30 եւ ավելի տարի պաշտոնական Բաքուն, նախադպրոցական կրթական հաստատություններից սկսած մինչեւ բարձրագույն պետական կառույցներ, իր քաղաքացիների մեջ հայատյացության սերմանման զազրելի մեխանիզմ է օգտագործել: Այն նույն թափով շարունակվում է նաեւ այսօր, եւ, դատելով այսօրվա գործընթացներից, կշարունակվի նաեւ ապագայում: Այդ քաղաքականության հետեւանք էին Արցախում եւ ՀՀ սահմաններին արձանագրված պատերազմական հանցագործությունների անհաշվելի դեպքերը: Մարդատյաց, հանցագործ պետական քաղաքականության հետեւանք էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը: Այդ ճղճիմ արարքից ամաչելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն միլիարդավոր դոլարներ վատնեց, որպեսզի Սաֆարովին Հունգարիայից տեղափոխի Ադրբեջան եւ այնտեղ «հերոսացնի»:
Ավելին՝ ադրբեջանական իշխանությունները սկսեցին դաստիարակել ռամիլսաֆարովներ, որոնք պատրազմների ժամանակ սպանում ու գլխատում էին հայ քաղաքացիներին եւ գերի ընկած զինծառայողներին: Հերթական ռամիլսաֆարովները օրերս հատել էին Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանը՝ փախչելով իրենց զորամասից: Այսօր արդեն ակնհայտ է, որ նրանք դիվերսանտներ չեն, այլ՝ մշտապես բարոյականությունից զուրկ ադրբեջանական բանակի հերթական դասալիքներից:
Ադրբեջանի բանակի երկու զինծառայողներ, ենթադրաբար, խուսափել են ծառայությունից եւ գիտակցաբար հատել հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածը: Կարճ ժամանակ անց վերջիններս գիտակցել են իրենց դասալքության հետեւանքները, որից հետո արդեն աշխատել է «ադրբեջանական հերոսության» ստացած դաստիարակությունը: Նախնական տվյալներով՝ նրանցից մեկը որոշել է խաղաղ հայի սպանել, որպեսզի իրեն վախկոտ եւ բանակից փախչող չհամարեն, այլ նույնիսկ հակառակը՝ հերոսի կոչում տան: Այդ մասին պարզ ասում է նույն ինքը՝ զինծառայողը՝ իր տարածած տեսաձայնագրության մեջ, որտեղ փորձում է արդարանալ՝ ասելով, որ ինքը վախկոտ չէ եւ նույնիսկ արդեն «հայի արյուն է թափել»:
Այս զազրելի միջադեպը ոչ միայն փաստում է պաշտոնական Բաքվի վարած հայատյաց դաստիարակության մասին, այլեւ ավելորդ անգամ ապացուցում, որ այդ հակամարդկային քարոզչության հետեւանքով երկու ժողովուրդները դեռ երկար ժամանակ չեն կարողանա առանց խնդիրների կողք կողքի ապրել, առավել եւս, որ այդ քաղաքականությունն Ադրբեջանում դեռ շարունակվում է: Ավելին՝ Բաքվի առաջնորդն իր պարբերական ռազմատենչ, մաքսիմալիստական հայտարարություններով իր քաղաքացիներին դրդում է նմանատիպ նոր հանցագործությունների, ինչը հակասում է տարածաշրջանում եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի էությանը:
Վերոնշյալ միջադեպը մյուս կողմից էլ վեր է հանում Հայաստանի անվտանգային եւս մի շարք հարցեր: Առաջինը սահմանների լիարժեք պահպանության խնդիրն է, եւ երկրորդ՝ նման իրավիճակներում ՀՀ քաղաքացիների անվտանգության աստիճանի եւ զգոնության բարձրացման խնդիրը: Մեր հասարակությունը մշտապես պետք է պատրաստ լինի հակազդելու վատագույն սցենարներին, քանի որ հարեւան երկրում ոչինչ չի փոխվել՝ հայատյացությունը գերիշխում է հասարակության բոլոր շերտերում պետական համապատասխան քաղաքականության հետեւանքով: