Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը յուրաքանչյուր տարվա վերջին հրապարակում է զեկույց՝ անդրադառնալով տվյալ տարվա հակամարտություններին ու պատերազմներին, որոնցում առկա է ցեղասպանության սպառնալիքը: 2022 թ. վերջին հրապարակվել են նաեւ ռուս-ուկրաինական, արցախա-ադրբեջանական ու հայաստանա-ադրբեջանական հակամարտություններին վերաբերող վերլուծություններ։ Ստորեւ՝ այդ վերլուծությունները։
2022 թ. ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը բախվեց իր տարածքային ամբողջականությանը սպառնացող թուրք-ադրբեջանական տանդեմին։ Սեպտեմբերի 13-ին, խախտելով 2020 թ. եռակողմ հրադադարի համաձայնագիրը, ադրբեջանական զինուժը հարձակում գործեց ՀՀ արեւելյան կողմի հայկական քաղաքների վրա՝ սարսափելի վայրագություններ կատարելով հայ զինվորների ու ռազմագերիների նկատմամբ, որոնք նկարահանվել եւ լայնորեն տարածվել են ադրբեջանական սոցցանցերում։ Նման վայրագությունները նկարահանելն ու տարածելը դեռեւս 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում էր իրականացվում։ Չնայած արտաքին աշխարհը համեմատաբար արագ գործեց սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ, Ադրբեջանը դեռեւս զավթած է պահում ինքնիշխան Հայաստանի տարածքի որոշ, ինչպես նաեւ Արցախի կարեւոր հատվածներ` ներառյալ Շուշի քաղաքը։ Դեկտեմբերի 12-ից շրջափակել է նաեւ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Դա, դժբախտաբար, արագ աղետի վերածվելու միտում ունի։ Ադրբեջանի նախագահի վարչակարգը բացահայտորեն քարոզում է բռնի հակահայկականություն իր ժողովրդի շրջանում՝ միաժամանակ ներկայանալով որպես արտաքին աշխարհի հանդեպ հանդուրժողականության պատվար: Ուկրաինայի պատերազմը «քաջալերել» է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ ագրեսիվ կերպով առաջ մղել Սյունիքի մարզով ցամաքային միջանցքի («Զանգեզուրի միջանցք») գաղափարը։ Նրանք բացահայտ սպառնում են հայկական պետությանը պատերազմով, օկուպացիայով ու ցեղասպանությամբ։ Մի քանի կազմակերպություններ, այդ թվում՝ Լեմկինի ինստիտուտը, աշխարհի ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ցեղասպանության սպառնալիքի վրա։ Այնուամենայնիվ, որոշ ազդեցիկ պետություններ եւ կառույցներ շարունակում են բացահայտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին:
2020 թ. նոյեմբերին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը պահպանելու իր պարտավորությունները։ Խախտելով միջազգային իրավունքը եւ հրադադարի համաձայնագիրը՝ Բաքուն հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին: 2022 թ. հուլիսի դրությամբ, համաձայն զեկույցի տվյալների, Բաքվի բռնապետական ռեժիմը դեռեւս գերության մեջ է պահում 3 խաղաղ բնակիչների եւ 35 ռազմագերիների՝ նրանց ենթարկելով անօրինական քրեական դատավարությունների։ Գրեթե ամեն օր Ադրբեջանը կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում՝ ստեղծելով մշտական վախի եւ անորոշության իրավիճակ։ Հումանիտար մեկ այլ աղետ վրա հասավ, երբ ադրբեջանցիները, որոնք ներկայանում էին իբրեւ բնապահպաններ, փակեցին Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը 120 հազ. արցախցիներին կապում է Հայաստանի ու աշխարհի հետ: Առաջին շրջափակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին եւ տեւեց մի քանի ժամ։ Երկրորդ շրջափակումն սկսվել է դեկտեմբերի 12-ին՝ մեկուսացնելով տարածաշրջանի ողջ հայ բնակչությանը եւ ամբողջությամբ զրկելով սննդի, դեղորայքի եւ մարդկային տարրական կարիքների համար նախատեսված ապրանքների մատակարարումից։ Ցավոք, Ստեփանակերտից Գորիս ճանապարհը դեռեւս փակ է մնում։ «Freedom House»-ի կողմից Ադրբեջանը դասվել է աշխարհի ոչ ժողովրդավար ու բռնապետական երկրների շարքին։ Անցած տարիներին այն ուժեղացրել է լրագրողների, իրավապաշտպանների, էթնիկ փոքրամասնությունների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ հետապնդումները՝ օգտագործելով ներքին, ինչպես նաեւ անդրազգային բռնաճնշումները՝ ճնշելու այլախոհությունը:
2022 թ. Թուրքիան պարբերաբար ռմբակոծությունների տակ է պահել Հյուսիսային Սիրիայի եւ Իրաքի՝ քրդերի, եզդիների եւ ասորիների պատմական տարածքները, ինչը սարսափելի հետեւանքների է հանգեցրել: Մինչ Թուրքիան պնդում է, որ պայքարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) քուրդ զինյալների դեմ, Թուրքիայի նախագահը հստակ հասկացրել է, որ Անկարան տարածքային ծավալապաշտական նպատակներ ունի: Թուրքիան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականությանը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում եւ պարբերաբար սպառնում է Հունաստանին։ Բացի 1915 թ. Հայոց ցեղասպանության իր համառ ժխտումից, Անկարան ակտիվորեն համագործակցում է Բաքվի ռեժիմի հետ՝ ոչնչացնելու արցախահայության անկախության պահանջները եւ վերացնելու հայկականության բոլոր հետքերը Հարավային Կովկասում: Լեմկինի ինստիտուտը համագործակցել է «Genocide Watch»-ի հետ՝ կոչ անելով արեւմտյան առաջնորդներին խստորեն արձագանքել Թուրքիայի կողմից Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի ժողովրդի դեմ ցեղասպանության սպառնալիքին՝ ճանաչելով այն:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու որոշմամբ Ռուսաստանը թեւակոխել է ծայրահեղ ծանր մի փուլ։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի ազդեցության գոտիներ, ինչը էքզիստենցիալ սպառնալիք է առաջացրել, նպաստել է Ուկրաինայում ցեղասպանության վտանգին, քանի որ ցեղասպանությունը հաճախ ընկալվում է որպես էքզիստենցիալ սպառնալիքների հետեւանք: Միջուկային զենքի կիրառման անհանգստությունների հետ մեկտեղ վախ կա, որ ներկայիս հակամարտությունը կարող է տարածվել դեպի Բալկաններ եւ Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա՝ մեծ տերություններին ներքաշելով նոր համաշխարհային պատերազմի մեջ: Լեմկինի ինստիտուտն աշխատում է Ուկրաինայում ու Ռուսաստանում տարատեսակ հասարակական կազմակերպությունների հետ՝ հնարավորինս կանխարգելելու երեխաների իրավունքների խախտումները։
2022 թ. Ուկրաինայի համար ողբերգական տարի էր՝ ուկրաինական քաղաքների պաշարում, ուկրաինացի խաղաղ բնակիչների տեղահանում, ուկրաինական ազգային խորհրդանիշների թիրախավորում, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում: Եվրոպական երկրները, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ընդունել են բազմաթիվ ուկրաինացի փախստականների։ Այնուամենայնիվ, ցավոք, պատերազմը շարունակվում է, երբ կողմերը գնալով ավելի ու ավելի կործանարար միջոցներ են ձեռնարկում միմյանց դեմ:
Այսպիսով՝ նման զեկույցների նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում ցեղասպանության վտանգի մասին եւ ցույց տալ, թե ինչպես որոշակի իրադարձություններ, որոնք սովորաբար ընկալվում են որպես պարզապես մարդու իրավունքների խախտումներ, կարող են նպաստել ցեղասպանական քաղաքականությանը: Ուստի հեղինակավոր կազմակերպություններից պահանջվում է համապատասխան գործողություններ ու մարտավարություն մշակել պատերազմներն ու ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ։