Փաստ է, որ Հայաստանից եւ Իրանից բեռնափոխադրումները ՌԴ եւ ԵԱՏՄ երկրներ իրականացվում են Վրաստանի տարածքով: Վերջինս էլ ունի զգալի առեւտրաշրջանառություն ՌԴ-ի հետ, չնայած այդ երկրների բարդ քաղաքական հարաբերություններին՝ կապված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման հետ: Հատկապես կորոնավիրուսի համավարակի բռնկումից եւ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո կտրուկ ավելացել են ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների ծավալները:
Միայն 2022 թ. Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2.8 անգամ, եւ մեր երկրի արտահանման ծավալներում այն գրեթե 50 տոկոս է: Ավելացել են նաեւ այդ տնտեսական միությունից ներմուծումների ծավալները: Նման մեծ ապրանքաշրջանառությունը վրացական միակ անցակետով օրինաչափորեն բերում է գերծանրաբեռնվածության, դանդաղեցնում այն, իսկ որոշ դեպքերում էլ՝ երկարաժամկետ խափանումների պատճառ դառնում: Այս հանգամանքով է թելադրված Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկրորդ ճանապարհի ու անցակետի կառուցման նախագծի ի հայտ գալը, որը նախաձեռնել է հենց Վրաստանը: Մյուս կողմից էլ փորձեր են արվում վերականգնել ՌԴ-ի հետ լաստանավային հաղորդակցությունը:
Վերեւում ներկայացվածի ֆոնին գործնականում անգործության է մատնված Վրաստան-ՌԴ միակ երկաթգծի աշխատանքը: Վրացական կողմն այն կապում է Աբխազիայի հետ, որի տարածքով էլ անցնում է այս կարեւորագույն ենթակառուցվածքը: Բայց պարզվում է, որ մեր հյուսիսային հարեւանը, ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի հորդորով, թույլատրել է Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղային գծերով բեռնափոխադրում իրականացնել ՌԴ-ից Թուրքիա: Փաստը երեկ հաստատել է Աբխազիայի մաքսային կոմիտեն: Այնտեղից հայտնել են, որ ՌԴ-ից 62 կոնտեյներով գնացքն առանց ուշացման անցել է Աբխազիայի մաքսային կետերով: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ այլ փոքր բեռնափոխադրումներ նույնպես եղել են աբխազական երկաթգծով:
Չնայած Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատունը հայտնել է, թե տեղյակ չէ բեռնափոխադրումներից, իսկ վրացական իշխանությունները մեկնաբանություններ չեն տալիս, բայց ակնհայտ է, որ այն հեռու է ապատեղեկատվություն լինելուց: Ուկրաինական հակամարտության հետեւանքով պատժամիջոցների մեջ հայտնված ՌԴ-ի համար Թուրքիան պատուհան է դեպի արեւմուտք ապրանքաշրջանառության համար, որը մեծ ծավալներ ունի, եւ առարկայական անհրաժեշտություն է ստեղծվել օգտագործել նաեւ աբխազական երակթուղին: Մյուս կողմից էլ ՌԴ-ն Թուրքիայում իրականացնում է մի քանի խոշոր նախագծեր՝ կապված ատոմակայանի կառուցման ու գազային հանգույցի ձեւավորման հետ, եւ հավանականությունը մեծ է, որ այդ աշխատանքների համար անհրաժեշտ բեռներ են տեղափոխվել երկաթգծով:
Բոլոր դեպքերում համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ տարածաշրջանում լոգիստիկ ուղիների հարցում ստեղծված բարդ իրավիճակում Վրաստանը կարող է տնտեսական հարցերին առաջնահերթություններ տալ՝ դրանք առանձնացնելով քաղաքականներից: Դրանից առաջին հերթին կշահի հենց Վրաստանը: Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի գործարկումն անհրաժեշտ հնարավորությունը կտա Հյուսիս-Հարավ առեւտրատնտեսական հաղորդակցության ուղին Հայաստանով եւ Վրաստանով անցկացնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը գործուն քայլեր է անում վերջինս իր տարածքով անցկացնելու եւ արեւմուտքից իրեն հարեւան երկու պետություններին տնտեսական այդ գերշահավետ ծրագրից դուրս թողնելու համար:
Աբխազական երկաթգծի օգտագործման հարցում Հայաստանից, Վրաստանից եւ Թուրքիայից բացի շահառու է նաեւ Իրանը, որը սերտացնում է իր համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ: Այսօր աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ երկրների տնտեսական կարողություններն են ապահովում քաղաքական գործընթացների հաջող ընթացքը, հետեւաբար՝ շատ պետություններ առաջնային թիրախ են դարձրել տնտեսական խնդիրների լուծումները՝ հաճախ երկրորդելով քաղաքականը: Վերջին միտումներին մեր հյուսիսային հարեւանի քաղաքական ղեկավարները, ամենայն հավանականությամբ, քաջածանոթ են եւ դիտարկում են: