Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը մարտի 25-ին հեռախոսազրույց էր ունենում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ՝ իր մտահոգությունը հայտնելով Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի, ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով գրանցված զոհերի եւ լարվածության վերաբերյալ: Հեռախոսազանգերի մասին տեղեկատվություն տարածելուց հետո պաշտոնական Ստեփանակերտը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական զինուժը խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետը եւ որոշ դիրքային առաջխաղացում իրականացրել Արցախի Հանրապետության տարածքում՝ Շուշի-Լիսագոր ճանապարհահատվածի ուղղությամբ:
Դեպքերի ժամանակագրության նման համադրումը փաստում է, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է միջազգային կառույցների միջնորդական առաքելությունը, այլեւ ցուցադրաբար արհամարհում է դրանք եւ կատարում տրամագծորեն հակառակ գործողություններ: Միջնորդ միջազգային կազմակերպությունները եւ պետություններն այսօր պարզապես քաղում են Արցախի ժողովրդի նկատմամբ 2020 թ. սեպտեմբերի 27-ից իրականացվող ադրբեջանական ագրեսիաների անտեսման կամ անատամ արձագանքման պտուղները: Հայաստանից եւ Արցախից բազմիցս դիմումներ են հղվել աշխարհին, որ, Բաքվի յուրաքանչյուր գործողություն անպատիժ թողնելով, կանաչ լույս են վառում նրա հետագա՝ ցեղասպան գործողությունների առաջ:
Իսկ ինչ արեց Ադրբեջանը մարտի 25-ին: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, ԵՄ կառույցների եւ բազմաթիվ միջնորդ պետությունների ու գործիչների՝ Լաչինի միջանցքը բացելու պարտադրանքին եւ հորդորներին պաշտոնական Բաքուն պատասխանեց տրամագծորեն հակառակ քայլով: Վերջինս ոչ միայն չբացեց միջանցքը, այլեւ խախտեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գծի այն հատվածը, որը մոտ է Լիսագոր-Շուշի գրունտային ճանապարհին: Այն միակ գրունտային ուղին է, որն առկա է որպես Գորիս-Ստեփանակերտ ասֆալտապատ ճանապարհի այլընտրանք, եւ որով հնարավոր էր հումանիտար բեռներ տեղափոխել շրջափակված Արցախ:
Ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցել է գրունտային ճանապարհին, ինչն անհնարին է դարձրել դրանից օգտվելը, եւ հաջորդ իսկ օրն Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցվել է այդ հատվածով երթեւեկությունը՝ անվտանգային նկատառումներից ելնելով: Թերեւս, վերոնշյալ գրունտային ճանապարհը փակելու նպատակ էր հետապնդում նաեւ շաբաթներ առաջ ադրբեջանական կողմից կեղծ տեղեկատվության տարածումը, թե իբր այդ ճանապարհով ռազմական շարասյուն է անցել ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ:
Այստեղ պետք է արձանագրել, որ ադրբեջանական պետության ղեկավարությունը հերթական քայլն արեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագված պայմանավորվածությունների դեմ՝ փաստաթղթով նախատեսված Լաչինի միջանցքի 5 կմ լայնությունն էականորեն կրճատելով: Դա արվեց ի պատասխան հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու, Լաչինի միջանցքը բացելու ՄԱԿ-ի բարձրագույն դատարանի որոշմանը եւ միջնորդ կառույցների նույնաբովանդակ կոչերին:
Ադրբեջանի այս քայլն էլ ավելի կխորացնի հումանիտար ճգնաժամը, որն արդեն առկա է Արցախում եւ որը, ցավոք, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, ռուսական կողմի թողտվության եւ, թերեւս, միտումնավոր անգործության ուղղակի հետեւանք է: Այսքանից հետո միջազգային համապատասխան կառույցները պետք է անխուսափելիորեն հանգեն այն համոզման, որ առանց գործուն ազդեցության լծակների, մասնավորապես՝ պատժամիջոցների կիրառման, հնարավոր չէ Բաքվին բերել կառուցողական գործողությունների դաշտ եւ լիցքաթափել տարածաշրջանում աննախադեպ լարված մթնոլորտը: