Արդեն վեցերորդ օրն է, ինչ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ եւ Փառուխ գյուղերում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանը շարունակելով Արցախի դեմ ցեղասպան իր քաղաքականությունը, նպատակին հասնելու համար ոչ մի հանցանքի առաջ կանգ չի առնում: Չբավարարվելով շաբաթներ առաջ Հայաստանից՝ դեպի Արցախ մուտք գործող գազատարի խափանմամբ, ինչը հումանիտար աղետի պատճառ դարձավ ամենածայրահեղ դրսեւորումներով, խախտելով հրադադարի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը հատեցին շփման գիծը եւ ներխուժեցին Փառուխ բնակավայրը:
Ըստ ԱՀ տեղեկատվական շտաբի՝ առայժմ ռուս խաղաղապահներին չի հաջողվել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին վերադարձնել ելման դիրքեր, եւ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Միաժամանակ չեն դադարում թշնամու առաջխաղացման փորձերը Շիկաքարի ռազմավարական նշանակության բարձունքների նվաճման համար: Մարտի 26-ի գիշերը թեժ մարտեր են ընթացել կողմերի միջեւ Քարագլուխ բնակավայրի ուղղությամբ, հայկական ջոկատները հիմնականում կասեցրել են հակառակորդի հարձակումները: Ցավոք, դաժան, անհավասար մարտերում անհնար է եղել խուսափել կորուստներից:
Ադրբեջանցիներն ամեն կերպ ձգտում են տիրանալ Քարագլխի բարձունքին, որի նվաճումը ճակատագրական կարող է լինել արցախցիների համար: Ամրանալ Շիկաքարում եւ ռազմական նոր կառույցներ ապահովել այնտեղ, ռազմագետների համոզմամբ, նշանակում է մինչեւ Խաչենի հովիտ ամբողջովին վերահսկողության տակ առնել Ասկերանի շրջանի գրեթե բոլոր բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը եւ թիրախավորել ողջ խաղաղ բնակչությանը: Դժբախտաբար, Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին արտերկրից շատ քչերն են արձագանքում: Միջազգային հանրություն կոչվածը շարունակում է անտարբեր մնալ արցախցու ցավի եւ իր հողում անվտանգ ապրելու պահանջի նկատմամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ադրբեջանական կողմին ուղղված «հորդորները» նույնպես տեղ չեն հասնում…
Ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու, Արցախի խաղաղ բնակչության սպանդը կանխելու եւ անվտանգությունը լիարժեք ապահովելու նպատակով ԱՀ նախագահ Ա. Հարությունյանն Անվտանգության խորհրդի անունից դիմել է ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝ խաղաղապահ զորագնդի կազմը եւ զինտեխնիկայի քանակն ավելացնելու խնդրանքով: Նրանում մասնավորապես նշվում է, որ ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնության դրույթներից, խնդրվում է լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստեղծել՝ ադրբեջանական զինված ուժերի օրեցօր աճող ռազմական նկրտումները զսպելու, Արցախի արեւելյան սահմանի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիան հետ մղելու ու ելման դիրքեր վերադարձնելու համար:
Թշնամու հերթական հանցագործությունները դատապարտելու ու պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել ԱՀ արտգործնախարարությունը եւ Մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական մի շարք կազմակերպություններ: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը եւ Արցախի բնակչության ֆիզիկական գոյության հետագա ճակատագրին, անվտանգության ապահովման պահանջով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» հասարակական կազմակերպությունը հրավիրել է հանրահավաք, որտեղ ելույթ ունեցողները կոչ են արել համայն աշխարհի հայությանը՝ համախմբվել եւ կանգնել Արցախի կողքին, թույլ չտալ նոր ցեղասպանություն:
«Ճակատագրական այս պահին առավել զգոն, համախմբված եւ միաբան լինելու, վտանգված հայրենիքը նենգ թշնամուց փրկելու» կոչով ժողովրդին է դիմել Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Հավելենք, որ երկիրը գտնվում է ռազմական դրության պայմաններում, եւ ԱՀ նախագահի հրամանագրով հանրապետությունում արգելված են հանրահավաքներն ու գործադուլները:
Արցախի Հանրապետության նախագահ Ա. Հարությունյանը նախօրեին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ երկրում առկա ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը: Նախագահը հանդիպել է նաեւ խորհրդարանի պատգամավորների հետ ու նրանց ներկայացրել իրադրությունը շփման գծում: Նա ընդգծել է, թե բոլոր մակարդակներով տարվում են համապատասխան աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար եւ հոգեբանական գործողությունները դադարեցնելու, Արցախում բնականոն կյանքը վերադարձնելու ուղղությամբ: Երկրի ղեկավարն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ ու Խանապատ համայնքներ եւ բնակիչների հետ քննարկել նրանց մտահոգող խնդիրները: