-Տարեցների համար, որոնց ես հիշում եմ եւ որոնց հետ երկար-բարակ շփվել եմ,- պատմում է ուսուցիչը,- առանձին էջ է զբաղեցնում հայ-թուրքական ընդհարումների ժամանակագրությունը։
1905 թ. աշնան սարսափելի եղեռնագործության մասին էր ակնարկում զրուցակիցս։ Բաքվում նույն տարվա փետրվար եւ օգոստոս ամիսներին տեղի ունեցած չարաբաստիկ ջարդերը նկատի ունենալով՝ Լղարակի երիտասարդությունը հորդորում է համագյուղացիներին՝ հետեւել չարդախլեցիների օրինակին։ Այն է՝ ցանկացած պահի պատրաստ լինել պաշտպանության, քանզի հարձակումը չի ուշանա նաեւ իրենց կողմերում։ Ավագները, սակայն, հակված էին ավելի շատ հավատալ թշնամուն՝ Ալլահեար Զուլղատարովին, ով խարդախորեն հավաստիացնում էր գյուղացիներին, թե՝ «Բադան իմն է, եւ թույլ չեմ տա ուրիշների մուտքը այստեղ»։ Ճիշտ դուրս եկան, հարկավ, երիտասարդները։ Նոյեմբերի 23-ին կովկասյան թաթարներն իսկապես գրոհում են եւ անկազմակերպ վիճակից ու դիմադրության պակասից օգտվելով՝ երեկոյան արդեն ներխուժում գյուղ։ Երեք օր տեւեց սարսափելի կոտորածը։ Մարդկանց ունեցվածքը՝ թալանված, հայերը՝ սպանված ու հոշոտված։ Արյունն էր հոսում տների բակերում։ Վիշտն էր տիրում ամենուրեք։ Սարսափելի տեսարան. դատարկ օջախներում տիրություն էին անում զավթիչները։ Ավազակները կրում էին՝ ինչ որ կարող էին տանել, եւ ոչնչացնում էին ամենայն ինչ, որ դժվար էր վերցնել կամ չէր հետաքրքրում նրանց։ Նոյեմբերի 25-ի դրությամբ արդեն ոչ մի հայ այդտեղ չէր մնացել։ Սակայն չկարծեք, թե մահմեդականները բավարարվել էին, միայն գյուղի գրավումով՝ նրանք հետապնդում ու սրախողխող էին անում նաեւ փախուստի դիմած եւ ձորերում թաքնվող անպաշտպան գյուղացիներին։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ ընթացքում զոհվել էր 116 մարդ։ Նշվում էր, որ ամբողջությամբ ոչնչացվել էին Առաքել Ավագյանցի, Սարիբեկ Նիկողոսյանցի եւ Գրիգոր Սարգսյանցի գերդաստանները։
-Փրկվածները (1664 մարդ) ժամանակավոր կացարաններ էին գտել Բանանցում, Բարսումում, Գանձակում, Չարդախլուում, Խաչթառակում, Թիֆլիսում…
Ըստ տեղական հաշտարար Իվան Պետրովի՝ մարդկային կորուստներից բացի, Լղարակն այդ հրեշավոր օրերի ընթացքում կրել է ավելի քան երկու միլիոն ռուբլու վնաս։ Պատահել է, որ նույն թվականի վերջերին Թիֆլիս էր այցելել Խրիմյան Հայրիկը, ով Բադայի քահանա Տեր-Ստեփանոսյանից տեղեկանալով դժբախտության մասին՝ պատվիրում է շուտափույթ հագուստ, անկողին եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ ուղարկել աղետյալներին։ Միեւնույն պահին Թիֆլիսի կենտրոնական նպաստամատույց հանձնաժողովը 56 հազար ռուբլի է հատկացնում՝ ալյուր գնելու համար։
1906-ից սկսած՝ լղարակցիները կրկին գյուղ հետ դառնալու ճամփան բռնեցին ու լծվեցին այն նորից վերաշինելու գործին։ Տներից բացի մերոնք զարկ էին տվել նաեւ տեղի Ս. Աստվածածնի վերականգնողական աշխատանքներին։ Եկեղեցին, որի կառուցման ժամանակի մասին ստույգ տեղեկություններ գոյություն չունեն, որպես փայտաշեն կառույց՝ հիշվել է դեռեւս 1844 թ.: Առաջին անգամ 1862 թ. դեկտեմբերի 20-ին էր կողոպտվել։ Որոշ լրատվամիջոցներ (օրինակ՝ «Նոր դարը», 1889 թ.) անդրադառնում են, որ գյուղը երկու եկեղեցի ուներ։ Հինը՝ 1867 թ. կերտած, իսկ նորը՝ 1883-ին։ Ժամանակակիցներից մեկը հին շինությունը նկարագրում է որպես «անփառունակ, անձուկ, մութ եւ խոնավ»։ Այդպես՝ ներսից։ Իսկ դրսից միայն մի բան էր իր աչքին զարնել. «Դըրսի մըղակի մոտ ընկած էր քանդակած շիրիմը Աբրահամ երեցի, 1858 թ. մեռած»։ Այդքանը։
1870-ականներին էր, երբ բնակիչների մեջ առաջանում է նոր եկեղեցի ունենալու ցանկություն, որն անպայման պետք է լիներ քարաշեն։ Այդ նպատակի իրագործման համար նրանք դիմում են ոմն հույնի, ով, օգտվելով ժողովրդի միամտությունից, ութ հազար ռուբլի գումար է վերցնում, ավարտին հասցնում շինարարությունը, որը մի քանի տարի անց… փլուզվում է։ «Նորաշեն եկեղեցին,- գրում էր Սարգիս Քամալյանը 1890 թ.,- Ձորաբաշի պռնկին աւերակ դրութէան մէջ նայում է ու նզովում խարդախ յոյն վարպետների արծաթասիրութիւնը եւ լղարակցոց տխմարութիւնը»։ Այն, ինչպես քիչ վերը ընդգծվեց արդեն, վերջնականապես թալանվեց 1905 թ.։ Թաթարները ջարդել էին նախ խաչկալը, ապա՝ քանդել բեմը, ոչնչացրել այդտեղ պահվող 1711 թ. ձեռագիրը՝ Հովհաննես քահանայի ձեռքով ստեղծած։ Նվիրատվությունների շնորհիվ 1906 թ. Բաքվում հաջողվում է դարձյալ ձեռք բերել եկեղեցական ծեսերի համար անհրաժեշտ իրեր, բայց ընդհուպ մինչեւ 1911 թ. Սուրբ Աստվածածինը շարունակում էր մնալ վթարային վիճակում։ Փրկելու մտահոգությամբ մարդիկ դիմել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ին, Գանձակի ատյանին, հոգեւոր այլեւայլ իշխանությունների՝ հանգանակություն կազմակերպելու խնդրանքով։ Ապարդյուն։ Իսկ 1928 թ. այն, ի վերջո, փլուզվեց։
Առանձնակի անհանգստության առարկա էր նաեւ կրթության հարցը։ Մինչեւ 20-րդ դարը, որքան էլ զարմանալի թվա, Բադայում գոյություն չուներ ոչ մի դպրոց։ «Գեղի երեցը կամ այլ գրագետ ոք մին չէր փորձել մի քանի երեխա ժողովել, գրել-կարդալ սովորցնել»,- կարդում ենք Ե. Լալայանի «Գանձակի գավառում»։ 1902 թ. հոկտեմբերի 24-ից այդտեղ սկսում է գործել հասարակական միջոցներով պահվող միդասյա կառավարչական դպրոցը, որտեղ մինչեւ 1915 թ. մայիսի 26-ը կրոնի եւ հայոց լեզվի ուսուցիչն էր Գրիգոր քահանա Տեր Հովակիմյանը։ Խորհրդային շրջանում իմ այցելության օրոք գործում էր միջնակարգ դպրոց։
-Ժամանակները փոխվեցին պարզապես,- ակնարկում է Նիկոլայը։- Մինչ բադացիները ջանքեր էին գործադրում ոտքի կանգնել, վրա հասավ հեղափոխությունը։ Օրերից մի օր այդ խառը ժամանակներում այստեղ հայտնվեց Ստեփան Շահումյանը՝ հանդիպելով Լազար Յավրյանի եւ Հակոբ Հակոբյանի հետ։ Մեր գյուղացի Սալոմեն նրա ոտքերը լվաց, նոր գործած գուլպաներ հագցրեց ոտքերին։ Իսկ հետո Սարգիս Քանարյանն ու ադրբեջանցի Աթաքշին հարեւան Էրմաշ գյուղից մինչեւ Բաշքենդ ճանապարհեցին նրան։
-Հետաքրքիր է այդ ամենը։
-1918 թ. քյոխվա (ասել է թե՝ գյուղապետ) նշանակվեց Մելիք Ծերեցյանը։ 1931-ին ստեղծվեց կոլխոզը, որի առաջին նախագահը դարձավ Միսակ Միսքարյանը։ Վերջինս պատերազմ գնաց ու հետ չդարձավ ռազմաճակատից։
***
Բադա գյուղի հին գերեզմանոց ինձ ուղեկցեց Մասիսը։ Նրան հետաքրքիր չէին գրիչ-տետրերս։ Խոտը հնձելու ժամանակն է, իսկ ես՝ իմ գրություններով։ Թողեց այդտեղ, ասաց, որ հետո կգա եւ անհետացավ տեսողական իմ դաշտից։ Չնկատեցի էլ նրա բացակայությունը եւ այն, թե ինչպես անցան ժամերը։ Որքան ձգվում էր գերեզմանոցը, այդքան առարկայական էր հին պատմության հետքը։ Ձեռքով վերարտագրում էի գրությունները։ «Այս է տապան Զաքարի, որ է որդի Շահիր Պետրոսի, վախճանեանց 1816։ Մի որք հանդիպէք, ողորմի հիշէք»։ «Այս է տապան Սարգիս Առաքէլեանց, որ կրեցի այս տապան Ըստեփան Առաքյ. Որ հանդիբեք ասէք Ած ողորմէ»։ «Տապանս է Խաչկիր Պօղոսի Խաչատրեան Արաբաչիանց, որ վախճուանեցայ 1880 ամի»։ «Ով եղբարք իմ սիրելիք, որք այս տապանիս հանդիպիք, տաք ողորմի ինձ Ոսկանիս»…
Տեսնում եմ նաեւ կոպիտ մշակված քարեր։ Տառերը դրանց վրա կամ չափազանց դժվար ընթեռնելի են, կամ առհասարակ՝ ջնջված։ Դրանց կողքին՝ հին գեղեցիկ եղանակներով պատրաստած շիրիմներ։ Ուշադրություն գրավողը, սակայն, 19-րդ դարի ձիակերպ դամբանաքարն է։ Լղարակի գերեզմանոցներում եղած քարերի վրա քանդակված զարդերի մի զգալի մասը թույլ է տվել ուսումնասիրողներին եզրահանգել, որ թաղումներն այդտեղ սկսվել են 16-րդ դարից։
-Եթե սրանից մի տասը տարի առաջ գայիր, կտեսնեիր ամենահին տապանը,- նկատել էր հետո Ն. Ղուկասյանը։
Չգիտեմ՝ ի՞նչ էր եղել այդ քարի հետ, բայց հետագայում, Սամվել Կարապետյանի շնորհիվ, տեղեկացա, որ այդ ամենահին տապանաքարը կերտվել էր 1571 թ. եւ 1980-ից արդեն գոյություն չուներ: Բարեբախտաբար, Քաջբերունին տալիս է դրա նկարագրությունը. «Ափսոս, որ արձանագրութիւնը եղծուած է։ Սակայն քարի ճակատին երեւում է հետեւյալ նկարը։ Մի կանգնած կին, բաց մազերը մի հիւսով կախուած մէջքի վրայ, օղակներն ականջներում, երկայն շապիկը կոճկած, սրա վրայից կարճ արխալուղը, ոտերին լափչիններ, բազուկներին հագցրած է ապարանջան, ձախ ձեռքը ծալած կրծքի վրայ, իսկ աջը մեկնած դէպի արծաթեայ սափորը»։
Այդտեղ է ամփոփված նաեւ Պետրոս Ծերատյանցի աճյունը։ 24-ամյա երիտասարդը զոհվել էր հերոսի մահով 1905 թ. նոյեմբերին՝ Կապ դժվարամատչելի ժայռից անխնա ոչնչացնելով 36 թշնամիների, որոնք Թոփ փըրփըրնջան կոչված վայրում հարձակվել էին 800 անպաշտպան մարդկանց վրա եւ դավաճանորեն կոտորել նրանց։
***
-Գնանք,- ասաց Մասիսը,- աղբյուրից ջուր խմելու։ Այդ տեսակ ջուր աշխարհում չկա։
Դժվար թե Մասիսը այդ շրջանից ավելի հեռու գնացած լիներ, բայց ես միացա նրան։
-Համո՞վ է։
-Լավն է,- պատասխանում եմ։
Մինչեւ 1890 թ. լղարակցիները կրում էին համով խմելու ջուրը չորս աղբյուրներից։ Տեղում հայտնի էին Առուշանի՝ բարակ, Մուսիի՝ երեք մատնաչափ ունեցող, Ծերատյանցի՝ նավակով աղբյուրները։ 1890 թ. ծխական եկեղեցու մոտ ստեղծվում է Վեդի (Շահբազի) աղբյուրը։
***
1988 թ. Արցախյան շարժման առաջին ամիսներին Բադան՝ պատմական Լղարակ գյուղը, հերթական անգամ դատարկվեց բնիկներից։ Հայերի տներում հիմա էլ ադրբեջանցիներն են նստած, եւ անհայտ է՝ պահպանվե՞լ է, արդյոք, այն ամենը, ինչի մասին վերը խոսեցինք, ու եթե, իրոք պահպանվել է, ապա ի՞նչ վիճակում է։
Պահպանվե՞լ են 9-10-րդ դարերին պատկանող Մանդուռա չորս խաչքարերը։ Հողին չե՞ն հավասարվել Մանդուռա խաչից հինգ կմ հեռու գտնվող «Աղջկաբերդ» (Ղըզղալա) ամրոցի ավերակները։ Դեռ գոյություն ունի՞ դեպի Քամանդար տանող ճանապարհի վրա դարավոր հաստարմատ կաղնի ծառը, որն ուխտի եւ տոնախմբության վայր էր գյուղի բնակիչների համար։
Արդարության հույսը երբեք չի մարում, եւ վստահ ենք, որ լղարակցիները նորից կվերադառնան իրենց հարազատ վայրը։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար