքեր, այդ թվում՝ երկու իսրայելական տեղեկատվական եւ վերլուծական պորտալներ, ինչպես նաեւ իսրայելական 9-րդ ալիք հեռուստատեսության ռուսերեն հեռարձակումը:
Խնդիրն այն է, որ Ադրբեջանում եւ Իսրայելում որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ ռուսալեզու հրապարակումները վերոնշյալ երկրներում բացահայտ արտահայտում են իրենց հակառուսական դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Օրինակ, ադրբեջանական «հաքքին.ազը» Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության «ռազմական հատուկ գործողություն» ձեւակերպումն օգտագործում է միայն չակերտների մեջ, միեւնույն ժամանակ տարածում է ուկրաինական ռազմական հետախուզության հաղորդագրությունն այն մասին, թե «Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40 հազար մարտիկ՝ Ուկրաինայի պատերազմի համար։ Մոտ ապագայում Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է զենք, ռազմական տեխնիկա եւ այլ ռեսուրսներ Սիրիայից տեղափոխել Բելառուս եւ նրա տարածքներ՝ ռուսական օկուպացիոն ուժերին ապահովելու համար»։
Հատկանշական է, որ հակառուսական ձեւակերպումներն ու տեղեկատվական քարոզչությունն Ադրբեջանն իրականացնում է անգամ Ռուսաստանի Դաշնության հետ փետրվարի 22-ին Մոսկվայում «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի ստորագրումից հետո։ Այն, որ պայմանավորվել են «ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը, կողմերից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը եւ դաշնակցային հարաբերություններին», ադրբեջանական կողմին կարծես թե չի մտահոգում։ Հայտնի է, որ Ադրբեջանում բոլոր լրատվական հոսքերը, սոցիալական հարթակները վերահսկվում եւ կառավարվում են երկրի իշխանությունների կողմից, հետեւաբար իրականացվող քարոզչությունը բխում է Ադրբեջանի պետական մոտեցումներից, որոնք համապատասխան տրամադրություններ են ձեւավորում իրենց հասարակության ներսում։