Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ արցախա-ադրբեջանական շփման գիծը Ադրբեջանի զինուժի կողմից խախտելու փաստը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթի կոպիտ խախտում է: Այն կատարվում է ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում: Այս երկու փաստը խոսում են մեկ բանի մասին՝ պաշտոնական Բաքուն Մոսկվայի դեմ դեմարշ է իրականացնում:
Ադրբեջանական ուժերը փաստացի ներխուժել են այն տարածք, որտեղ ռուս խաղաղապահները եռակողմ հայտարարության հիման վրա ապահովում են անվտանգություն եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը, օգտվելով ուկրաինական ճգնաժամից, որ Ռուսաստանի ուշադրությունը սեւեռված է այնտեղ ծավալվող հատուկ ռազմական գործողությունների վրա, խախտում է մի պայմանագրի պահանջ, որտեղ ՌԴ-ն ոչ միայն կողմ, այլեւ դրա կատարման երաշխավորն է: Ադրբեջանական մամուլով Ուկրաինային սատարելու եւ հակառուսական քարոզչություն ծավալելու Բաքվի բացահայտ քայլերի համապատկերին Փառուխի ուղղությամբ շփման գիծը խախտելու գործողությունները լիովին օրինաչափ են: Այս դեպքն ամբողջությամբ տեղափոխվում է Մոսկվայի տիրույթ, քանի որ Բաքուն իր գործողություններով սկսում է աշխարհին եւ Ռուսաստանին ազդակներ ուղարկել, թե Հարավային Կովկասում նրա ազդեցությունը, մեղմ ասած, այն չէ, ինչ ամրագրված է փաստաթղթերում:
Ուկրաինական հակամարտությունից ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիր ստորագրեց հենց վերոնշյալ երկու խնդիրների՝ Ուկրաինայի օգտին գործողություններից Բաքվին զերծ պահելու եւ իր խաղաղապահ առաքելության գոտում կայուն իրավիճակ ունենալու համար: Բաքուն այսօր փաստացի խախտում է հենց այս հիմնական պայմանները:
Ադրբեջանն իր այս գործողությունները զուգակցում է անորակ քարոզչությամբ: Վերջինիս ուկրաինամետ պահվածքի հետեւանքով ռուսական մամուլում ոչ պատահական, արդեն նպատակաուղղված կարծիքներ են շրջանառվում, թե Ուկրաինայից հետո ՌԴ հաջորդ թիրախը կլինի Ադրբեջանը: Սրան ի պատասխան Ադրբեջանի քարոզչամեքենան իր մամուլի էջերում առաջնորդող վերլուծականներ է հրապարակում, որոնց վերնագրերում ասվում է, թե ՌԴ-ի հաջորդ թիրախը միջինասիական երկրներից որեւէ մեկն է լինելու: Պարզ է, որ ակնհայտ արհեստական ու հիմքեր չունեցող նման թեզ հրապարակ բերելով՝ պաշտոնական Բաքուն պարզունակ քայլ է կատարում իր հակառուսական գործողությունները քողարկելու եւ իրեն ուղղված ռուսական մամուլի ակնարկների սուր ծայրն իրենից հեռացնելու համար:
Այդ քարոզչական հնարքն այնքան մերկ է, որ ցանկացած տրամաբանող անհատի մեջ բանական տարակուսանք կառաջացնի, թե ո՞ւմ համար է այն ընդհանրապես հորինվել: Միամտություն կլիներ կարծելը, թե նման հրապարակումներով ՌԴ-ն կհամոզվի, որ Ադրբեջանն իր դեմ չի աշխատում, այլ միջինասիական ինչ-որ երկիր է աշխատում: Միանշանակ է, որ Ադրբեջանի այսօրվա գործողություններն ուղղված են բացառապես Ռուսաստանի դեմ, քանի որ Ուկրաինայից դուրս ՌԴ պատասխանատվության որեւէ գոտում ստատուս քվոյի դեմ կամ իրավիճակի լարմանն ուղղված ցանկացած գործողություն չի բխում ՌԴ-ի շահերից: Ուկրաինական հակամարտության համապատկերին նույնիսկ Սիրիայում է իրավիճակն էականորեն հանդարտվել, այն դեպքում, երբ Հարավային Կովկասում Ադրբեջանը փորձում է ամեն կերպ լարել այն՝ գազատարը պայթեցնել-փակելով եւ շփման գիծը խախտելով:
Մյուս կողմից էլ Բաքվի այս քայլերը լիովին տեղավորվում են Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող բազմավեկտոր գործողությունների համատեքստում, եւ գերագույն ցանկության դեպքում էլ Մոսկվան չի կարող այն չնկատել եւ հաշվի չառնել, առավել եւս, որ Ուկրաինայի Ռադան սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հասցրել է ողջունել ադրբեջանական զինուժի՝ Արցախի գյուղեր ներթափանցելու գործողությունները:
Բաքուն այս անգամ ցերեկը առանց կրակոցի խախտեց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները: Լավ ծանոթ լինելով Ադրբեջանի նենգ գործելաոճին՝ ենթադրում ենք, որ այդ քայլը հետախուզական էր, նա ստուգում է ՌԴ արձագանքը, եւ եթե ռուսական համարժեք պատասխանը չլինի իր դեմ ուղղված այդ սադրանքին, ապա վաղը դրան հետեւելու են ավելի ագրեսիվ եւ արհամարհական քայլեր: Այստեղ «ռուսական արջի» համբերատարության մասին թեզը չի աշխատի, քանի որ իրադարձությունների արագ զարգացումներն այդ հնարավորությունը չեն տալիս, մյուս կողմից էլ հենց Պուտինն է հայտարարել, որ եռակողմ հայտարարությունների դրույթների չկատարումը դեպի պատերազմ տանող ուղիղ ճանապարհ է:
Մարտի լույս 25-ի գիշերը, իր գործելաոճին հավատարիմ, Ադրբեջանը նաեւ կրակեց Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, ինչին հետեւել են նաեւ հայկական կողմի պատասխան գործողությունները, եւ ինչի արդյունքում ադրբեջանցիները կորուստներ են կրել: Ադրբեջանական կողմի նման սադրանքներին հայկական կողմի պատասխանն անխուսափելի էր: Մինչ այս Արցախի պաշտպանության բանակը, հետեւելով եռակողմ հայտարարության դրույթներին եւ հարգելով ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունը, չէր պատասխանում ադրբեջանական զինված ուժերի գործողություններին: Բաքվի նման քայլերի շարունակումը կբերի օրինաչափ հակազդեցության, իրավիճակի շիկացման, ինչն անխուսափելիորեն կենթադրի ՌԴ միջամտություն՝ իր բոլոր հետեւանքներով: