«Հենց Լեռնային Ղարաբաղն է Ռուսական կայսրության բանակի դրոշի տակ կռված հայ հայտնի գեներալների ու սպաների մեծ մասի եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում փառաբանված մարշալների ու գեներալների հայրենիքը, որոնց հիշատակը գիտակցաբար եւ անխնա ոչնչացվել է Ադրբեջանում: Մի՞թե մենք՝ ռուսներս, ամենասեւ երախտամոռությունը կցուցաբերենք նրանց հիշատակի նկատմամբ եւ Ադրբեջանին կթույլատրենք ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը։ Եթե դա թույլատրվի, ապա իսկական ռուս հայրենասերները նման խայտառակության պատճառով կամաչեն իրենց նույնիսկ հայելու մեջ նայել»,-հատուկ «Ռեալիստ» տեղեկատվական գործակալության համար գրած հոդվածում, որը ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը, նշում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, «Կովկասի աշխարհը» միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն եւ գիտական ղեկավար, ՌԴ ժուռնալիստների միության անդամ Մաքսիմ Վասկովը։
Շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի՝ այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանների» կողմից իրականացվող արգելափակումը, որը Հայաստանի Հանրապետությանը կապում է ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գոյատեւած Արցախի մի մասի հետ: Դա, անկասկած, ռազմական հանցագործություն է եւ ցեղասպանության ակտ, երբ 120 հազար մարդ զրկվում է ամենաանհրաժեշտից, չի ստանում կենսականորեն կարեւոր հումանիտար բեռներ եւ բժշկական օգնություն: Լեռնային Ղարաբաղում դեղորայքի եւ սննդի պակաս կա, կան մահվան դեպքեր շրջափակման պատճառով Արցախից դուրս ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ստանալու անհնարինության պատճառով: Միայն Միջազգային կարմիր խաչին, այն էլ՝ ոչ միանգամից, հաջողվեց այդ հիվանդներից մի քանիսին Հայաստան բերել, այն էլ՝ հսկայական ջանքերի գնով:
Եթե այդ «բնապահպանների» դեպքի առիթով ադրբեջանական իշխանությունները խորամանկում են, թե դա քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությունն է, ապա գազամուղի պարբերական անջատումները, այն էլ՝ ձմեռային շրջանում, արդեն ակնհայտորեն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է՝ հայ բնակչությանն իր հայրենի հողերից դուրս մղելու համար: Ադրբեջանական այդ գործողությունները պետական ահաբեկչության ակտեր են եւ գործնականում հայ ժողովրդի ցեղասպանության հերթական փորձը:
Հասկանալի է, թե ինչի են ձգտում հասնել Ադրբեջանի իշխանությունները, սակայն ծայրահեղորեն կարեւոր է մեկ այլ հարց: Ո՞րն է Ռուսաստանի իրական քաղաքականությունը, եւ արդյոք կարելի՞ է հավատալ նրա տված խոսքին: Հիմա ցանկություն կա տեսնելու, թե ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում ինչպես են կատարվում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանության մասին պայմանագրի դրույթները, կամ գուցե դրանք չե՞ն կատարվում: Ինչո՞ւ պարբերաբար անպատիժ են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի ակտերը: Հասկանալի է, թե դա ինչ հրեշավոր բացասական տպավորություն է թողնում նրանց վրա, ովքեր աշխարհում այսօր դեռ կողմնորոշված են դեպի Ռուսաստանը, ովքեր կարող են դա անել ապագայում։ Ի՞նչ կլինի դրանից հետո ռուսական «փափուկ ուժի» եւ աշխարհում նրա հեղինակության հետ։
Այս հարցում կանխատեսումները, ցավոք, այնքան էլ ուրախ չեն: Մի՞թե կիրականացվի Ռուսաստանի ապագայի համար աղետալի սցենար, երբ իր խոստումների կատարման համար պատասխանատու հեղինակավոր տերության քաղաքականությունից կվերադառնանք Մոսկվայի Մեծ իշխանության սկիզբը, եթե ոչ տարածքային առումով, ապա ծայրահեղ դեպքում՝ գոնե միջազգային ազդեցության մակարդակով: Բոլորի խնդիրը, ովքեր Մեծ Ռուսաստանի հայրենասերներն են, դա չթույլատրելն է:
Ինչպիսի՞ ախտորոշում կարելի է անել այս իրավիճակում: Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն բոլոր նախագծերից կամ նրանցից, որոնցում մասնակցությունը ներկայացվում է որպես նշանակալի քաղաքական եւ տնտեսական ուժ, իրականում գործում են միայն տնտեսական նախագծերը։ Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ը: Ինչ վերաբերում է քաղաքական նախագծերին, հատկապես՝ անվտանգության ոլորտում, այստեղ իրավիճակը խիստ բացասական է։ Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) կազմակերպություն է, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծվել է որպես քաղաքակիրթ «ամուսնալուծության» ձեւաչափ, այնուհետեւ արդեն փորձել են նրան որոշակի ինտեգրացիոն գործառույթներ տալ, ինչն անել չի ստացվել, հիմա այն իրավաբանական կեղծիք է, նրա բոլոր կառույցները կարելի է փակել՝ դրանց վրա ավելորդ գումարներ չծախսելու համար, եւ ոչ ոք դա չի էլ նկատի։
ՀԱՊԿ-ն տարօրինակ կառույց է, որում միավորված են մի շարք պետություններ, որոնք ոչ միայն պատերազմի նախաշեմին են, այլեւ որոնց միջեւ պարբերաբար զինված բախումներ են տեղի ունենում: Մասնավորապես՝ պարբերական բախումներ լինում են Ղրղզստանի ու Տաջիկստանի միջեւ: Այստեղ «դաշնակցային» պարտավորություններին հավատարիմ լինելու համար ՀԱՊԿ-ն պետք է լավ իմաստով յուրաքանչյուր կողմի մեկ դիվիզիա ուղարկի եւ զեկուցի մասնակից պետություններին ցուցաբերվող ռազմական աջակցության մասին:
ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանում ուժեղանում է արդարացված թերահավատությունը: Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է, եւ պետք է ոչ թե անհանգստության արտահայտությամբ պատասխանել, երբ Ադրբեջանը նրա դեմ ուղղակի զինված ագրեսիայի գործողություններ է կատարում, այլ խաղաղության հաստատմամբ, ինչպես Միխայիլ Սահակաշվիլիին պարտադրեցին, այն ագրեսիա էր իրականացրել Հարավային Օսեթիայի դեմ: Ավելին՝ մինչեւ այդ պահը Ռուսաստանը չէր ճանաչել Հարավային Օսեթիայի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, բայց երբ սկսվեց վրացական ագրեսիան, ռուսական բանակը քաջաբար կռվեց օս ժողովրդի համար։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ միանգամայն հստակ պարտավորություններ կան ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ անմիջականորեն Ռուսաստանի կողմից 1997 թ. պայմանագրով, եւ դրանք ուղղակի կետ առ կետ պետք է կատարվեն։
Փորձերը՝ արդարացնելու անգործությունը, որ, իբր, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկան հստակ սահմաններ, դեմարկացիա եւ դելիմիտացիա չեն իրականացվել, ոչ մի քննադատության չեն դիմանում: Քանի որ Հայաստանը պաշտոնական դաշնակից է եւ ՀԱՊԿ-ի, եւ Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում, նշանակում է՝ պետք է ցանկացած ագրեսիայից պաշտպանել այն սահմանները, որոնք Խորհրդային Հայաստանն ուներ ԽՍՀՄ-ի օրոք: Մյուս կողմի կարծիքին, որը վիճարկում է Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, ուշադրություն չպետք է դարձնել: Հայաստանը դաշնակից է, եւ վերջակետ:
Բավական տարօրինակ են հնչում հայ-ադրբեջանական դիմակայության լուծման համար ՀԱՊԿ-ի, իբր, գաղտնի ջանքերի եւ կուլիսային բանակցությունների մասին պատմությունները։ Բանն այն է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, ապա ինչ գաղտնի քայլերի մասին կարող է խոսք լինել։ Այստեղ կարող է միայն մեկ քայլ լինել, եւ դա գաղտնի չէ, այլ դիվանագիտական է: Իսկ եթե խոսքը վերաբերում է դաշնակցի շահերի ուղղակի ուժային պաշտպանությանը… Չնայած եթե Հայաստանին սատարելու հստակ դիրքորոշում հնչեցվի եւ ուժ կիրառելու պատրաստակամություն, ապա, ամենայն հավանականությամբ, գործն իրական բախումների չի հասնի։ Ի՞նչ ենք մենք տեսնում դրա փոխարեն: Կրկին մտահոգություն եւ նման, մեղմ ասած, կասկածելի քայլ ՀԱՊԿ-ի ղեկավարության կողմից, երբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «գնդապետ» Իգոր Կորոտչենկոյին, որի հայացքները լայնորեն հայտնի են եւ, կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունեն, շնորհում է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20 տարին» կրծքանշանը։ Դրանից հետո Հայաստանում ՀԱՊԿ-ի ինչպիսի՞ ընկալում են նրանք ակնկալում։ Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ երկիրն է, որն աջակցել է Ռուսաստանի գործողություններին Սիրիայում եւ իր զորախումբն է ուղարկել այդ երկիր:
Ցավոք, չի կարելի չխոսել ռուսական կողմի դիրքորոշման մասին Հայաստանի փորձերի առնչությամբ՝ միտված ստեղծված պայմաններում ոչ միայն անվտանգության, այլեւ հայ ժողովրդի ֆիզիկական գոյատեւման լրացուցիչ երաշխիքներ գտնելուն ցեղասպանության կրկնության սպառնալիքի պայմաններում՝ դիմելով Եվրոպական միության երկրներին, ՄԱԿ-ին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային։ Ռուսաստանում բոլոր նման գործողությունները դիտարկվում են բացառապես Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի դիմակայության պրիզմայով, հատկապես ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո: Բայց Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին գրեթե դավաճանելու մեջ՝ բուն ռուսական կողմի գործողությունների հարցը մնում է առկախ։ Հայաստանը ոչ մի բան կամ որեւէ մեկին չէր էլ փնտրի որպես իր անվտանգության երաշխավոր, եթե լիովին վստահ լիներ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի պաշտպանության հարցում։ Բայց որտե՞ղ ենք մենք պայմաններ տեսնում նման վստահության համար։ Ավա՛ղ։
Վրդովվեցնում է այն տոնը, որով փորձում են հայկական կողմին բարոյականություն կարդալ: Միեւնույն ժամանակ բավական զզվելի միֆ է տարածվում Հայաստանի «սորոսական» ղեկավարության մասին, որով նրանք փորձում են արդարացնել իրենց անգործությունը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում նրա անվտանգության ապահովման ոլորտում։ Եվ նման բանախոսներից ոչ մեկը չի կարող նշել, թե կոնկրետ ինչ է Հայաստանի ղեկավարությունն արել ռուսական շահերի դեմ, օրինակ՝ 2018-ից հետո։ Առանց հորինվածքների ու չափազանցությունների, որո՞նք են փաստերը: Ոչ ոք իրականում ոչինչ չի կարող ասել: Թեեւ այս թեմայով հսկայական քանակությամբ կեղծիքներ են հրապարակվում:
Մյուս կողմից՝ պարզապես կա Ռուսաստանի հայտնի պաշտոնական մի ներկայացուցչի ամոթալի արձագանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու համար ադրբեջանցի պատգամավորներ Քենուլ Նուրուլլաեւայի եւ Էրքին Գադիրլիի քվեարկությանը: Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Էրքին Գադիրլին, մասնավորապես, հայտարարել է, որ «եթե միջազգային հանրությունը ժամանակին դատապարտեր Ռուսաստանի ագրեսիան Ադրբեջանի, Մոլդովայի եւ Վրաստանի դեմ, ապա այժմ Ռուսաստանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա»։ Դրանից հետո Է. Գադիրլին ասել է, որ սատարում է Ռուսաստանի դեմ միջազգային տրիբունալ ստեղծելու գաղափարին։
Հայկական կողմն այդ քվեարկությանը չի մասնակցել: Մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ ռուսական պաշտոնատար դեմքերի հիստերիան, եթե հայերը քվեարկեին դրա օգտին: Իսկ ինչպե՞ս է
2023 թ. հունվարի 23-ի բրիֆինգում ռուս պաշտոնական խոսնակի կողմից մեկնաբանվել Ադրբեջանի ներկայացուցիչների հակառուսական դեմարշը: Սկզբունքորեն՝ ոչ մի կերպ, իբր՝ շատ բան են ասում, պետք չէ բոլորին ուշադրություն դարձնել: Ընդհանրապես հրաժարվում է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետի ու Լաչինի միջանցքի արգելափակման փաստերը: Նրանք գոնե հասկանո՞ւմ են, թե այդ ամենն ինչպես է կողքից նայվում, ինչպես է ընդունվում աշխարհում:
Եվ դա՝ այն ժամանակ, երբ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր էթնիկ հայեր, որպես Ռուսաստանի քաղաքացիներ, ռազմական հատուկ գործողության ընթացքում մարտնչում են ուկրաինական նեոնացիստների դեմ՝ պաշտպանելով Դոնբասի ժողովրդին ցեղասպանությունից, եւ որոնց սխրանքներով հիանում է ռուսական բանակը: Միաժամանակ համացանցում մշտապես տեղեկություններ են հայտնվում Ադրբեջանում Ուկրաինային աջակցության ելույթների եւ այն մասին, որ ադրբեջանցի նեոնացիստները կռվում են ուկրաինական նեոնացիստների ստորաբաժանումների կազմերում:
Բայց ռուսական կողմը կարող է փոխել իրավիճակը եւ ապացուցել իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին եւ այն բանին, որ սկզբունքորեն նրա հետ կարելի է հույսեր կապել՝ որպես պաշտպանի ու դաշնակցի: Չնայած դրության ողջ բարդությանը՝ հավատում եմ, որ դա կարելի է անել: Դրա համար ռուս խաղաղապահները պետք է հենց խաղաղապահներ լինեն, դադարեցնեն Լեռնային Ղարաբաղի հանցավոր արգելափակումը եւ ահաբեկչությունը նրա քաղաքացիների նկատմամբ՝ ցրելով այդ «բնապահպաններին»: Այստեղ պայմանագրի ուղղակի խախտում է տեղի ունենում, պայմանագիր, որի երաշխավորը Ռուսաստանն է, եւ ռուս խաղաղապահներն ակտիվ գործողությունների լիազորություններ ունեն, եթե իրականում խաղաղապահներ են: Թե ինչպիսի իրավունք նրանք չունեն, դա պարզապես կանգնելու ու նայելու իրավունքն է, թե ինչպես է Ադրբեջանը խեղդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ռուսական պետությանը եւ ՀԱՊԿ-ին, եթե այդ կառույցը դեռ ինչ-որ բանի իսկապես ընդունակ է, անհրաժեշտ է, անկասկած, պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը ագրեսիայից այն սահմաններում, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո:
Այս ամբողջ իրավիճակից ամենակարեւոր ու դառը դասը մեզ՝ Ռուսաստանի հայրենասերներիս համար է։ Մենք սովոր ենք «մեռնել, բայց ընկերոջն օգնել» սկզբունքին։ Այո, դրանք կորուստներ են մեր զինվորների շրջանում, բայց սա Ռուսաստանի պահպանված ու բազմապատկված պատիվն ու փառքն է որպես մի երկիր, որը հավատարիմ է իր փառքին ու դաշնակցային պարտավորություններին: Ինչպե՞ս կնայեին Հայաստանի նկատմամբ այսօրվա վերաբերմունքին մեր մեծ նախնիները, օրինակ՝ Պետրոս Ա Մեծը, Ելիզավետա Ա-ն, Եկատերինա Բ-ն, Ա. Վ. Սուվորովը, Պավել Ա-ն, Ալեքսանդր Ա-ն, Նիկոլայ Ա-ն, Ալեքսանդր Բ-ն, Պ. Ս. Կոտլյարեւսկին, Մ. Դ. Սկոբելեւը, Ն. Ն. Յուդենիչը, խորհրդային առաջնորդները, չհաշված բացահայտորեն Ռուսաստանի ազգային հետաքրքրություններին դավաճանած Վ. Ի. Լենինին։ Նրա մեղավորությամբ հայկական Արարատը հայկական մյուս հողերի հետ միասին թուրքական դարձավ, հայկական Լեռնային Ղարաբաղը ՌԿ(բ)Կ հուլիսի 5-ի որոշմամբ տրվեց նոր ձեւավորված Ադրբեջանին, իսկ ռուսական Դոնբասն ու Նովոռոսիան բոլշեւիկների նույնպիսի հանցագործ որոշումներով հանձնվեցին Ուկրաինային, որտեղ դրանց բնակչությունը նախ ենթարկվեց բռնի ուկրաինացման, իսկ արդեն 21-րդ դարում՝ բացահայտ ցեղասպանության ուկրաինական նեոնացիստների կողմից: Ռուսաստանի մեծությունը միշտ կառուցվել է դաշնակցային պարտքին հավատարմության վրա, եւ դա ռազմավարական հեռանկարում լիովին արդարացված է: Եվ մի՞թե հիմա այդ բոլորը կարող ենք զոհաբերել այսրոպեական եւ շատ եսասիրական հետաքրքրություններին:
Ռուսաստանում քիչ բան գիտեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու նրա ժողովրդի մասին: Ուստի անհրաժեշտ եմ համարում ասել, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավառություն է կազմակերպվել: Այնտեղ Ռուսաստանին միշտ վերաբերվել են հսկայական սիրով, ռուսերենը Լեռնային Ղարաբաղում գործնականում բոլորը գիտեն, եւ ռուսներն այնտեղ միշտ ամենաթանկ ու ցանկալի հյուրերն են:
Հայաստանը Ռուսաստանի պատմության կայսերական, խորհրդային եւ նորագույն ժամանակաշրջաններում տվել է մեծ թվով հերոսներ, ովքեր պայքարել են ռուսական պետականության համար եւ աշխատել հանուն նրա բարգավաճման։ Ռուսաստանի պատմության մեջ իրենց անունները ոսկե տառերով են գրել գեներալներ Մ. Տ. Լորիս-Մելիքովը, Վ. Գ. Մադաթովը, Վ. Օ. Բեհբութովը, Ա. Ա. Տեր-Ղուկասովը, մարշալներ Ի. Ք. Բաղրամյանը, Ս. Ա. Խուդյակովը, Ա. Խ. Բաբաջանյանը, Ս. Խ. Ահանովը, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Ի. Ս. Իսակովը, տասնյակ հազարավոր գեներալներ եւ սպաներ, ականավոր ղեկավարներ, արվեստագետներ եւ գիտնականներ։ Եթե մենք հիմա, կամովին ստանձնած պարտավորությունները չկատարելով, վերցնենք ու ջնջենք նման վիթխարի պատմական հիշողությունը, ապա Ռուսաստանի պատմությանը նման բան դեռ հայտնի չէ, եւ Աստված չանի, որ դա տեղի ունենա։