Հայաստանի պետական սահմանը երեք ուղղությունով խախտելու փաստը քարտեզների անճշտությամբ բացատրելու Ադրբեջանի անհաջող փորձը, բնականաբար, հեռու է իրականությունից: Հայաստանի համար ընդունելի չեն անգամ GPS-ի օգնությամբ որոշված սահմանները, որոնք առաջիկայում դեմարկացիայի արդյունքում լրջորեն կվերանայվեն, հետեւաբար՝ ավելորդ է խոսել նույնիսկ նախնական առկա սահմանների խախտման դեպքերի անթույլատրելիության մասին:
Ադրբեջանական կողմն անթաքույց ցանկություն ունի ՀՀ Սյունիքի ու Սեւանա լճի առափնյա որոշակի հատվածների հանդեպ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է եւ հիմա ցանկանում է նման պարզագույն խորամանկությամբ թիզ առ թիզ մոտենալ իր երազանքին:
Բնականաբար, ՀՀ զինված ուժերը համարժեք գործողությունների դիմեցին՝ մարտական բարձր պատրաստականության վիճակի բերելով 5-րդ բանակային կորպուսը՝ շրջափակման մեջ առնելով սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի խմբավորումներին: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի ներկայացրած կեղծ քարտեզները վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանին գտնվող ռազմավարական բարձունքներին, որոնցից մեկը Իշխանասարն է: Այն իշխող դիրք ունի Սյունիքի մարզի սկզբնական հատվածում, որտեղից դիտարկվում է նաեւ Հայաստանի հյուսիսը հարավին միացնող մայրուղին: Սահմանի հենց այդ հատվածներոմ նման «անճշտությունները» պատահական չէին: Մայիսի 16-ի գիշերը ադրբեջանական կողմը նույնիսկ փորձել էր այդ խմբավորումների թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հայաստանի սահմանը հատած երեք ստորաբաժանումները զրկված են սպառազինության եւ այլ միջոցների համալրման հնարավորությունից: Նրանք որեւէ ինժեներական ամրացման գործողություն չեն իրականացրել, առավել եւս չեն կարողացել սպառազինություն եւ այլ ապահովման միջոցներ ստանալ:
Առաջին տպավորությունն այն էր, որ Ադրբեջանը փորձում է պատերազմ սադրել անմիջապես ՀՀ սահմանների մոտ: Հատկապես, որ մայիսի 15-ին՝ սահմանախախտմանը զուգահեռ, այդ երկրի զինուժը սկսել է հերթական զորավարժությունները: Սակայն սահմանախախտման գործողություններին ներգրավված ուժերի կազմը եւ չափն այդ մասին չեն փաստում: Ադրբեջանը փորձում է նման գործողությունների հավանական սցենարի դեպքում ընդամենը հետախուզել միջազգային հնարավոր արձագանքները եւ վերջինիս հակազդման քայլերը: Իսկ այն իրեն սպասեցնել չտվեց: ՀԱՊԿ-ն հայտարարեց, որ հետեւում է դեպքերի զարգացմանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն հայտնեց ՄԱԿ-ի կարգավորումների համաձայն ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը նշանակում է, որ ՄԱԿ-ի սահմանած ընթացակարգերով օգնության դիմելու դեպքում ռազմական աջակցությունն իրեն սպասեցնել չի տա: Միանշանակ է, որ դեպքերի զարգացման վատ սցենարի դեպքում ռազմական օգնություն առաջարկող երկրների թիվն ավելի մեծ կլինի:
Սահմանային միջադեպի ֆոնին ՌԴ-ն իր 102-րդ ռազմաբազայի զինված ուժերի զգալի մասը կենտրոնացրեց Սյունիքում: Այս ժամանակահատվածում իրանա-ադրբեջանական սահմանին սպանվեց երկու ադրբեջանցի զինծառայող: Տարածաշրջանային նման զարգացումների կիզակետում երկու սահմանապահի զոհվելն ունի հստակ ուղերձներ: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին էլ հայտարարեց, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի հետ իր երկրի ունեցած սահմանի կարգավիճակի որեւէ խախտում, եւ տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է պահպանվեն: Նկատենք, որ այս դեպքում Թուրքիան առաժմ լռում է:
Միջազգային աջակցության անհրաժեշտությունը Հայաստանը կզգա այն ժամանակ, երբ ադրբեջանաթուրքական կոալիցիան հերթական ագրեսիային դիմի, իսկ Ադրբեջանի գործողություններին ՀՀ զինված ուժերն ինքնուրույն լիովին պատրաստ են հակազդելու, ինչը ցույց տվեցին վերջին զարգացումները: Հայկական զինուժի պատասխան գործողություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հետքայլ արեց եւ շտապեց հայտարարել, որ հիմքեր չի տեսնում ՀԱՊԿ-ին դիմելու՝ Հայաստանի քայլի համար, քանի որ, նրա խոսքերով, բախումներ չեն եղել: Նա հավաստիացրել է, որ իրավիճակը երկու պետության սահմանին կայուն է, եւ որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթանում է սահմանի հստակեցման գործընթաց:
Բոլոր դեպքերում Ադրբեջանի նման սադրիչ քայլերը կանխատեսելի էին, եւ դրանք առաջիկայում նույնպես կարող են կրկնվել, եթե կանխարգելիչ քայլեր չարվեն: Իսկ դա ենթադրում է նման հնարավոր բոլոր սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ-ի կողմից հենակետերի տեղադրում՝ մինչեւ սահմանների վերջնական դեմարկացիան: Հայաստանի սահմանների անձեռնմխելիության ապահովումը յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է: Մեր պատմական բնօրրանի այս փոքր հատվածի ուղղությամբ ցանկացած ոտնձգություն կստանա արժանի պատասխան՝ առաջին հերթին հայ ժողովրդի կողմից: