Իսրայելը մեծ քանակությամբ զենք է մատակարարում Ադրբեջանին. այս մասին հաղորդել է իսրայելական 13-րդ հեռուստաալիքը, եւ ապրիլի 3-ին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 13-րդ ալիքը պատրաստել է ռեպորտաժ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման մասին, որը պատմում է «երկու երկրների միջեւ ընդհանուր սպառնալիքի մասին» եւ ներկայացնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հարցազրույցի մի մասը։ Տեսանյութում նշվել է նաեւ, որ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին, որը գործածվում է Ղարաբաղում հակամարտությունը լուծելու համար։
Ադրբեջանում իսրայելական զենքի առկայությունը չթաքցվեց նույնիսկ 2020 թ. պատերազմի օրերին։ 2020 թ. նոյեմբերի 5-ին BBC-ն (գործակալության ռուսական ծառայությունը) ռեպորտաժ էր թողարկել, թե ինչու է Իսրայելն այդքան սերտ կապված Ադրբեջանի հետ, եւ ինչպիսին են նրա հարաբերությունները Հայաստանի հետ։ Նշվել էր, որ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանի զենքի 60 տոկոսը գնվում է իսրայելական ընկերություններից, իսկ վերջին 5 տարիների ընթացքում երկու երկրների միջեւ զենքի առեւտուրը գերազանցել է 740 միլիոն դոլարը։ Իսրայելն ինքը զենքի արտահանման վերաբերյալ տվյալներ չի հրապարակում։ «Մենք տեղյակ ենք առնվազն երեք իսրայելական ընկերությունների մասին, որոնք գործարքներ ունեն Ադրբեջանի հետ»,- տեսանյութում ասել էր իրավապաշտպան Հեն Բրիլ Էգրին։ Նա եւ իր գործընկերները պայքարում են զենքի առեւտուրը զսպելու համար։ Սակայն հոկտեմբերի վերջին Իսրայելի խորհրդարանում մերժվեց զենքի արտահանումը վերահսկելու մասին օրինագիծը։ Ինչեւէ, BBC-իի տեսանյութում ասվել էր, որ Իսրայելը պաշտոնապես չի աջակցում ոչ մի կողմի, բայց իր տեխնոլոգիաներն ու զենքը մատակարարում է Ադրբեջանին։
Սրանից որոշ ժամանակ առաջ՝ 2020 թ. հոկտեմբերին իսրայելցի ռազմաքաղաքական փորձագետ Յակով Քեդմին պարզաբանել էր, թե ինչու է Իսրայելը զինում Ադրբեջանին՝ ընդդեմ Ղարաբաղի։ «Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին՝ օգտագործելով Բաքուն Իրանի հետ առճակատման ժամանակ»,-հստակ ասել էր նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից։ Նման որոշում է կայացրել Երեւանը, քանի որ Թել Ավիվը զենք է մատակարարում Ադրբեջանին։ Սակայն ավելի ուշ Իսրայելի նախագահը հայտարարել էր, որ Բաքվի հետ կնքված պայմանագրերն ուղղված չեն այլ երկրների դեմ։ Քեդմին հիշեցրել էր, որ Իսրայելը երկար ժամանակ Ադրբեջանին մատակարարում է տարբեր զինատեսակներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր եւ փոքր հեռահարության հրթիռային համակարգեր։ Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղում կիրառում է միանգամից մի քանի հարվածային անօդաչու թռչող սարքեր եւ այլ մարտական համակարգեր։
Սա այն է, ինչ կոչվում է քաղաքականություն՝ «անձնական ոչինչ չկա, միայն բիզնես շահ» կեղտոտ պատճառաբանությամբ։ Իհարկե, ընդհանրապես ծիծաղելի է այս բացատրությունը, քանզի մի կողմին ընդդեմ մյուս կողմի զինելը իրականում ոչ միայն բիզնես շահ, այլեւ հեռահար քաղաքական ու ռազմավարական նպատակներ ունի, ընդ որում՝ ոչ միայն պատերազմում ուղղակիորեն ներգրավված կողմերի, այլեւ չներգրավվածների հանդեպ։ Թե մեր տարածաշրջանում ինչ հավակնություններ ունի Իսրայելը, շատ է խոսվել՝ համենայնդեպս, բացահայտ հետաքրքրությունների մասին։
Ռազմաքաղաքական փորձագետը, խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելու մասին, շեշտել էր. «Զենքի մատակարարման առաջին պատճառը նավթն է։ Զենքի մատակարարումը, այսպես ասած, փոխադարձ վճարման ձեւ է»։
Բացի այդ. իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը, ըստ Քեդմիի, ներառում է աշխարհաքաղաքական գործոն իսրայելական անօդաչու թռչող սարքերն օդ են բարձրանում Ադրբեջանի օդանավակայաններից՝ «Իրանի վրայով հետախուզական գործողություններ իրականացնելու համար»։ Թել Ավիվն օգտագործում է Բաքվի հետ իր գործընկերությունը տարածաշրջանում Թեհրանին դիմակայելու համար: Եվ, իհարկե, Իսրայելը Իսրայել չէր լինի, եթե իր բաժին մեղքը չհաներ ու չշպրտեր 44-օրյայի մեկ այլ մեղավորի վրա։ «Իսրայելական անօդաչու թռչող սարքերի առկայությունը Ադրբեջանի զինանոցում գործնականում ոչ մի ազդեցություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Միեւնույն ժամանակ Բաքուն ակտիվորեն շահագործում է նաեւ թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը»,-հայտնել էր Քեդմին։
Ի դեպ, սա այն նույն փորձագետն է, որ մեկնաբանելով ամերիկյան B-52 ռմբակոծիչների թռիչքները Ուկրաինայի վրայով՝ ասել էր, թե նման գործողություններով Վաշինգտոնը փաստացի «մահվան դատավճիռ» է ստորագրել Ուկրաինայի համար։
Ինչեւէ, սա է աշխարհի դրվածքը, եւ իրականությունը փոխել չենք կարող։ Պետք է ընդունենք փաստը. մեր տարածաշրջանը դաժան տարածաշրջան է, եւ այստեղ միայն ուժեղներն են արեւի տակ տեղ վաստակում։ Եվ ձայնի իրավունք են ունենում միայն իրենց տեղը չզիջող երկրները։ Մինչ 2020-ը Հայաստանը ուրիշ պետություն էր, 2020-ից հետո՝ բոլորովին այլ։ Եվ այս բոլորովին այլը չի ենթադրում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք ու թողնենք, որ Ադրբեջանը մնա ՀՀ տարածքում, երբ, որտեղից ուզի՝ մտնի ու ամրանա։ Հարգանքի են արժանանում պայքարող երկրները, եւ ըստ այդ պայքարի էլ փոխվում են միջազգային մոտեցումները՝ իրապես հօգուտ կամ ընդդեմ։ Ապացույցը արցախյան առաջին ազատամարտից հետոյի իրավիճակն էր եւ այն, ինչ ունենք 44-օրյայից հետո։ Այն, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում է եւ, բնականաբար, դուրս չի գա, ինչ է, թե իրեն կոչ են անում, Հայաստանին զրկում է հարգանքից ու ձայնի իրավունքից։ Մենք կանք, չենք մեռել, կարող ենք զենք ձեռք բերել, մեզ պաշտպանող երկրների հետ գործակցել, ոտքի կանգնել։
Ադրբեջանին թերագնահատել պետք չէ, բայց ճիշտ չէ նաեւ գերագնահատելը։ Առավել եւս սխալ կլինենք մենք, եթե ներարկվենք թերարժեքության բարդույթով։ Ոչինչ չի փոխվել, ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը, «իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արթնացում, էսպես ցնցում, եւ էդ ցնցումը մենք պիտի անենք»։