Որոշակի ընդմիջումից հետո Արեւմուտքը վերսկսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը: Ինչպես եւ նախորդ փաթեթների դեպքում, առաջին սահմանափակումները կիրառում է Մեծ Բրիտանիան: Նրան հաջորդում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, որոնց ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ նվիրված Ռուսաստանին դիմակայմանը: Պատժամիջոցային սուր հարվածը, ինչպես կարծում են Արեւմուտքում, առաջին հերթին պետք է ուղղված լինի ռուսական «վերեւների» դեմ, որոնց շարքերում, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, միասնություն չկա: Ամեն դեպքում՝ Պենտագոնն ու Սպիտակ տունն արդեն հաստատել են, որ Վլադիմիր Պուտինը շատ դժգոհ է զինվորականներից ու խորհրդականներից, որոնք իրեն ճիշտ չեն ներկայացրել իրավիճակը Ռուսաստանում ու Ուկրաինայում:
Ռուսաստանին դիմակայմանը միտված վաշինգտոնյան հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցել է պետքարտուղարի առաջին տեղակալ Վիկտորյա Նուլանդը, Եվրամիության կողմից՝ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան: Դատելով հրապարակված աղքատ տեղեկատվությունից՝ այդ հանդիպումը նախորդում է հաջորդ շաբաթ կայանալիք իրադարձություններին: Սկզբում, ինչպես եւ սպասվում է, Եվրահանձնաժողովը կհրապարակի Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների վերաբերյալ իր առաջարկները, որոնք կհաստատվեն Եվրամիության գագաթնաժողովում: «Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ պատժամիջոցների նոր փաթեթը կներառի ինչպես տեխնիկական, այնպես էլ սկզբունքային նորամուծություններ: Աղբյուրը պնդում է, որ ԵՄ-ի «սեւ ցուցակում» կներառվեն ռուսական բանկերը եւ ֆիզիկական անձինք, ովքեր հայտնվել են ամերիկյան, բայց ոչ եվրոպական պատժամիջոցների տակ: Միջոցներ կձեռնարկվեն նաեւ միջազգային սահմանափակումները շրջանցելու փորձերի դեմ: Մասնավորապես՝ ենթադրվում է ուշադրությունը կենտրոնացնել ավելի վաղ «սեւ ցուցակում» հայտնված անձանց հարազատների վրա:
Պատժամիջոցների ընդմիջումը, որը նկատվեց Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ, ավարտվել է: Զորքերը որոշ ուղղություններով հեռացնելու պայմանավորվածությունն ակնհայտորեն այն չէ, ինչն Արեւմուտքում հասկանում են՝ խաղաղ կարգավորում ասելով: Այս մասին ուղղակիորեն հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ իհարկե, չբացատրելով, թե խաղաղ կարգավորման իրենց ընկալումն ինչ չափով է տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: Անգլիան ստամբուլյան բանակցություններից հետո առաջինն է համալրել իր «սեւ ցուցակը»: Հինգշաբթի բրիտանական պատժամիջոցների տակ են հայտնվել RT հեռուստաալիքը, «Ռուսաստանն այսօր» մեդիախումբը: Որոշումն սպասելի էր: Մեծ Բրիտանիան, ԵՄ-ի օրինակով, անցյալում պատժամիջոցներ չէր կիրառում այդ կառույցների նկատմամբ՝ վախենալով, որ Ռուսաստանը կարգելափակի BBC-ի հեռարձակումն իր տարածքում: Բայց քանի որ արգելափակումն արդեն տեղի է ունեցել, բրիտանացիները որոշել են կատարել իրենց պատասխան քայլը:
Բրիտանական «սեւ ցուցակներում» հայտնվել են նաեւ ՌԴ-ի 14 քաղաքացիներ: Նրանց թվում է Սերգեյ Բրիլեւը: Հաշվի առնելով, որ պատժամիջոցների տակ հայտնված մյուս անձինք ԶԼՄ-ների աշխատակիցներ են, անսպասելի էր Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցեւի` «սև ցուցակում» հայտնվելը: Վերջինս, ինչպես նշվում է բրիտանական ԱԳՆ-ի բացատրության մեջ, մեղավոր է «Մարիուպոլի ռմբակոծության պլանավորման ու իրականացման մեջ», իսկ ռուսական պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ նույն «սեւ ցուցակում» հայտնվել է այն պատճառով, որ պարբերաբար բրիֆինգներ է հրավիրում:
Պատժամիջոցների ցուցակը համալրել է նաեւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Դրանում հայտնվել են 13 ռուսաստանցիներ եւ 21 ընկերություններ, որոնք կապ ունեն կիբերտարածության մեջ գործունեության հետ, այդ թվում՝ բանակի ու հետախուզության կարիքների համար աշխատողներ:
Եվրամիության նոր փաթեթում ամենաինտրիգային հարցն այն է, թե արդյոք որեւէ սահմանափակում կմտցվի՞ ռուսական էներգակիրների արտահանման դեմ: Այն մասին սկզբունքային որոշումը, որ ԵՄ-ն կվերացնի կախվածությունը ռուսական մատակարարումներից, արդեն ընդունված է: Դա անուղղակիորեն հաստատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Հավանաբար, մեկ տարվա ընթացքում մենք կկարողանանք վերացնել կախվածությունը ռուսական նավթից ու ածուխից, իսկ գազի համար փոքր-ինչ շատ ժամանակ կպահանջվի»,- ասել է նա:
Այն բանին, որ էներգակիրների եվրոպական շուկայում Ռուսաստանի ներկայությունը կլինի նվազագույնը ոչ այնքան մասշտաբային, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նավթի գնի աճի, բացահայտ պատրաստվում են ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է «Bloomberg» գործակալությունը, Սպիտակ տունը դիտարկում է առաջիկա կես տարում ռազմավարական պահուստից 180 մլն բարելի օգտագործման հնարավորությունը: Սկսած նոյեմբերից՝ երկրի իշխանություններն արդեն երկու անգամ ստիպված են եղել բացել նավթային ռազմավարական պահեստարանները: Սակայն ԱՄՆ-ում նավթի սեփական պահուստների այսպիսի զանգվածային օգտագործման պլան վաղուց չէր եղել:
Արեւմուտքն ակտիվորեն քննարկում է այն ազդեցությունը, որը տվել կամ կարող են տալ կիրառվող պատժամիջոցները։ Կարծիքները՝ ռուսական էլիտայում պառակտում եղե՞լ է, թե՞ ոչ, բաժանվում են: Բոլորը միակարծիք են միայն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը դժգոհ է իր շրջապատից։ Չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդն ասել է, որ «խորհրդականներն ապատեղեկացնում են Պուտինին, թե ռուսական զորքերը որքան վատ են դրսեւորել իրենց, թե ինչպես է ռուսական տնտեսությունը տուժում պատժամիջոցներից, քանի որ գլխավոր խորհրդականները չափազանց վախենում են ճշմարտությունն ասել Պուտինին»։ Գործնականում նույնը, բայց ՌԴ պաշտպանության նախարարության հետ կապված, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Նրան պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ ոչ Պետդեպարտամենտը, ոչ Պենտագոն իրական տեղեկատվություն չունեն Կրեմլում տեղի ունեցող իրադարձությունների մասին, եւ «նրանք չեն հասկանում նախագահ Պուտինին, չեն հասկանում որոշումների կայացման մեխանիզմը, չեն հասկանում մեր աշխատանքի ոճը»:
Ուկրաինայում ռազմական գործողության իրականացումը պետք է ազդանշան լիներ արեւմտյան ուժերի համար, որոնք կարծում են, թե կարող են ծնկի բերել Ռուսաստանին: Մոսկվան այս ճանապարհով հայտարարեց, որ այլեւս ոչ մի քայլ չի նահանջի, սակայն Արեւմուտքում շարունակում են մտածել անցյալի իներցիայով, թե Պուտինն ընդամենը շանտաժ է անում: Ասվածը հատկապես վերաբերում է ՌԴ նախագահի այն հայտարարությանը, որ «ոչ բարեկամ» երկրներն ապրիլի 1-ից ռուսական գազի դիմաց պետք է վճարեն ռուբլիով: Պարզապես չեն հավատում դրան, ինչպես ժամանակին չէին հավատում Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական հատուկ գործողության հնարավորությանը: Այսպես կհասնեն այն բանին, որ ՌԴ-ն ինքը էներգետիկ պատժամիջոցներ կկիրառի, ինչն աղետ կդառնա Արեւմուտքի համար:
Ի դեպ, Պուտինի՝ գազի դիմաց ռուբլիով վճարման մասին հայտարարությունից հետո Եվրոպայում գազի բորսայական գինը գերազանցել է 1450 դոլարի սահմանագիծը 1 խմ-ի դիմաց: