Էսպերանտո՝ արհեստական կառուցված լեզու, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում։ Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից. այդ անվամբ էր լեզվի ստեղծողը՝ Լ. Լ. Զամենհոֆը, հրապարակել իր «Unua Libro» գիրքը 1881 թ.՝ հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն էսպերանտո լեզվով նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ եւ ճկուն լեզու իբրեւ համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։
Չնայած այն բանին, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության թվաքանակը գնահատվում է 100.000-ից մինչեւ 2 միլիոն։ Այսօր էսպերանտոն կիրառվում է բազմաթիվ բնագավառներում, այդ թվում որպես ճանապարհորդական լեզու, մշակութային շփման, հաղորդակցման, գրականության եւ այլ լեզուների ուսուցման համար դյուրին միջոց։
Էսպերանտոն ստեղծվել է 1870-ականների վերջին եւ վաղ 1880-ականներին ակնաբույժ Լյուդվիգ Լազարուս Զամենհոֆի կողմից, ով ծագումով լեհ հրեա էր Ռուսական կայսրության արեւմտյան մասից (այժմ՝ Լեհաստան)։ 10 տարվա աշխատանքներից հետո, որի ընթացքում Զամենհոֆը այլ լեզուներից գրականություն էր թարգմանում եւ բնագիր արձակ ու լիրիկական ստեղծագործություններ գրում, էսպերանտոյի առաջին քերականական գիրքը տպագրվեց 1887 թ. հուլիսին, Վարշավայում։ Նկարահանվել են երկու լիամետրաժ ֆիլմեր, որոնց երկխոսություններն ամբողջությամբ էսպերանտո լեզվով են՝ «Angoroj» (1964 թ.) եւ «Incubus» (1965 թ.):