Իրանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումների իրական պատճառներն ու հնարավոր նշանակությունը հասկանալու համար պետք է հայացք նետել վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններին: Սկսած 2020 թ. սեպտեմբերի 27-ից, երբ Արցախն ու Հայաստանը ենթարկվեցին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, պարզ դարձավ, որ նրան ակտիվորեն օգնում են Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը: Ընդ որում՝ Թուրքիան ակտիվորեն զբաղվեց սիրիական վարձկանների հավաքագրման ու Ադրբեջան տեղափոխման գործերով՝ ոչ միայն ընդդեմ հայկական ուժերի: Արցախյան իշխանությունների ներկայացուցիչները, հենվելով իրենց տեղեկությունների վրա, ահազանգեցին, որ Ադրբեջանում վարձկանների մի մասին տեղափոխել են Իրանի, մի մասին էլ՝ Ռուսաստանի սահման: Ակնհայտ էր, որ նրանք այդ տարածքներում այսրոպեական խնդիր չէին լուծելու: Նրանք պարզապես դիրքավորվել են այդ ուղղություններում՝ հետապնդելով հեռուն գնացող նպատակներ:
Ավելի ուշ, երբ Ադրբեջանը, ոգեւորված իր դաշնակիցների օգնությունից, գործընկերների լռությունից ու շնորհավորանքներից, որոնք նրան, ըստ էության, անպատժելիություն էին խոստանում, հայտարարեց, որ տարածք է ուզում Հայաստանից Սյունիքում՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»: Այդ միջանցքը, ըստ փորձագետների, ավելի շատ պետք էր Թուրքիային, որը ձգտում է ցամաքային ճանապարհով միանալ Կենտրոնական Ասիային, ինչպես նաեւ Ռուսաստանին: Հասկանալով, որ այդ ծրագրի իրագործումն Իրանին կզրկի Հայաստանի հետ ցամաքային ճանապարհից, Թեհրանը հրապարակեց իր դիրքորոշումը, որ տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի, իսկ ավելի ուշ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին՝ ցուցադրելով, որ Բաքվի նկրտումները համարժեք պատասխան կստանան:
Դրանց հաջորդեցին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ մեկօրյա ընդմիջումով այցերն Ադրբեջան, իսկ ավելի ուշ Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ անցկացրեցին Իրանին սահմանակից տարածքներում: Դրանք միաժամանակ կարծիք ձեւավորեցին, որ Բաքուն ու Անկարան համատեղ մանեւրներով պատասխանում են Թեհրանի ռազմական ակտիվությանը…
Եվ ահա Իրանի վրա հարձակումից առաջ Ադրբեջանը, հիմք ընդունելով Իրանում իր դեսպանատան վրա հարձակումը, որը շատերի կողմից բնութագրվում է որպես առնվազն կասկածելի, դեսպանության աշխատակիցներին տարհանեց այդ երկրից: Սովորաբար նման քայլեր պետությունները կատարում են հնարավոր պատերազմական գործողությունների նախօրեին, ուստի ենթադրելի է, որ Ադրբեջանում առնվազն տեղյակ էին սպասվող իրադարձությունների մասին, եթե, իհարկե, մասնակից չէին…
Որոշ փորձագետներ վստահ են, որ «անգլոսաքսոնները ցանկանում են Իսրայելի ու Ադրբեջանի ձեռքերով ստիպել Իրանին՝ պատասխանելու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակմանը»: «The Wall Street Journal»-ը հայտնել է, որ գրոհը ձեռնարկել է Իսրայելը՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ: Աղբյուրը գրել է, որ Իրանի պաշտպանական օբյեկտի վրա հարձակումն այն բանի վկայությունն է, որ «Վաշինգտոնն ու Թել Ավիվը նոր հնարավորություններ են փնտրում Թեհրանի միջուկային ու ռազմական հավակնությունները սանձելու համար»:
Ավելորդ չէ նշել, որ Սպահանի պաշտպանական օբյեկտի վրա գրոհը հետեւեց երկրաշարժին, որը 6 բալ ուժգնությամբ գրանցվել էր Իրանի հյուսիսարեւմտյան մասում: Միաժամանակ հրդեհ է բռնկվում Ազերշեհր քաղաքի շարժիչների յուղի արտադրության ձեռնարկությունում: Այն, որ ժամանակային առումով երկրաշարժն ու անօդաչուներով հարձակումը համընկան, շատերին ստիպեցին կասկածել, որ դա երկրաշարժ էր: Ըստ նրանց՝ հնարավոր է, որ շատ ուժեղ միջուկային պայթյուն է եղել իրանական միջուկային օբյեկտներից մեկում:
«Al Arabiya»-ի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել է, որ «Իրանը մերժել է միջուկային գործարքին վերադառնալու առաջարկը»։ Նա ավելացրել է, որ Թեհրանն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում՝ անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ մատակարարելով Ռուսաստանի զինված ուժերին (ինչը Մոսկվան եւ Թեհրանը, ի դեպ, չեն հաստատում)։ Ինչպես հաղորդում են արաբական ԶԼՄ-ները, երկուշաբթի գիշերը Սիրիայում անօդաչուները հարձակվել են Իրանի սննդի բեռնատարների վրա։ Մնացած ահաբեկչությունները չեն հաստատվում Թեհրանի կողմից, սակայն ակնհայտ է, որ իրավիճակը կտրուկ վատթարացել է, եւ Իրանի վրա ուժեղ տեղեկատվական հարձակում է իրականացվում:
Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ Իսրայելը կարող է «ահավոր ու սարսափելի սադրանք պլանավորել» Ադրբեջանում, որի կազմակերպման մեջ կմեղադրվի Իրանը, ինչը լրջագույն հետեւանքներ կունենա, ընդհուպ մինչեւ՝ լայնամասշտաբ պատերազմ:
Իրանը անընդհատ ընդգծում է, որ Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ողբերգությունը, որի հետեւանքով մեկ հոգի զոհվել է, իսկ երկուսը վիրավորվել են, անձնական է: Իրանին հիմա հակամարտություն ընդհանրապես պետք չէ, քանի որ երկրի ներքաղաքական վիճակն առայժմ անկայուն է:
Բայց կա եւս մեկ տարբերակ. Իրանն իսկապես կարող է պատասխան հարված հասցնել Ադրբեջանին. արդեն պարզ է, որ նրա ձեռքերով պատերազմ է սանձազերծվում Թեհրանի դեմ: Վերջինս կարող է գրավել Նախիջեւանը, քանզի կա «Նախիջեւանի ազգային շարժման» հայտարարությունը, որ Նախիջեւանի ժողովուրդը ցանկանում է միանալ Իրանին: Իրադարձությունների այսպիսի ընթացքը պարզապես կչեզոքացնի թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները՝ Հայաստանից պոկելու «միջանցք», որը Թուրքիային Նախիջեւանի միջոցով կկապի Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի հետ: Եվ այս հեռանկարն այնքան է վախեցրել Իլհամ Ալիեւին, որ նա որոշել է այդ ինքնավար շրջանը վերցնել իր վերահսկողության տակ, որը 30 տարում ավելի շատ Թուրքիայի տարածքն էր, քան Ադրբեջանի:
Այն, որ 2020 թ. 44-օրյա պատերազմում Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանի հետ փաստացի ակտիվորեն մասնակցեցին ռազմական գործողություններին, հանգեցրեց նրան, որ Բաքուն, ըստ էության, զրկվեց ինքնիշխանությունից: Նրա տարածքում այժմ տնօրինում են նույն Թուրքիան եւ Իսրայելը՝ որոշումներ ընդունելով Ադրբեջանի փոխարեն: Եվ հենց նրանք էլ որոշել են Իրանի վրա գրոհել Ադրբեջանի տարածքից, որը, անշուշտ, պետք է պատասխան տա իր սանձարձակության համար:
Տեղեկությունը, որ Իրանին հարվածած դրոնները թռել են Ադրբեջանի տարածքից, տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ալիքը: Շատերը վստահ են, որ Ադրբեջանի համար Իրանի դեմ գործողությունը քաղաքական ինքնասպանություն է, որ Բաքուն չի տիրապետում հետախուզական համապատասխան տվյալների ու Իրանին խորքային հարված հասցնելու հնարավորություն չունի: Նրանց կարծիքով՝ պաշտոնական Բաքուն այսպիսի պայմաններում չէր կարող մասնակցել հակաիրանական նման գործողությունների: Սակայն այդ փաստարկները հօդս են ցնդուն հենց միայն այն պատճառով, որ, ինչպես նշեցինք, Բաքվում որոշումներն այսօր կայացնում են Թուրքիան ու Իսրայելը: Ադրբեջանը այլեւս գործիք է թուրք-իսրայելական տանդեմի ձեռքերում եւ պետք է սպասարկի իր տերերի շահերը, ուստի որպես այդպիսին էլ պետք է ընկալվի միջազգային ասպարեզում:
Հարավային Կովկասի ինստիտուտի ավագ մասնագետ Սելար Սեֆալդինին կարծում է, որ երկրների միջեւ հարաբերությունների վատթարացումն սկսվել է 2020-ից, երբ Բաքուն սանձազերծեց 44-օրյա պատերազմը: Այդ միտումները շարունակվում են եւ «կարող են աստիճանաբար հանգեցնել բաց հակամարտության»: Փորձագետի խոսքով՝ դա վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին». Թեհրանը համարում է, որ այդ հարցն իր համար «կարմիր գիծ» է, քանզի ՀՀ Սյունիքի մարզի այդ տարածքով Իրանը ելք ունի դեպի Սեւ ծով: Թեհրանը չի ցանկանում տարածաշրջանում իր պատմական մրցակցին՝ Թուրքիային, թույլ տալ՝ սեղմելու օղակը Սյունիքում, եւ դա ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ ջրի, մետալուրգիայի ու Էլեկտրաէներգիայի հարց է:
«ՀՀ»-ն բազմիցս գրել է, որ Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է ստեղծել գազային հանգույց՝ ռուսական գազն Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա մատակարարելու համար: Դա մի նախագիծ է, որը հակասում է Իրանի շահերին: Ընդ որում՝ գազպրոմյան շրջանակները հայտարարել են նաեւ, որ դրա կառուցումը շահավետ է մասնակից «բոլոր կողմերի»՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Եվրոպայի համար: Իսկ այն մասին, թե Ադրբեջանից որ պետության տարածքով է իրականացվելու գազամատակարարումը դեպի Թուրքիա, ոչինչ չի ասվում: Հասկանալի է՝ նկատի է առնվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը, ըստ ռուս-թուրք-ադրբեջանական դավադրության, պետք է պոկվի Հայաստանից: Հայկական Սյունիքը, այսպիսով, ոչ միայն սոսկ միջոց է այս աշխարհաքաղաքական պայքարում, այլ հաղթաթուղթ, եւ այն պատկանել, պատկանում ու պատկանելու է միայն իր հազարամյա տիրոջը՝ Հայաստանին:
Իրանը հասկանում է, որ Իսրայելն Ադրբեջանը վերածում է ռազմական պլացդարմի՝ իր վրա հարձակվելու համար: Ադրբեջանը շարունակում է Իսրայելին ապահովել նավթով ու հացահատիկով եւ դրա փոխարեն ստանալ առաջատար զենք:
Ռուս փորձագետները շարունակում են պնդել, որ Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից: ՌԴ ԱԳՆ-ն արձանագրում է «շոկ՝ կապված Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման հետ», ինչը նշանակում է, որ Մոսկվան պատրաստ չէ Հարավային Կովկասում իր համար իրադարձությունների անբարենպաստ զարգացմանը:
Իսկ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն այսպիսի պատմություն ունի:
Ուրբաթ առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքի առջեւ կանգնում է մի ավտոմեքենա, որից դուրս է գալիս մի տղամարդ ու հանգիստ մտնում ներս՝ կիրառելով զենք: Շենքի պահպանության ծառայությունը պայքարի մեջ է մտնում նրա հետ, որի արդյունքում մեկ աշխատակից սպանվում է, երկուսը՝ վիրավորվում: Ըստ հետաքննության տվյալների՝ հանցագործին, ում անունը չի հրապարակվում, դեսպանատանը հրաժարվել են պատասխանել, թե ուր է կորել իր կինը, ով ապրիլին գնացել է դեսպանատուն ու այլեւս տուն չի վերադարձել…