Պետության գործերում մանրուքներ չկան։ Որեւէ ոլորտի որեւէ խնդիր, որ մանրուք է թվում, հետագայում կարող է լրջագույն խնդրի վերածվել՝ իրապես մարտահրավերներ ստեղծելով պետության անվտանգության համար։
Օրինակ՝ երբ սահմանազատումից եւ սահմանանշումից (միջազգային տերմինաբանությամբ՝ դելիմիտացիա եւ դեմարկացիա) խոսում է մեկը, ով չի տարբերում այս երկու եզրույթները, դա կարող է չափազանց վտանգավոր լինել, եթե խոսողը տվյալ գործընթացում ներառված պատասխանատու անձ է։ Եթե սահմանազատումից ու սահմանանշումից խոսեն գործընթացում ներառված մարդիկ, ովքեր 1. չեն տարբերում վարչական ու պետական սահմանները, 2. գաղափար անգամ չունեն սահմանազատման սկզբունքներից, 3. չգիտեն՝ ինչ ասել է քարտեզ կարդալ, քարտեզ կեղծել, կեղծման նպատակները, թե հատկապես քարտեզներում ինչն ու ինչու է կեղծվում, 4. պատկերացում չունեն, որ քարտեզները երբեք որպես առանձին փաստաթուղթ հանդես չեն գալիս, դրանք կամ մաս են կազմում այլ փաստաթղթերի, կամ հանդես են գալիս որպես հավելված, լրացուցիչ նյութ, 5. չեն հասկանում, որ GPS-ով սահման չի որոշվում, 6. լսած անգամ չկան, որ սահմանազատման գործընթացը կարող է տասնամյակներ տեւել, որ միջազգային փորձում այս ոլորտում որեւէ շտապողականություն չկա, 7. որ քանի դեռ փաստաթղթերը վավերացված չեն երկու կողմերի լիազոր մարմինների կողմից, ցանկացած պայմանավորվածություն հիմք չէ, ապա՝ այս ամենը կարող է ոչ թե գլխացավանք, այլ իսկական փորձանք դառնալ պետության գլխին՝ պաշտպանական լրջագույն խնդիրներով հանդերձ։
Տարիներ առաջ կադաստրի ոլորտում աշխատող մասնագետներից մեկը, ով ներգրավված էր Ազգային ատլասի ստեղծման աշխատանքներում, մեզ մի դեպք պատմեց. միջազգային ինչ-որ ծրագրով մեկնում են Իտալիա, մասնագիտական խմբին տանում են Պոմպեյի պատի մոտ, դե՝ քարե քարտեզ ու Հայաստան։ Մեկ էլ ադրբեջանական ներկայացուցիչը հարցնում է՝ իսկ որտե՞ղ է Ադրբեջանը։ Մասնագետները փռթկում են։ Ուղեկցորդը ապշած ասում է՝ «Դուք լո՞ւրջ եք հարցնում»։
Լուրջ թե անլուրջ, սա ադրբեջանական կողմին վնաս չէ։ Պատմության ժամանակաշրջանային տեսակետից մեկ ակնթարթ առաջ ստեղծված արհեստածին պետությունը պատմության թատերաբեմից չվերանալու համար պետք է դիմի պատմական ու գիտական կեղծիքների։ Այդ կեղծիքները վտանգավոր են մեզ համար, որովհետեւ այդ պետությունը ստեղծվել է մեր տարածքներում եւ այսօր հայտ է ներկայացնում մեր մյուս տարածքների հանդեպ՝ Արցախից Երեւան հասնելով։ Եթե մենք անտեսենք սա՝ չպահպանելով ու չպաշտպանելով պատմական ու գիտական ճշմարտությունը, Ադրբեջանն իր ուզած «ճշմարտությանը» կհասնի քաղաքական փաթեթավորմամբ։ Եթե կարծենք, որ չի կարող, սխալ թույլ տված կլինենք, որովհետեւ այդ պետությունը հենց քաղաքական որոշման ծնունդ է՝ նույն պատմական ու գիտական ճշմարտության անտեսմամբ։ Այդ պետությունն ինքը հակապատմական, հակագիտական, հակամարդկային ու հակահայկական փաթեթավորում է։ Բայց, փաստ է, կա, մեր դարավոր թշնամու կովկասյան տարրն է, եւ մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն թշնամական թեզերից պաշտպանվելը, այլեւ՝ ճիշտ հաշվարկված (մասնագիտական, նաեւ հոգեբանական տեսանկյունից) հակահարձակում գործելը՝ ընդ որում, դրա համար օգտագործելով ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային հարթակները։ Մտածելը, թե՝ «դե, աշխարհը գիտի», ու ոչինչ չանելը սխալ տրամաբանություն է։ Որովհետեւ նույն աշխարհը գիտի, որ Արցախը հայկական հող է, բայց…
Բայց աշխարհն ունի իր կեղտոտ շահային կանոնները, եւ մենք ստիպված ենք, այո, ապացուցել այն, ինչն ապացուցման կարիք չունի՝ պատմությունից սկսած մինչեւ մեր օրեր։ Սա աշխատանք է, որ պետք է տանի մեր պետությունը՝ ամենօրյա ռեժիմով։ Աշխատանքը պետք է տարվի մասնագիտորեն, գրագետ, հնարավոր բոլոր հարձակումների պատկերն աչքի առած։ Խորքային առումով՝ մեր չաշխատելու հետեւանքներից է նաեւ այն, որ թյուրքական կողմի կովկասյան այս փշրտուքն այսօր մտադիր է միջազգայնացնել «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը կամ լկտիաբար ասում է, թե՝ ով չի ցանկանում իրենց քաղաքացին լինել, «ճանապարհը (Բերձորի,- Ա. Մ.) փակ չէ, բաց է»։ Պաշտոնական Բաքուն պնդում է. «Արեւմտյան Ադրբեջանի հարցը մենք դուրս ենք բերել միջազգային ասպարեզ։ Այդ նպատակով արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծված»։ Բանը հասել է նրան, որ Ալիեւը չի էլ թաքցնում իր մտադրությունը. «Ճիշտ է՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինը նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ բացակայում է, սակայն ես այդ տերմինը մտցրել եմ աշխարհաքաղաքական լեքսիկոն»։
Ի՞նչ անել, թշնամո՞ւն մեղադրել, որ լավ է աշխատում, իսկ մեր անգործությանը տալ «թողտվություն» անո՞ւնը։ Մինչդեռ պետք է հասկանանք, որ թողտվությունն աններելի հանցանք է, որովհետեւ բոլորիս կարող է կանգնեցնել արհավիրքի առաջ։ Թողտվությո՞ւն էր Թուրքիայում Թուրքիայի եւ Հայաստանի պատմության դասավանդման դասագրքերի մշակումը: Թողտվությո՞ւն է «թշնամու կերպարի» աղավաղումը, «փոխված թուրքի» գաղափարը տարածելը եւ թուրքի հետ, իբր, փոխգործակցության շահավետությունը ներկայացնելը՝ այն անվանելով տնտեսական հնարավորություն, ոչ թե ճիշտ հակառակը՝ տնտեսական էքսպանսիա։
Նույն սխալն այս պահին էլ ենք անում, միջազգային հանրություն կոչվածին չենք ասում, որ Բերձորի ճանապարհի փակումը ռազմական քայլ է՝ ուղղված Արցախի ու Հայաստանի դեմ, ոչ թե միայն թշնամու կողմից հումանիտար ճգնաժամ ստեղծելու քայլ։ Չենք ասում, որ ադրբեջանական կողմից լավ մտածված ռազմական այդ քայլը քաղաքական ու տնտեսական խնդիրներ է ստեղծում նաեւ Հայաստանի համար։ Չենք ասում, որ Հայաստանի սահմաններից ներս մտած թշնամին չի կարող դելիմիտացիա ու դեմարկացիա պահանջել, որովհետեւ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը միջազգայնորեն կարգավորված է, եւ դրանից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Այսինքն՝ դելիմիտացիան եւ դեմարկացիան խաղաղ ընթացք են ենթադրում, մինչդեռ Ադրբեջանն օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում մեր նկատմամբ։ Արտաքին հարթակը մի կողմ, մենք նույնիսկ մեր ներսում հանրությանը չենք բացատրում, որ թուրքի հետ, իբր, համագործակցության արդյունքում ինքը լավ չի ապրելու, որովհետեւ իրական տնտեսություն չզարգացրած մեր երկիրը, իբր, համագործակցությամբ ոչ թե զարգանալու, այլ՝ կուլ է գնալու, որովհետեւ մեր արդյունաբերական հատվածը, մեղմ ասած, կաղում է, ու որ մենք «երկար չենք ձգի» զբոսաշրջությամբ ու ծառայություններով։ Չենք ցույց տալիս, որ եթե թյուրքական կողմի ուզածը ապաշրջափակումն է, ապա նախ՝ շրջափակումը ի սկզբանե մենք չենք արել, եւ հետո՝ ապաշրջափակման համար ճանապարհ է պետք, ոչ թե «Զանգեզուրի միջանցք»։ Որ եթե տնտեսություն չունենանք, չենք ունենա կրթություն, գիտություն, բանակ ու պաշտպանություն…