Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները, որոնցում, կարելի է ասել, 2021-ից լարվածությունը նկատելի էր, վերջին 4-5 ամիսներին հասել է գագաթնակետին, անգամ ռազմական բախումները չէին բացառվում։ Բաքվի «իշխանը», հենվելով իր՝ Թուրքիայի մաս կազմելու հանգամանքին, ինչպեսեւ իր ռազմավարական գործընկեր ու բախումներում շահագրգիռ Իսրայելի, նաեւ եղբայրական Պակիստանի աջակցության վրա, անգամ սպառնում էր Իրանին։ Ավելին, ջանք չէր խնայում լարվածությունը մեծացնելու ուղղությամբ՝ սադրիչ քայլերով ու հոխորտանքով։ Ըստ երեւույթին, հաշվի առնելով Իրանի տնտեսական ծանր վիճակն ու Արեւմուտքի նոր սահմանափակումները, հույս ուներ, որ նման սպառնալիքները Թեհրանին կստիպեն զիջումների գնալ չարաբաստիկ «միջանցքի» կորզման հարցում, ինչը երկու երկրների միջեւ լարվածության բուն պատճառն է, քանի որ այն Թեհրանն իր «կարմիր գիծն» է հայտարարել։
Այս համատեքստում Ալիեւն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ուրանալով Իրանի թերեւս անգնահատելի աջակցությունն արցախյան առաջին պատերազմի ընթացքում, հայտարարել են, թե վերջինս ոչ միայն բացառապես որեւէ աջակցություն չի ցուցաբերել Բաքվին, այլեւ, վարելով հայաստանամետ քաղաքականություն, օգնել է հայերին։ Այնուհետեւ եզրակացրել են, թե Իրանը որեւէ բարոյական իրավունք չունի դժգոհելու կամ դեմ լինելու Իսրայելի հետ Բաքվի սերտ ռազմավարական փոխառնչություններին։ Սա այն դեպքում, երբ առնվազն Հայաստանում տեղյակ են, որ Աֆղանստանից ու Պակիստանից գրոհայիններն Իրանի տարածքով էին փոխադրվում Բաքու: Բացի այդ, «մոռանում» են Թեհրանի տնտեսական հսկայական աջակցության մասին. ոչ թե ալյուր, այլ հաց էր մատակարարում Բաքվին, անգամ փախստական նորահարսներին օժիտ էր տալիս։ Սակայն Բաքուն վերջերս, տեսնելով Թեհրանի վճռականությունը որդեգրած դիրքորոշման առնչությամբ, սկսեց լարվածությունը թուլացնելու քայլեր կատարել։ Նախ տեղի ունեցավ ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիրաբդոլահիան-Ջեյհուն Բայրամով երկու հեռախոսազրույց՝ փոխհարաբերություններում «թյուրիմացությունների» վերացման ու դրանց բարելավման շուրջ, այնուհետեւ Ալիեւը Ռամադանի տոնի՝ «ֆեթրի» առնչությամբ շնորհավորել է Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդին ու երկրի նախագահին։
Այսուհանդերձ, Ալիեւի՝ Իրանի չօգնելու վերաբերյալ հոխորտանքին Թեհրանը պատասխանել է՝ ադրբեջանցիներին փաստեր ներկայացնելով։ Արտերկրի համար տարբեր լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներենով «Սահար» (լուսաբաց) հեռուստաալիքով ադրբեջանցի հեռուստադիտողներին են ներկայացրել Բաքվին ցուցաբերած, ըստ մեկնաբանների, անգնահատելի աջակցությունների վերաբերյալ փաստեր, որոնք Իրանն անհատույց տրամադրել է Ադրբեջանին, ինչը թերեւս հետաքրքիր է նաեւ մեզ համար, ուստի այդ հաղորդումներից որոշ դրվագներ կներկայացնենք նաեւ «ՀՀ» ընթերցողներին։ Նշենք նաեւ, որ Իրանի հանգուցյալ նախագահ Ռաֆսանջանին իր հուշերում գրել է, թե հայր Ալիեւն օգնություն է խնդրել իրենից՝ նշելով, որ հակառակ դեպքում հայերը հասնելու են Բաքու։ Հաղորդումների մասնակիցներից է ծագումով Իրանի ադրբեջանցի հայտնի քաղաքական գործիչ, ադրբեջանամետ հակումներով նախկին պատգամավոր Մանսուր Հաղիղաթփուրը։ Նա շեշտում է, որ երբ Ադրբեջանը շատ ծանր վիճակում էր հայտնվել, նա իշխանությունների թույլտվությամբ անձամբ է կազմակերպել ռազմական օգնությունը՝ մի քանի ինքնաթիռ անհատույց զենք-զինամթերք տեղափոխել Բաքու։ Բացի այդ, շուրջ 2000 իրանցի կամավորականներից ու աֆղան մոջահեդներից (1000 հոգի, որոնք նրա նախաձեռնությամբ են մասնակցել) կազմված գրոհայիններ տարբեր օդանավակայաններից տեղափոխվել են առաջնագիծ, որտեղ նրանց հաջողվել է հետ մղել հայերին, երբ ադրբեջանցիները լեղապատառ փախչելիս են եղել։ Հաղիղափուրը նշում է, որ իր բոլոր ասածների առնչությամբ առկա են փաստաթղթեր, անգամ՝ բժշկական։ Ապա շարունակում է, որ ունեցել են բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, թեեւ առաջնագծում հայերի հետ մարտերում գրեթե զոհեր չեն ունեցել։ Նա հավելում է, որ հայերը իրենց դիմացն էին, իսկ ադրբեջանցիները՝ թիկունքում, ասել է թե՝ զոհերն ու վիրավորներն ադրբեջանցիների դավաճանական գնդակների թիրախ դառնալու հետեւանք էին։ Նա երեւույթը բացատրում է ադրբեջանցիների շարքերում դավաճանների, օտար երկրների գործակալների առկայությամբ։ Այսօր այդ մարտերին մասնակցած վիրավորներն ու կենդանի մնացածները կարող են վկայել այդ մասին, նշել է նա։ Բայց եւ այնպես, ավելի հավանական է, որ զոհերը ոչ թե դավաճանների գնդակից են ընկել կամ վիրավորվել, այլ ադրբեջանցիները թիկունքից հարվածել են նրանց, ովքեր փորձել են նահանջել։
Հաղիղաթփուրի հարցազրույցի հետաքրքիր մեկ այլ դրվագի մասնակից է եղել Հեղափոխության պահապան գվարդիայի, այսօրվա «Ղոդսի» կորպուսի հայտնի հրամանատար Էսմաիլ Ղաանին, ով իրան-իրաքյան 8-ամյա պատերազմի ժամանակ միջին դասի հրամանատարներից է եղել։ Նա ադրբեջանցիներին աջակցել է նաեւ որպես ռազմական խորհրդական եւ փորձառու զինվորական։ Դեպքը, որի մասին պատմում է Հաղիղաթփուրը, վերաբերում է հայկական տանկերից ադրբեջանցիների սարսափահար, գլխապատառ փախուստին։ Նա նկարագրվող դեպքի մասնակիցներից է եղել եւ նշում է, որ Ղաանին ադրբեջանցի զինվորականներին համոզում էր, որ չփախչեն, ինքը կգնա ընդառաջ, կաջակցի, որ հարվածեն հայկական տանկերին։ Տանկերի տեղաշարժի ու կրակոցի ձայները հեռվից լսվում էին, ու ադրբեջանցիները դիմում էին փախուստի, այդ ուղղությամբ իրենք առաջանում էին։ Ընդ որում, նրանց հետ է եղել նաեւ ժամանակին պաշտպանության փոխնախարարներից Ռաֆի Ռաֆիովը։ Երբ թվում էր, թե բավական մոտեցել էին իրենց ուղղությամբ եկող տանկերին, կանգ են առել, մի ժամ սպասել, տանկը արդեն պետք է տեսանելի լիներ, բայց չկար։ Հետո պարզվում է, որ զրահամեքենա է, որը տանկի տեղաշարժն ու կրակոցը ձայնագրել ու բարձրախոսով տարածում է։ Կարճ ասած, հաղորդումներում, որոնք ուղղված են ադրբեջանցիներին, նշվում է, որ եթե Իրանը չաջակցեր, ապա Բաքուն շատ ավելի մեծ պարտություններ կկրեր, ընդհուպ հարցականի տակ կհայտնվեր նրա գոյությունը։ Իրանցի մեկնաբաններից մեկը, անդրադառնալով հաղորդմանը, նշում է, թե դիտորդների մոտ հարց կառաջանա, որ եթե հայերն այդքան քաջ ու հզոր էին, բա ինչու 44-օրյա պատերազմում նման պարտություն կրեցին։ Ի պատասխան դրա, մեկնաբանը շեշտում է, թե այսօր էլ առանց կասկածի կասի, որ հայոց հետեւակը աշխարհի քաջարիներից ու հզորներից է։ Այդ պատերազմի պարտության պատճառը ԱԹՍ-ներն էին, որոնք Իսրայելն ու Թուրքիան տրամադրել էին Ադրբեջանի բանակին, անգամ այդ դեպքում հայոց հետեւակը կռվում էր անձնազոհաբար։ Իսկ ի պատասխան այն հարցի, թե Իրանն օգնել է Ադրբեջանին, հիմա էլ ցանկանում է հայերի՞ն օգնել, շեշտում է, թե Իրանն օգնել է իր բոլոր հարեւաններին, երբ որեւէ մեկը դրա կարիքն ունեցել է Թուրքիային՝ հեղաշրջման պահին, Կատարին՝ շրջափակման, այսօր էլ՝ Հայաստանին, մանավանդ որ այս դեպքում նաեւ սեփական անվտանգության ու աշխարհաքաղաքական շահերն են հարվածի տակ։