«Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Փափազյանը ամենաթափառող կյանք վարող գրողն էր. դա նրա անհատական հակո՞ւմն էր, թե՞ կյանքի ձախորդ պայմաններն էին մղում նրան այդ բանին-պարզել չեմ կարող, սակայն ոմանք, երեւի նկատի ունենալով նրա այդ թափառումները, պնդում էին, թե նա «բոշայական ծագում» ունի: Այդ եւս պարզել դժվար է, բայց փաստ է, որ նա ոչ մի տեղ երկար չէր մնում. մի երկու տարի ուսուցչություն էր անում, ասենք, Պարսկաստանում, ապա Ռումինիայում, մի տարի հետո նրա ձայնը գալիս էր կամ Պարիզից, կամ Պոլսից: Մերթ դասավանդում էր Երեւանի գիմնազիայում, մերթ Շուշու թեմականում, եւ այսպես անվերջ…»:
Ստեփան ԶՈՐՅԱՆ
Այնուամենայնիվ, լավ օրից չէին բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների ու զրույցների հեղինակ, իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկն համարվող, 14 լեզուների իմացությամբ առանձնացող Վրթանես Փափազյանի թափառումները: Նրա, ով հաճախակի է հեռացվել աշխատանքից իր հեղափոխական գաղափարների ու գործունեության պատճառով, ով հետապնդվել է ցարական կառավարության կողմից, անցել զրկանքների միջով, բանտարկության դատապարտվել երեք անգամ, ով գաղտնի հսկողության տակ է եղել, իսկ նրա որոշ երկեր հանվել են հրատարակչությունից, ոչնչացվել, բռնագրավվել ձեռագրերն ու գրքերը: Իսկ թուրք կառավարությունը այս ըմբոստ գրողի նկատմամբ անգամ մահվան վճիռ է արձակել: Այս ամենով հանդերձ՝ նա վայր չէր դնելու իր բեղմնավոր գրիչը եւ իր տեղն էր ապահովելու հայ դասականների շարքում:
1864-ին հայոց դրախտային Վան քաղաքում հայտնի մանկավարժ, եկեղեցական գործիչ Մեսրոպ Փափազյանի ընտանիքում է ծնվել անհանգիստ այս մտավորականը, որի այսուայնտեղ հայտնվելն սկսվելու էր դեռ վաղ հասակից. նախնական կրթությունն ստանում է հայաշեն Ագուլիսում, ապա սովորում Թավրիզի Արամյան դպրոցում, հետո հասնում Էջմիածնի Գեւորգյան ճեմարան եւ երեք տասնամյակը բոլորած տարիքում ավարտում Ժնեւի համալսարանի գրականության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը: Իսկ մինչ այդ՝ սկսած 15 տարեկանից, ապրուստ հայթայթելու համար կատարելու էր ցանկացած աշխատանք՝ սեւագործ բանվոր, լուսանկարիչ, հեռագրիչ… Երկար տարիներ ուսուցչություն էր անելու ծննդավայր Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում, Նուխիում, Էջմիածնում, այլուր: Հետո խմբագրելու էր «Կռիվ», «Շավիղ», «Ղարաբաղ» պարբերականները՝ հանդես գալու օրախնդիր հրապարակումներով, Կարինում ուսուցչության տարիներին կապեր էր հաստատելու ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակների հետ, ճանապարհորդելու էր Արեւմտահայաստանով մեկ եւ Ապրո կեղծանունով «Մշակում» հրապարակելու «Նամակներ թուրքաց Հայաստանից» ակնարկաշարը:
1889-ից մամուլում սկսում են տպագրվել Փափազյանի գեղարվեստական գործերը՝ պատմվածք-պատկերների շարքը, որոնք հետագայում լույս են տեսնում երկու գրքով՝ «Պատկերներ թուրքահայոց կյանքից» եւ «Պատմվածքներ թուրքահայոց կյանքից»: Դրանցում թուրքերի եւ քրդերի դեմ արեւմտահայության պայքարի դրվագներ են, ազգանվեր հայորդիների կերպարներ, ազգային անպտուղ կուսակցությունների ձաղկումներ՝ «Խերան», «Կայծակ», «Մեռնողները բարեւում են ձեզ», «Հաջի բեկ» «Էմմա»: Մարդկանց աշխատանքային, նյութական, իրավական հավասարության գաղափարները ցոլանում են «Մարդագայլը», «Լուր դա լուր», գործերում: Բռնակալության դեմ ըմբոստացած ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը, դասակարգային պայքարի արծարծումները հրապարակախոսական, գեղագիտական ստեղծագործություններում՝ «Վիշապը», «Անտառը շարժվում է», «Զարթնել է առյուծը» : Գործեր, որոնք գրողի վրա էին սեւեռելու իշխողների չարակամ հայացքներ եւ առիթ դառնալու հալածանքների:
Անուրանալի է Վրթանես Փափազյանի ներդրումը հայ դրամատուրգիայում. գրել է 9 դրամա, որոնցում պատմական եւ արդիական հիմքի վրա առաջ է քաշում ազգային-ազատագրական եւ հեղափոխական խնդիրներ՝ «Արշալույս», «Հոսանք», «Ժայռը», «Այծեմնիկ»: Բազմաթիվ վեպեր, վիպակներ, պատմվածքներ ու զրույցներ՝ տարբեր ժողովուրդների (ռուս, պարսիկ, թուրք, ադրբեջանցի, քուրդ, վրացի, արաբ, հրեա, չին) բանահյուսական, պատմական հենքով՝ այդ կերպ նպաստելով հայ իրականության մեջ ինտերնացիոնալ մտայնության տարածմանը: Առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը՝ «Պատմություն հայոց գրականության՝ սկզբից մինչեւ մեր օրերը»: Զբաղվել է թարգմանությամբ՝ Շառլ Մերե, Լեւ Տոլստոյ, Նիցշե, Էրկման Շատրիան, այլ հեղինակներ: Գրել է ընդհանուր քաղաքակրթության, արվեստների, գրական ուղղությունների պատմություններ, տրամաբանությանը, հայոց պատմության առանձին հատվածներին, լեզվաբանությանը, երաժշտությանը նվիրված աշխատություններ, բեմադրել իր դրամաներից մի քանիսը, գրել դրանց երաժշտությունը, հեղինակել հանրահայտ «Զեյթունցիների քայլերգի» տեքստը… Բազմատաղանդ մի անհատականություն՝ ապրած իր ժողովրդի հոգս ու ցավերով, ապրած չարքաշ կյանքով, բայց շռայլ իր հունձքը թողած մեր գրչության անդաստանում… Նրա խորիմաստ մի մտորումով էլ ամփոփենք ասվածը. «Այդպես է. ստրուկ մեծացածը առանց վախի հարգանք չգիտե. եթե մեկին հարգանք է ցույց տալիս-դա վախենալուցն է: Չէ՞ որ կան մարդիկ, որոնք պաշտում են ժայռեր, որովհետեւ վախենում են նրանից, կենդանիների, որովհետեւ սոսկում են նրանց հարձակումներից…»:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ