«Մշակույթի օջախների եւ հուշարձանների կործանումն ազգի ոչնչացման ձեւ է: Ժողովուրդների բնաջնջման ուղին անցնում է նրանց անցյալից եւ ապագայից զրկելու միջոցով»,- այս խոսքերի հեղինակը նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն է, որի` գրեթե անփոփոխ հրահանգներով առաջնորդվելով՝ այսօր էլ իրենց հայատյաց քաղաքականությունը շարունակում են Ադրբեջանի ղեկավարները: Այդ արժեքների հիմնահատակ ոչնչացումը հատկապես զանգվածային բնույթ ստացավ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ի. Ալիեւն անձամբ ստանձնեց Արցախի եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների հոշոտման գործը համակարգելու «առաքելությունը»: Արցախահայության դեմ իրականացվող զազրելի քաղաքականության մասին «ՀՀ» թղթակցի հետ զրույցում նոր վկայություններ է ներկայացնում ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, նախկին պատգամավոր Վալերի Ղազարյանը:
Խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ջանք չէր խնայվում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչների, գրողների մուտքն Արցախ արգելելու համար՝ պատճառաբանելով, թե, իբր, նրանց այցերը «բացասաբար են անդրադառնում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա»: ԼՂԻՄ մշակույթի վարչության պետ Արտաշես Բալայանի վկայությամբ՝ Հայաստանից որեւէ հայտնի դեմքի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին նախապես պետք է տեղյակ պահվեր Բաքվին: Նա մի առիթով հիշել է, թե ինչպես էին իրեն հանձնարարել դիմավորել եւ ուղեկցել Լաչինով մարզ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին (դա նրա միակ այցելությունն էր ողջ խորհրդային ժամանակաշրջանում)։ Բնականաբար, կաթողիկոսը Շուշիում չկարողացավ այցելել Ղազանչեցոց եւ Ագուլեցոց եկեղեցիները, որոնք վերածվել էին ոչխարի մակաղատեղիի, Կանաչ ժամ, որը դարձրել էին հանգստյան տան պահեստ, իսկ ռուսական եկեղեցին, Մոսկվային շողոքորթելու համար, վերածվել էր մշակույթի տան: «Ժողովրդի մեջ նստած վախի զգացումն այնքան մեծ էր, որ ներկաներից ոչ ոք չէր համարձակվել նույնիսկ մոտենալ կաթողիկոսին… Կաթողիկոսի աչքերի դեմ հառնել էին հին քաղաքի հայկական թաղամասերի` ծուխումրից սեւացած, կոտորածից ու հրդեհից դեռեւս կանգուն պատերը,- Ա. Բալայանի պատմածն է հիշում Վալերի Ղազարյանը։- Ստեփանակերտում կաթողիկոսը եւ նրան ուղեկցող անձինք տեղավորվել էին «Ղարաբաղ» հյուրանոցում. մարզի ղեկավարությունը վախենում էր նույնիսկ պատշաճության համար որեւէ ընդունելություն կազմակերպել։ Հաջորդ օրը Վազգեն Առաջինը ճանապարհորդություն կատարեց Գանձասար։ Ճանապարհին կաթողիկոսի մեքենային 300-400 մ հեռավորությամբ հետեւում էր ինձ ծանոթ սպայի (այժմ նա ողջ չէ) ոստիկանական մեքենան։ Ցավում եմ, որ հետագայում նրան չհարցրի այդ օրվա առաքելության մասին, չնայած առանց այդ էլ պարզ էր, որ դա կապված չէր անվտանգության ապահովման հետ. ոստիկանը գնում էր հետեւից, այլ ոչ թե առջեւից… Առանձնակի վերապահումով նշեմ. չնայած վերոհիշյալ քաղաքականությանը եւ տարատեսակ հետապնդումներին՝ ոչ ադրբեջանական իշխանություններին, ոչ նրանց տեղական դրածոներին չհաջողվեց հայերի միջից դուրս մղել Աստծո հանդեպ հավատը, ժողովրդին զրկել քրիստոնեությունից»…
1960-ականների սկզբին Ադրբեջանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի հրահանգով սկսվեցին նոր «որոնումները» ադրբեջանական ժողովրդի պատմության «հնացման» համատեքստում, եւ նախորդ քսանամյակի անհաջող փորձերից հետո որոշվեց կանգ առնել աղվանների վրա։ Այդ ուղղությունը գլխավորում էր Զիա Բունիաթովը, ով զբաղվում էր պատմության սովորական խեղաթյուրմամբ։ Ադրբեջանի պետական հրատարակչությունը 1968 թ. լույս ընծայեց Ֆ. Շուշինսկու «Շուշա» գիրքը, որում, իբր, նկարագրվում էր քաղաքի պատմությունը։ Նա խեղաթյուրեց այն ամենը, ինչ հնարավոր էր, հայ ազգային հերոս Անդրանիկին դարձրեց «մոլի դաշնակ» եւ այլն։ Ամիսներ անց հայերի վրդովմունքը մեղմելու համար ադրբեջանական երկու պատմաբաններ ստիպված էին «Բակինսկի ռաբոչի» թերթում «քննադատության ենթարկել» այդ անպարկեշտ աշխատությունը եւ գրել, որ «չի կարելի հիշատակել մարդկանց անուններ, ովքեր առնչություն չունեն քաղաքի հետ» (ակնարկում էին Անդրանիկին)։ «Մեկ տարի անց՝ 1969 թ. «Գարուն» ամսագրում հրապարակվեց հատված Անդրանիկի եւ Շահումյանին հղած նրա հեռագրի մասին։ Նույնատիպ նյութ հրապարակվել էր եւ «Հանդես» ամսագրում։ Չնայած ես 14 տարեկան էի, շնորհիվ մեր հարեւանուհու, ով աշխատում էր կուսմարզկոմի գրադարանում, ձեռք բերեցի այդ ամսագրերը։ Կարդացածիս մասին ստիպված էի դպրոցում չխոսել, քանզի առանց այդ էլ արդեն սպառնում էին հայտնել ՊԱԿ-ին, որ այսինչ դպրոցում նոր ազգայնամոլ է հայտնվել,- ասում է Վ. Ղազարյանը։-Իսկ Արցախի հայերն առանձնահատուկ զգում էին իրենց կապվածությունը հայկական ամեն ինչին, հպարտանում հերոս հայորդիներով, ձեռքից ձեռք փոխանցում Շիրազի «Ղարաբաղի կանչը», ուրախանում «Արարատ» թիմի, օլիմպիական չեմպիոններ Ենգիբարյանի, Շահինյանի, Ազարյանի, 1963 թ. աշխարհի շախմատի չեմպիոն դարձած Տ. Պետրոսյանի հաջողություններով»։
Ադրբեջանի իշխանությունները, ինչպես եւ նախկինում, հատուկ ուշադրություն էին դարձնում ժողովրդագրական քաղաքականությանը՝ ուղղված ոչ միայն Քուռ գետի աջափնյակի եւ Արցախին հարակից հայկական շրջանների ակտիվ ադրբեջանականացմանը, այլեւ մարզի ներսում դանդաղ ընթացող ադրբեջանականացմանը։ «1962 թ. Ադր. ԽՍՀ ԳԽ նախագահության որոշմամբ առաջարկվում էր մարզի մի քանի բնակավայրեր անվանափոխել այն պատրվակով, թե դրանք «չեն համապատասխանում մեր դարաշրջանի ոգուն, եւ այդ գյուղերի բնակչության համար վիրավորական, մութ անցյալի ժառանգություն են»։ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Ջամիլ Բեգլյարովի (որի հարազատ եղբայրը՝ Ջամալ Բեգլյարովը, Շուշիում 1966 թ. հուլիսի 16-ին օրը ցերեկով սպանել էր Եղցահող գյուղի զոոտեխնիկին՝ գյուղին հաջողությունների համար Կարմիր դրոշ շնորհելուց հետո, ինչը, սակայն, չէր խանգարել կիսագրագետ Ջ. Բեգլյարովին՝ հետագայում եւս զբաղեցնելու պատասխանատու պաշտոններ) նամակում առաջարկվում էր փոխել բուն հայկական անվանումներով մի շարք գյուղերի անուններ,- պատմում է Վալերի Ղազարյանը:- Սակայն դա Ադրբեջանի իշխանություններին չհաջողվեց իրականացնել, քանզի զգում էին, որ իրենց քաղաքականությունը տալիս է իր պտուղները: Այդ գյուղերը դատարկվում էին, եւ 1960-ականների վերջին հայ չմնաց Խերխանում, հայկական Ջամիլլուում Մուստաֆաեւի օրոք բնակեցված ադրբեջանական տարրը դուրս մղեց վերջին հայերին»:
Տնտեսական դժվարությունների եւ գյուղացիների ծայրահեղ աղքատության պատճառով լիովին դատարկվեցին Բերդաձորի հայկական գյուղերը՝ Խերխան, Դաշտահող, Փահլուր, Սխտորաշեն, Մավաս, Բիլբիլյաք, Ուլուբաբ, Քարագլուխ եւ այլն։ Հադրութի շրջանի Տող հայկական գյուղում սպառնալիորեն արագ աճում էր ադրբեջանցիների թիվը: Մարզկենտրոնից ոչ հեռու գտնվող Դաշբուլաղ (Աստղաշեն) գյուղն ակտիվորեն ադրբեջականացվում էր: «Մարտունի շրջկենտրոնին կից աճեց Խոջավենդը, հովիվների անվան տակ բազմաթիվ հայկական գյուղերում բնակեցվում էին ադրբեջանցիներ եւ քրդեր…. Խրուշչովյան «ձնհալն» ավարտվեց՝ այդպես էլ չհասնելով Ղարաբաղ,- հիշեցնում է զրուցակիցս։- Համեմատության համար նշեմ. 1923-ից սկսած ադրբեջանական ոչ մի գյուղ չի դատարկվել, դրանք աճում էին եւ տարածքով, եւ բնակչության թվաքանակով։ Ահա լենինյան ազգային քաղաքականության հաղթանակը սոցիալիզմի դարաշրջանում»…
Պատմական արդարությունը վերականգնելու հույսով Ղարաբաղի հայ բնակչությունը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու պահանջով հավաքեց ավելի քան 45000 ստորագրություն եւ դրանք ուղարկեց ԽՄԿԿ Կենտկոմ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ։ Շարժումը գլխավորում էր հայրենասիրական տրամադրություններով մտավորականության խումբը՝ գրող եւ պատմաբան Բ. Ուլուբաբյանի գլխավորությամբ։ 1967 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Քոչինյանը միութենական մարմիններ ուղարկեց գրություն՝ «Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու հարցերի» քննարկման անհրաժեշտության մասին։ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը որոշեց ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի կոմկուսների հանրապետական հանձնաժողով՝ ԼՂԻՄ-ի հարցի լուծման նախապատրաստման համար։ «1967 թ. Ա. Քոչինյանը դիմում է Վ. Ախունդովին՝ Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հանդիպման ժամկետների ճշգրտման հարցով։ Վերջինս ամեն կերպ ձգձգում է հանդիպումը եւ մեկնում Ռումինիա՝ արձակուրդն անցկացնելու համար։ Այնտեղ Ախունդովը հանդիպում է այդ երկրում Թուրքիայի դեսպանին եւ թուրք եղբայրներին իրազեկում Ղարաբաղի շուրջ անբարենպաստ զարգացումների մասին։ Կարեւոր չէ, թե ինչպես, Թուրքիայի հրահանգով կամ Ախունդովի խնդրանքով Թաթարստանի կուսմարզկոմի առաջին քարտուղար Ֆ. Տաբեեւը նամակ հղեց Մոսկվա՝ խնդրելով ստեղծել Թաթարա-Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Նամակում ոչ երկիմաստ ձեւով մատնանշվում էր, որ թաթարներն ու բաշկիրները նույնատիպ ազգային միավորումներ են, ինչպես Հայաստանի եւ Ղարաբաղի հայերը… Միութենական ղեկավարությունը, վախենալով երկրում առկա տասնյակ չլուծված ազգատարածքային խնդիրների երերումից, դադարեցնում է Ղարաբաղի հարցի լուծման մշակումը՝ այդուհանդերձ, այն չհանելով օրակարգից»,- խոսքն ընդհանրացնում է Վալերի Ղազարյանը։