«Մեկ բան միայն կարող եմ ասել այդ մարդու՝ Խոսե Անտոնիո Գուռիարանի մասին. մեծագույն հարգանք եւ խոնարհում նրա հանդեպ»։
Պերճ Զեյթունցյան
«Այդ մարդը, այդ գրողը՝ Խոսե Անտոնիո Գուռիարանը, իր համապատասխան արձագանքը պետք է ստանա մեր կողմից։ Որովհետեւ նա, իրոք, շատ շնորհակալ գործ է արել»։
Հովհաննես Գրիգորյան
«Երբ խոսում են ազնվական նկարագրի տեր մարդկանց մասին, ես անմիջապես մտաբերում եմ Խոսե Անտոնիո Գուռիարանին։ Ինչպե՞ս կարելի է սեփական դժբախտությունից վեր բարձրանալ եւ հասկանալ մեկ ուրիշ ազգի՝ իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող, վիշտը ու այդ ազգի նվիրյալը դառնալ»։
Ալեքսանդր Թոփչյան
Մարտի 31-ը լրագրող, հրապարակախոս, ազնիվ հայասեր, Հայ դատի ջերմեռանդ պաշտպան, իսպանացի մեծ հումանիստ Խոսե Անտոնիո Գուռիարանի հիշատակի օրն է։ Իսպանական Օրենսե մարզում ծնված եւ հենց այդտեղ իր լրագրողական աշխատանքի սկիզբը դրած գալիսիացին չէր էլ կարող պատկերացնել, որ շուտով կհայտնվի Մադրիդում, իսկ գրիչն ու ոճը այնքան ազդեցիկ կլինեն, որ նրան կհանձնարարեն լուսաբանել ճամփորդությունները Հռոմի Պողոս 6-րդ պապի պատվիրակության կազմում, զրույցներ վարել այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Ինդիրա Գանդին, Ժակլին Քենեդին, Սալվադոր Դալին, Ժան-Պոլ Բելմոնդոն եւ այլք, ռեպորտաժներ վարել աշխարհի տասնյակ երկրներից։
Աշխատել է տարբեր խմբագրություններում։ 1980 թ. (Ամանորի տոներից առաջ, որ կապեց նրա անունը մեր ժողովրդի հետ) «Պուեբլո» թերթի փոխտնօրենն էր։ Այդ օրը նա շտապում էր Վուդի Ալենի նոր ֆիլմը դիտելու։ Մայրաքաղաքի Գրան Վիա պողոտայի վրա գտնվող «Պոմպեյա» կինոթատրոնի մոտ տիկնոջն էր սպասում, երբ նրանից ոչ հեռու պայթյուն տեղի ունեցավ։ Որպես մամուլի աշխարհի մարդ՝ մտածեց, որ պետք է նախ խմբագրություն զանգի եւ անմիջապես դեպի հեռախոսախցիկը վազեց։ Բայց մինչ բացատրություններ էր տալիս գործընկերներին, երկրորդ ռումբը պայթեց այն խցիկի մոտ, որտեղից նա խոսում էր։ Ասես մի կինոժապավեն լիներ այդ ամբողջը։ Միակ միտքն էր ուղեղում, թե մահանում է։ Եվ բժիշկներին, իրոք, հրաշքով է հաջողվում նրա կյանքը փրկել։ Հիվանդանոցում նրան այցելության է գալիս Խուան Կառլոսը՝ Իսպանիայի նախկին թագավորը, ում Գուռիարանը իր գրքերից մեկն էր նվիրել։
«Ինչի՞ համար։ Ո՞ւմ էր պետք Նոր տարուց առաջ ինձ ցմահ հաշմանդամ դարձնել։ Ովքե՞ր էին»,- ահա հարցերը, որոնք ինքն իրեն էր տալիս այն նույն օրերին, երբ ամբողջ երկրով մեկ մարդիկ ուշիուշով հետեւում էին լուրերին՝ անհանգիստ Խոսե Անտոնիոյի առողջական վիճակով։
«Հայ երիտասարդներ էին»։ Ովքե՞ր են հայերը։ Աղոտ ինչ-որ բան գիտեր ՀԽՍՀ-ի մասին, քանզի այդքան երկրների շարքում ժամանակին նաեւ Խորհրդային Միություն էր այցելել եւ տեղյակ էր, որ նման անվանմամբ հանրապետություն կա վերջինիս կազմում։ Շատ բարի. ի՞նչ էր այդ երիտասարդների ուզածը։ «Նրանք ԱՍԱԼԱ-ի խմբից էին։ ԱՍԱԼԱ-ն պահանջում է Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հայոց ցեղասպանությո՞ւն։ Գուռիարանը խնդրում է, որ իրեն բերեն Հայաստանին ու հատկապես Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրականություն։ Արդեն այն ժամանակ գիտեր, որ գիրք է գրելու ու նվիրելու այն կատարողներին, որոնց նա չի ճանաչել, եւ որոնք նրան չեն ճանաչել, բայց երկուսի միջեւ մի փաստարկ կա՝ Հայաստան ու Հայոց ցեղասպանություն։ Այդ գիրքն, իրոք, գրվում է ու լույս տեսնում՝ «La bomba» («Ռումբը») վերնագրով։ Բացի այն, որ հեղինակն առաջինը դարձավ, ով իսպանական հողի վրա բարձրաձայնեց Մեծ եղեռնի մասին, նա նույն գրքի էջերում պատմողական ոճով ներկայացրեց նաեւ իր փնտրտուքների արդյունքը, երբ Պատրիկ Դեւեջյանի (այն ժամանակ՝ փաստաբան) միջնորդությամբ մեկնում է Բեյրութ՝ Մոնթե Մելքոնյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ հանդիպմանը։ Մահաթմա Գանդին էր իր իդեալը։ Եվ այդ հանդիպմանը նրա գաղափարով զինված է գնում։ Այն է. «Խաղաղասիրությունն է պայքարի ամենաարդյունավետ զենքը»։ Իսկ իր առջեւ նստած հայ զրուցակիցները պատմում էին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի մասին, որոնց կոտորեցին միայն այն բանի համար, որ նրանք հայեր էին եւ՝ թե ինչպես է շարունակում անհաղորդ մնալ աշխարհը՝ չճանաչելով ողբերգական իրադարձությունը։ Իսպանացուն հավաստիացնում էին, որ անձամբ նրա դեմ չէր գործողությունը, ոչ էլ՝ ցանկացած այլ քաղաքացու, այլ աշխարհի տերությունների (այդ թվում՝ Իսպանիայի), որոնք քաջություն չունեցան ընդունելու իրողությունը եւ իրերն իրենց անունով կոչելու։
Հետաքրքիր է, որ 26 տարի անց, երբ նա մեկնեց Հայաստան, գրելով մեր ժողովրդին նվիրված երկրորդ գիրքը՝ «Հայեր. մոռացված ցեղասպանություն» վերնագրով, ապա մի շարք այցելությունների շարքում բարձրացավ նաեւ Եռաբլուր՝ Մոնթե Մելքոնյանի շիրիմը տեսնելու։ Իմ այն հարցին, թե ի՞նչ զգաց հատկապես այդ պահին, պատասխանել է. «Մեկ ծաղկեփունջ վերցրի եւ գնացի Հայաստանի Ազգային հերոսի հիշատակը հարգելու։ Եվ ոչ միայն. Արցախում ինձ ուղեկցեցին ճիշտ այն վայրը, որտեղ նա զոհվել էր։ Տեսնել էր պետք, թե ինչպիսի՜ հպարտությամբ էին խոսում մարդիկ շրջակայքում իրենց սիրելի Ավոյի մասին»։
Հետաքրքիր է, որ վերջին գրքի կապակցությամբ Մադրիդում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն անմիջապես բողոքի նամակ էր հղել թե հեղինակին եւ թե հրատարակչությանը՝ ակնարկելով նաեւ, թե որեւէ լրագրողի կամ հրապարակախոսի գործը չէ ցեղասպանության շուրջ խոսելը, այլ դա բացառապես պատմաբանների խնդիրն է։ «Դուք պատասխանեցի՞ք նրան»։ «Ի՞նչ պատասխանեի,- արձագանքեց անմիջապես։- Եթե նա կարդա երբեւէ մեր հարցազրույցը, ապա իմ պատասխանը հետեւյալն է. «Ես ուրախ եմ, որ ծանոթացել ու չեք հավանել իմ գիրքը։ Հակառակ պարագայում վստահ կլինեի, որ ինչ-որ բան այնպես չեմ արել»։ Բայց, վերջին հաշվով, ի՞նչ հետաքրքիր է ինձ նրանց կարծիքը, երբ «Ռումբի» հրատարակությունից առաջ եւ հետո քանիցս դիմել էինք Թուրքիայի դեսպանատուն (իսպանացի ռեժիսորների մոտ ցանկություն կար ֆիլմ նկարահանել), սակայն մշտապես փակ ենք գտել մեր առջեւ նրանց դռները։ Այժմ իրենք են արդեն գրքեր ուղարկում՝ իրենց տեսակետը, բայց դրա անհրաժեշտությունն այլեւս չկա. բոլորը լավ գիտեն, թե ինչ եւ ինչպես է եղել»։ Նման ֆիլմ միայն 2015 թ. է նկարահանվել։ Խոսքը Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ժապավենին է վերաբերում։
Մինչեւ կյանքի վերջը Խոսե Անտոնիո Գուռիարանը հավատարիմ հայասեր մնաց՝ առաջացնելով առաջին հերթին թուրքերի զարմանքը, որոնք հեղինակի կողմից լիովին հակառակ վերաբերմունքն էին սպասում։ Նա հաճույքով ներկայանում էր բոլոր այն միջոցառումներին, որոնք այսպես թե այնպես կապ ունեին մեր ժողովրդի հետ։ Մամուլի միջազգային ակումբի նախագահի պաշտոնում ինքն անձամբ առաջադրեց, որ այդ հեղինակավոր կազմակերպության մրցանակը Հրանտ Դինքին շնորհվի հետմահու։ Կազմակերպել եւ վարում էր Ալիսիա Կիրակոսյանի պոեզիայի երեկոն Մադրիդում։ Հրավիրված էր առաջին անգամ ամբողջ Իսպանիայով մեկ ցուցադրված քննարկումներին՝ Մեծ եղեռնի թեմային նվիրված, որը հեռարձակվեց «Ինտերէկոնոմիա» հայտնի ալիքով։ Տասնյակ այլ հայանպաստ նախաձեռնություններ իրականություն դարձան նրա շնորհիվ ու մասնակցությամբ։
Գիտակցում ենք, թե ոչ, բայց Խոսե Անտոնիո Գուռիարանի անունը ոսկե տառերով է գրվել հայ ժողովրդի պատմության էջերում։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար