Արցախի մասին խոսելիս հաճախ այն անվանում ենք հայկական աշխարհի գանձն ու հարստությունը։ Նման գնահատականը սովորաբար վերաբերում է Արցախի հոգեւոր ու պատմամշակութային արժեքին, սակայն մեր հայրենիքի այդ հատվածը հարստություն է բառիս բուն իմաստով։ Այն հարուստ է ջրային ռեսուրսներով, բնական հանածոներով, գյուղատնտեսական նշանակության հողերով եւ այլն։
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսի բռնազավթումը, մարդկային, տարածքային ու մշակութային կորուստներից բացի, հանգեցրել է նաեւ տնտեսական ներուժի ու հնարավորությունների խիստ սահմանափակման։ Ներկայումս այդ ամենից օգտվում են առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան։ Բաքվում Թուրքիայի դեսպանատան տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում գործում է մոտ 30 թուրքական ընկերություն, որոնք արդեն իսկ 1 մլրդ դոլարի ներդրում են արել տարածաշրջանային ծրագրերում։ Թուրքիան նաեւ Արցախի հանքավայրերի շահագործման հնարավորություն է ստացել։
Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին երեկ, ելույթ ունենալով «Ադրբեջան-2023» ագրոբիզնես համաժողովի բացման արարողության ժամանակ, անդրադարձել է Ադրբեջանի տնտեսությունն ուժեղացնելու նպատակով Արցախի ռեսուրսներն օգտագործելուն։ Ի դեպ, 2021 թ. հունիսին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է այսպես կոչված «Ղարաբաղի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության պլանը»։ Թուրքիայի մասնակցությամբ պատրաստված համագործակցության ծրագիրը ներառում է դասընթացների եւ նախագծերի անցկացում գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային տնտեսության ոլորտներում։ Համաժողովին մասնակցում է 55 թուրքական ընկերություն։
Հասկանալու համար մեր կորցրածի եւ թշնամու ձեռք բերած հնարավորությունների ծավալն ու պատկերը՝ բավարար է նշել հացահատիկի ցանքատարածքների կորուստը. ըստ որոշ հաշվարկների՝ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 տոկոսն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Նախնական հաշվարկներով՝ Ադրբեջանին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազ. հեկտար ցանքս, որից շուրջ 50 հազ. հեկտարը՝ հացահատիկային: Պաշտոնական տվյալներով՝ Արցախում տարեկան մինչեւ 150 հազար տոննա հատիկաընդեղեն եւ հացահատիկ է աճեցվել։
Արցախում ստացվող հացահատիկն ու այլ մշակաբույսերն ապահովում էին նաեւ ՀՀ կարիքները։ Տարիներ շարունակ Արցախից ստացվել է 50-80 հազար տոննա ցորեն, որը կազմել է ներկրման մոտ 30 տոկոսը։ Սա պարենային անվտանգության տեսանկյունից չափազանց կարեւոր է եղել երկրի համար, եթե հաշվի առնենք, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում պարենային անվտանգության գործոնն ավելի է սրվում։
Բաքվի վարած հանցավոր քաղաքականության եւ ամբողջական շրջափակման հետեւանքով լրացուցիչ մարտահրավերների եւ խնդիրների առջեւ է կանգնած Արցախը։ Մասնավորապես՝ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակված լինելու պայմաններում, ինչպես նաեւ «վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները»։ Դրանց թվում են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58 տոկոս, գլխուղեղի կաթվածը՝ 36 տոկոս, ծննդաբերական բարդությունները՝ 11.6 տոկոս եւ մի շարք այլ հիվանդություններ: Չափահասների եւ հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսեւորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46 տոկոս, իսկ չափահասների դեպքում՝ 47 տոկոս աճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25 տոկոսով աճել են աղիքային անանցելիության պատճառով վիրահատական միջամտությունների դեպքերը, ինչը կարող է պայմանավորված լինել սննդում բջջանքի սղությամբ: Գազամատակարարման պարբերական լրիվ ընդհատումներով ու թերի վերականգնմամբ պայմանավորված՝ արձանագրվել է շմոլ գազից թունավորման 30 դեպք։ Վերոնշյալը հումանիտար ճգնաժամի դրսեւորման ընդամենը մեկ ուղղությունն է։
Հաջորդ խնդիրը վերաբերում է Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի աննախադեպ իջեցմանը՝ ավելի քան 20 մետր: Հունվարի 9-ից Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան: «Սարսանգ» ՀԷԿ-ն ապահովում է էլեկտրաէներգիայի մեծ մասն ու պայմաններ ստեղծում ցանցի համար, որպեսզի փոքր ՀԷԿ-երը նույնպես կարողանան աշխատել եւ արտադրանք տալ: «Եթե 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտադրել ենք 10.3 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ապա այս վիճակում մենք հիմա կարտադրենք ամսվա վերջի տվյալներով 27.5 միլիոն կիլովատ ժամ էլէներգիա: Այսինքն՝ 2.5 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա ենք արտադրել: Դա ծախսեցինք, արտադրեցինք, եւ, փաստորեն, Արցախի Հանրապետությունն այդքան շատ էլեկտրաէներգիա է ծախսել, իսկ այն ժամանակ, երբ համակարգում էինք, մի մասը փոխհատուցվում էր Հայաստանից եկող համակարգի միջոցով»,- Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է «Սարսանգ» ՀԷԿ-ի պետ Գրիգոր Գրիգորյանը։ Ստեղծված խնդիրը պայմանավորված է նաեւ նրանով, որ Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ է մնացել 30 հիդրոէլեկտրակայան: Մինչ Արցախում առկա է էներգետիկ ճգնաժամ, Ադրբեջանը նոր ենթակայաններ է կառուցում բռնազավթած տարածքներում։ 2022 թ. մայիսին մեկնարկած Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային նախագծի շրջանակներում Արցախի Ջրականում կառուցվում է 330 կիլովոլտանոց ենթակայան, որը նախատեսում են շահագործման հանձնել այս տարվա մայիսին։