Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023
Տարածաշրջան
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
859
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1988 թ. մայիսին Արցախյան շարժումն անկում էր ապրում։ Հայկական պատվիրակությունը Մոսկվայից վերադարձել էր ձեռնունայն։ Ցերեկը հանրահավաք տեղի ունեցավ Օպերայի հրապարակում, ելույթ ունեցողներից ոմանք հավաստիացրին, որ Արցախի հարցը դեռ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ու Կենտկոմի Քաղբյուրոյի կողմից քննարկվում է։ Սակայն իրականում Գորբաչովն ասել էր՝ վերջ, Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։ Եվ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, որտեղ 88-ի փետրվարից շատ ժողովներ էին լինում, որոշվեց Օպերայի շենքի աստիճաններին իրականացնել նստացույց։

Երեկոյան մի քանի տասնյակ ուսանողներով (նաեւ՝ դասախոսներ) սկսեցինք նստացույցը։ Սկզբում ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցները մոտեցան, իմացան մեր անելիքը։ Սկսեցին համոզել, որ տուն գնանք, իրենք էլ՝ իրենց գործին։ Բայց մենք վճռել էինք՝ պետք է կրկին ոտքի հանել մեր ժողովրդին, այլապես Արցախը մնալու է Ադրբեջանի իշխանության տակ։ Ու մնացինք գիշերը Օպերայի հրապարակում, որ արդեն Ազատության հրապարակ էինք կոչել։ Երեկոյան բանասիրական ֆակուլտետի բուֆետապան Ֆելոն հավաքել էր բուֆետի խաչապուրիներն ու բերել էր հրապարակ: Մնացինք մինչեւ լուսաբաց։ Մեզ հետ մնացին նաեւ ոստիկանները եւ, ի պատիվ իրենց, մնացին որպես հսկիչ։ Գիշերը հնչում էին ռազմահայրենասիրական երգեր, Շիրազի ու Սեւակի գործերից։ Առավոտյան նույն ոստիկանները նաեւ սնունդ բերեցին, ասացին՝ ճիշտ է մեր արարքը։ Մեր գործողությունն արդյունք տվել էր. Կրեմլին տեղեկացրել էին արդեն։ Շուտով մեզ միացան նաեւ երեւանյան այլ բուհերի, տեխնիկումների ուսանողներ։ 2-3-րդ օրերին արդեն բազմամարդ էր Ազատության հրապարակը, սկսվեցին հանրահավաքներ։ Այդ օրերին մեզ՝ ուսանողներիս, մենակ չթողեցին նաեւ մեր դասախոսները՝ Հովհաննես Բարսեղյանը, Վազգեն Գեւորգյանը, Վազգեն Սաֆարյանը, Յուրա Հովսեփյանը, շատերը։ Հրապարակ էին գալիս նաեւ Գառնիկ Անանյանը, այլք։ Այդ օրերին նաեւ պատրաստվում էինք քննություններին, հաճախ տեղում քննություն ու ստուգարք հանձնում։ Նստացույցին միացան նաեւ շատ երիտասարդներ տարբեր վայրերից։ «Աշխարհազոր» կոչեցինք ոչ ուսանողներին։ Ընթացքում ծանոթացանք, ընկերացանք։ Հետագայում արդեն շատ «աշխարհազորայիններ» եւ ուսանողներ ստեղծեցին ռազմական միասնական խմբեր, որոնք էլ դարձան Հայոց վերակազմավորվող բանակի ծիլերը։

Ուսանողական առաջին նստացույցը Խորհրդային Միությունում մեծ արձագանք գտավ։ Նույն նստացույցի օրերին արդեն սկսվեց  ազգային ազատագրական շարժում։ Բացի «Արցախ-Ղարաբաղ», «Միացում» կանչելուց, հրապարակում լսվեցին «Ազատություն», «Անկախություն», «Ազգային ինքնորոշում» եւ նման այլ կարգախոսներ։ Նույն օրերին՝ մայիսի 28-ին, առաջին անգամ Երեւանում նշվեց նաեւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը։ Մովսես Գորգիսյանի կողմից Ազատության հրապարակում ծածանվեց Հայոց Եռագույնը՝ առավել ոգեշնչելով մեր ժողովրդին։ Նստացույցի 20-րդ օրը՝ հունիսի 15-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը միլիոնի հասնող ցուցարարների ճնշմամբ միաձայն որոշում ընդունեց՝ կատարելով նստացույցի պահանջները։ Այդ օրը ցուցարարների հիմնական մասը շարժվեց Բաղրամյան փողոցով դեպի ներկայիս Ամերիկյան համալսարանի շենք, որտեղ կայանում էր նիստը։ Նստացույցի առաջին օրվա մասնակիցների մեծ խմբով մնացինք տեղում։ Իմանալով Գերագույն խորհրդի որոշման մասին՝ տոնական խմբով շարժվեցինք դեպի պետական համալսարան։ Հիշում եմ՝ երգում էինք.

Ով որ Քաջ է, ինչ կսպասե,

Արդեն ժամանակն է, թող գա,

Մահ-պատերազմի օրհաս է,

Ազատություն սիրող թող գա…

Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մուտքի մոտ՝ դարձյալ քարե աստիճաններին, նստեցինք, տոնեցինք մեր հաղթանակը։ Անցել է ուղիղ 35 տարի այդ օրերից, որոնք վճռական եղան մեր պատմության ընթացքում։ Իհարկե, Արցախն ազատագրեցինք երկարատեւ ու ծանր պատերազմի շնորհիվ։ Հաղթեցինք թշնամուն, պարտադրեցինք զինադադար, սակայն մինչեւ վերջ տեր չմնացինք մեր հաղթանակին։ Նույն նստացույցի մասնակից հազարավոր տղաներ դարձան զինվոր ու կերտեցին հաղթանակ, շատերը՝ իրենց կյանքով, շատերը՝ դառնալով խեղանդամ, շատերը՝ մաքառումով։ Այսօր էլ շատերը, նաեւ իմ մարտական ընկերները, թեկուզ ժամանակին վիրավորվել են, կորցրել են առողջություն, հայրենիքի պաշտպան են. մասնակից եղանք 2016-ի Ապրիլյան, 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Նաեւ նահատակվեցին շատերը։ Այսօր դարձյալ Արցախը փրկելու ժամը հասունացել է, քան երբեւէ։ Իսկ դրա միակ երաշխավորը դարձյալ մենք ենք՝ հայերս։

Կիսվել4Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Մայիսի 25, 2023

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Շրջանցելով արդարությունն ու արդարադատությունը

Հաջորդ Հոդվածը
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ...»

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist