«Գալու է մի օր, երբ հիասթափվածներ չեն լինի այլեւս, ժամանակներից հոգնածներ չեն լինի այլեւս, եւ հավիտենական արժեքները կգնահատվեն հավուր պատշաճի…»:
Աշոտ Նավասարդյան
Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ, անկախության պայքարի նվիրյալ մարտիկ ու առաջնորդ Աշոտ Նավասարդյանը մեր նորօրյա պատմության մեջ մեծ հետք է թողել։ Ապրեց ընդամենը 47 տարի, որից 12-ը՝ բանտերում ու աքսորում։ Մարտի 28-ը ազգային նվիրյալ գործչի ծննդյան օրն է։
Ծնվել է 1950 թ., Երեւանում։ 1968 թ. ավարտել է Երեւանի թիվ 32 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ ընդունվել եւ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Ա. Նավասարդյանը խորհրդային տարիներին մտածում էր անկախ ու միացյալ Հայաստան աշխարհի կայացման մասին։ 18 տարեկանում եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ), 1973-ից՝ խորհրդի անդամ։ Հետագայում հետեւել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Երեք անգամ կալանավորվել է եւ ընդհանուր դատապարտվել 17 տարվա ազատազրկման, 5 տարի աքսորի։ Բանտից ժամկետից շուտ է ազատվել 1987 թ.՝ կապված Գորբաչովի «Վերակառուցում» կոչված քաղաքականության հետ, եւ վերադարձել տուն։ 1988 թ. փետրվարին սկսվեց Արցախյան շարժումը, եւ Աշոտն էլ քաղաքական դաշտում էր։ 1989-1990 թթ. եղել է Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) խորհրդի անդամ եւ միասին հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989)։ Այդ տարիներին հաճախ էինք լսում նշված բանակի մասին, որը մասնակցում էր Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին՝ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Շուշի եւ այլն։ 1990 թ. հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ եղել նրա առաջին ղեկավարը։ Նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1995-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1990-1995 թթ. եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի եւ սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997-ին՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 1996 թ. ավարտել է Գերմանիայի Ջորջ Մարշալի անվան անվտանգության խնդիրների ուսումնասիրման եվրոպական կենտրոնի պաշտպանական տնտեսության դասընթացը՝ ստանալով ռազմագետի որակավորում։ 1990 թ. օգոստոսին Հայաստանի գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Սրտի կաթվածից մահացել է 1997 թ. նոյեմբերի 3-ին՝ 3 օր առաջ գրելով մի դիմում՝ բողոքելով Արցախի հարցի հետ կապված քննարկումների վերաբերյալ (այս դիմումը գտել են մահից հետո իր աշխատասենյակում)։ 2005-ից Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 196 հիմնական դպրոցը կրում է Ա. Նավասարդյանի անունը։ 2002-ից նրա անունով էր կոչվում նաեւ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի դպրոցը, որը բացվել էր 1994-ին եւ շրջանում հիմնադրված առաջին կրթօջախներից էր։
Ազգային գործչի ծննդյան օրը կայացավ այց Եռաբլուր։ Մինչ Եռաբլուր այցելելը եղա թիվ 196 դպրոցում եւ Ա. Նավասարդյանի թանգարանում զրուցեցի դպրոցի տնօրենի՝ Աշոտ Նավասարդյանի դուստր Անուշ Նավասարդյանի հետ, ով ներկայացրեց հոր անցած կյանքը, նրա մասին պատմող փաստաթղթեր ու լուսանկարներ, անձնական իրեր, հետաքրքիր փաստեր բանտային ու աքսորի, Հանրապետական կուսակցության ստեղծման, հետագա տարիների ժամանակներից։ Ցուցադրված փաստաթղթերում նվիրյալ հայորդու կյանքի մասին է հիշատակվում։ Դուստրը հպարտությամբ է ասում. «1966 թ. Ազատ Արշակյանի միջոցով ծանոթացել է Պ. Հայրիկյանի հետ եւ շուտով դարձել Հայկազ Խաչատրյանի, Շահեն Հարությունյանի ու Ստեփան Զատիկյանի հիմնած Ազգային միացյալ կուսակցության անդամ»։ Ցուցափեղկում են այդ ժամանակ գաղտնի տպագրված թերթերի («Փարոս», «Հայրենիք») նմուշներ, թռուցիկներ, որոնք տարածողներից մեկն էլ Ա. Նավասարդյանն էր, ով առաջին անգամ ձերբակալվել է 1969 թ. ամռանը եւ 1970 թ. համախոհների՝ Պ. Հայրիկյանի, Ա. Աշիկյանի, Ռ. Բարսեղովի եւ Ա. Խաչատրյանի հետ դատապարտվել «Շանթ» հակապետական խմբի կազմավորման մեղադրանքով: 1977 թ. ապրիլին Աշոտ Նավասարդյանն ամուսնացել է իրավաբանական կրթությամբ Հասմիկ Դավթյանի հետ: 1981 թ. Ազատ Արշակյանի հետ գաղտնի տպագրված թերթերի ու թռուցիկների տարածման համար ձերբակալվում է երկրորդ անգամ:
Թանգարանում տեղադրված է նաեւ արհեստական ծառ, որի ճյուղերից կախված են Ա. Նավասարդյանի մտքերը պարունակող թղթեր։ Դրանք նվիրվում են թանգարան այցելող հյուրերին։ «Մենք պետք է խորությամբ գիտակցենք՝ հանուն ինչի ենք ապրում, ինչ-որ մարդի՞կ ենք, որ պատահական հավաքվել ենք մի տարածքում ու գոյատեւում ենք։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ապրում, Արցախում ինչո՞ւ են մարդիկ զոհվում, ինչո՞ւ է հայ ազգն էպոս ստեղծել, որտեղ էպիկական հերոսների մեջ խորացրել է իր իղձը, ձգտումները… Սա է կյանքի իմաստը։ Եթե մենք չփորձենք իմաստավորել դրանք ու այդ հարցին չպատասխանել, ապա կապրենք ստամոքսով… ուղղակի ստամոքսով… Ծովափից կգա հարմար մի հողմ-քամի, մեզ կքշի այս ափից այն ափը, կգա մեկ ուրիշ քամի, կքշի ուրիշ ափ… բայց հանուն ինչի՞, հանուն ո՞ր նպատակների ենք ապրում, գոյատեւում՝ չենք գիտակցի…»։ Այս տեքստով թերթիկն ինձ նվիրվեց։ Թանգարանի ցուցանմուշներից մեկում Ա. Նավասարդյանի դիմումն է՝ ուղղված ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը 1976 թ. փետրվարի 18-ին, ՎՍ-189/36 համակենտրոնացման ճամբարից։ Դեռեւս այդ ժամանակ ազգային անկախության հարցի հետ կապված՝ Ա. Նավասարդյանը բարձրացնում է Նախիջեւանը եւ Արցախը Հայաստանին վերադարձնելու խնդիրը։ Բանտում եղած ժամանակ (1982 թ. մայիսի 12) նամակ է գրել՝ ուղղված դստերը՝ Անուշին, ով մորը հարցրել է՝ ինչո՞ւ հայրիկը տուն չի գալիս։ Որպես քաղցր մի հուշ՝ դուստրը ցույց է տալիս նամակը, որտեղ հայրը գրել է, որ ինքը շատ հեռվում է։ Իր նավը չի կարող ծովից հետ գալ, քանի որ այդ տարածքում շատ ցուրտ է. ծովը սառել է։ Երբ արեւը տաքացնի, ու սառույցը հալչի, ինքը տուն կգա։ Ապա հորդորում է ավագ դստերը, որ շատ սիրի փոքր քրոջը՝ Արուսիկին։ Աշոտ Նավասարդյանի անձնական հագուստի հետ պահպանվում է նաեւ բանտային զոլավոր համազգեստը։ Վերջին կալանավայրը, որտեղ նստած է եղել նա, հետագայում փակվել եւ դարձել է թանգարան։ Բացմանը մասնակցել է Նավասարդյանը եւ այնտեղից բերել այդ զոլավոր զգեստը, որը կրել են խիստ վտանգավոր համարվող կալանավորները, որոնց թվում է եղել նաեւ ինքը՝ երրորդ անգամ նույն հոդվածով դատապարտվելու պատճառով։
«Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության հիմնադիրներից մեկի համար պետականաշինության գործում շատ է կարեւորվում ազգային կուռ բանակ ունենալը. «Այսօր մեզ հարկավոր է ազգային բանակ: Եղեռնի հուշարձանի մոտ արտասվելով՝ մենք ոչ մի հարց չենք լուծի։ Մենք ուզում ենք, որ սկսվի պետության ու զինվորի երթ, ոչ թե վրիժառության ու ֆիդայական։ Մենք ուզում ենք՝ զինվորը լինի գիտակից, պետությանը ու ժողովրդին նվիրված զավակ, քաղաքացի զինվոր»։ Այս մտքերը նույնպես կան թանգարանի պատերին փակցված թղթերում։ Դպրոցի տնօրենը ցույց տվեց նաեւ կեչու կեղեւ, որն աքսորի ժամանակ օգտագործել է Աշոտը որպես թուղթ։ Բնակվել են կեչիներով պատված տարածքում… Ցուցափեղկում ավելացվեցին իմ հեղինակած 2 լուսանկարներ, որոնցում Ա. Նավասարդյանն է 1988 կամ 1989 թ. Ազատության հրապարակում ելույթ ունենում։ Թանգարանում ցուցադրվում է նաեւ Հանրապետական կուսակցության գոբելեն-զինանշանը, որը ժամանակին փակցված է եղել Նավասարդյանի աշխատասենյակում։ Պատերին նաեւ կոլաժներ կան. դրանք ստեղծվել են Ա. Նավասարդյանի 50-ամյա հոբելյանի առթիվ տարբեր նկարիչների կողմից։ Աշոտ Նավասարդյանի անցած ուղուն ծանոթանալու համար պետք է այցելել այս թանգարան։ Իհարկե, հարազատների կողմից կա նպատակ՝ տուն-թանգարան ստեղծելու համար։ Դպրոցի զինղեկ, պահեստի գնդապետ Հովհաննես Քերոբյանի հետ մեկնեցինք Եռաբլուր: Զինվորական պանթեոն ամենասրբավայրում Աշոտ Նավասարդյանի շիրմաքարի մոտ էին կինը, 3 դուստրերը, իր անվան դպրոցի ուսուցչական կազմը, գաղափարակիցներ, զինվորականներ։ Ծաղկեպսակ դրվեց դպրոցի անձնակազմի կողմից, խոնարհվեցին ծաղիկներ, եղավ խնկարկում։ Ա. Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Դավթյանը, դիմելով ներկաներին, հորդորեց պահպանել մեր արժեքները, հատկապես հայրենիքի համար զոհվածների հիշատակը։ Ընթացքում զինվորականների մի դասակ այցելեց 2020 թ. հոկտեմբերի 12-ին հերոսաբար մարտիրոսված ՀՀ ԶՈւ գնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի շիրմին, որը հեռու չէ Ա. Նավասարդյանի շիրմաքարից։ Ազգային հերոսի մորաքույրը պատմեց զարմիկի մասին, ում համար զինվորները եղել են հարազատ երեխայի պես։ Ասաց՝ խիստ էր Վահագնը, բայց արդար ու զինվորի համար մշտապես մտածող, ծառայել է 4 զորամասում, եւ նրան կոչել են ամենահրամանատար։
Հասմիկ Դավթյանը ողջունեց հայոց բանակի զինվորներին՝ ասելով, որ Աշոտի համոզմամբ՝ հայ զինվորը ցանկացած հայ մոր համար հարազատ երեխա է։ Եվ իր մայրական օրհնանքը բերեց ներկա զինվորներին ու ծաղիկներ խոնարհեց հերոսի շիրմաքարին։ Հավելեց նաեւ, որ ինքը հավաքել է ամուսնու մտքերը եւ գիրք հրատարակել՝ «Կտակ սերունդներին»։ Աշոտի մտքերից է, որ երկրի համար ծառայող ցանկացած անձ պետք է ունենա ասպետական ոգի։ Մաղթեց, որ մեր զինվորներն ունենան ասպետական, ազնվագույն ոգի։
Մարտի 29-ին Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում կայացավ «Բռեյն-ռինգ նավասարդյանական ասպետ» վիկտորինա-մրցույթը 5-րդ դասարանցիների միջեւ՝ նվիրված Նավասարդյանի ծննդյան օրվան: