Սիրո ավետարանական ուղերձը դուրս է հավատացյալների համայնքի սահմաններից։ Հիսուսը զգուշացնում էր, որպեսզի հոգեւոր եղբայրությունը չսահմանազատվի մարդկությունից եւ չպարփակվի, Նա հանձնարարեց սիրել ոչ միայն եղբայրներին, այլեւ նույնիսկ թշնամիներին.
«Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. բարի արէք ձեզ ատողներին. եւ աղոթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար։ Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։ Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. չէ՞ որ մաքսավորներն էլ նոյնն են անում։ Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։ Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը, որ երկնքումն է, կատարեալ է»։ Մատթեոս 5։44-48
Եւ ճաշկերույթին էլ կանչիր կողմնակի անձանց, աղքատներին, քանզի նրանք նույնությամբ քեզ չեն կարող հատուցել.
«Եւ իրան կանչողին էլ ասեց. Երբ որ ճաշ կամ ընթրիք ես անում, մի կանչիր քո բարեկամներին, եւ ոչ քո եղբայրներին, եւ ոչ քո ազգականներին, եւ ոչ քո հարուստ հարեւաններին, մի գուցէ նորանք էլ նորա փոխարէն կանչեն քեզ եւ հատուցում լինի քեզ։ Այլ երբոր հացկերութիւն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կոյրերին։ Եւ երանելի կլինիս. որովհետեւ բան չունին, որ փոխարէն վճարէն քեզ. որովհետեւ արդարների յարութեան ժամանակին կլինի քեզ հատուցումը»։ Ղուկաս 14։12-14
Աստծո ընտանիքը միշտ պետք է պատրաստ լինի նոր «որդեգրումների»։ Հիսուսն ընդգծել է սիրո եւ եղբայրության աստվածաշնչյան սկզբունքների բարձր նորմերի պահպանման անհրաժեշտությունը։
Նորկտակարանային եղբայրության թեման հետագա զարգացումն է ստացել Պողոսի թղթերում։ Շատ հաճախ է առաքյալն օգտագործում «աղաչում եմ ձեզ, եղբարք» արտահայտությունը.
«Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը»։ Հռովմեացիս 12։1
«Եւ աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ Հոգու սիրովը, որ ինձ պատերազմակից լինիք՝ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստված»: Հռովմեացիս 15։30
«Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում, այն վարդապետութիւնիցը դուրս է, որ դուք սովորեցիք, եւ հեռու քաշուեցէք նորանցից»։ Հռովմեացիս 16։17
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ