Եզակի դեմքով եմ դիմում, ու մի տեսակ այդ անսովոր զգացումից սեղմվում է կոկորդս։ Հետո խորհում եմ մի պահ եւ, համեստ բնավորությանդ քաջատեղյակ լինելով, փորձում փոքր ինչ սրտապնդվել… Ախր լիովին համոզված եմ, որ պիտի կշտամբես «Դուք»ին անցնելուս համար ու ասես. «Ինձ հետ արի մինչեւ վերջ անկեղծ ու շիտակ եղիր, իրար նոր չենք ճանաչում։ Ի՞նչ անենք, թե իմ տանն ես։ Գիտեմ, որ ինձ անվերապահորեն հարգում եւ ընդունում ես։ Մտերմիկ, անմիջական զրույցն ո՞ւմ են տվել, որ…»։ Ու ես ստիպված պիտի… համաձայնեմ։
Ծննդով Հարավ գյուղից ես, սակայն ճակատագրի բերումով կյանքդ ընդմիշտ կապել ես Այգեստանի (Բալուջա) հետ, ու կարճ ժամանակամիջոցում մարդիկ, բնությունը, յուրաքանչյուր արահետ, ծառ ու թուփ հարազատ ու սիրելի են դարձել քեզ։ Բուհն ավարտելուց հետո ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցչի դիպլոմով գործուղվել ես Բալուջայի միջնակարգ դպրոց, մշտական բնակություն հաստատել։
Ավելի քան չորս տասնամյակ կրթել ու դաստիարակել ես երեխաներին, կայուն գիտելիքներ հաղորդել, սեր ու բարություն սերմանել նրանց հոգիներում։ Լինելով Արցախի լավագույն ուսուցիչներից մեկը՝ շարունակ որոնումների մեջ էիր, ձգտում էիր ավելի խորանալ ընտրածդ մասնագիտության մեջ։ Եվ տարեց ընթերցողը, հավանաբար, կհիշի «Խորհրդային Ղարաբաղի» էջերում ունեցած հրապարակումներդ, որոնք լույս էին տեսնում առանձին խորագրի ներքո։ Դու թերթի արտահաստիքային թղթակիցն էիր եւ, մասնագիտական հոդվածներից բացի, հաճախ էիր դիմանկարներով, ակնարկներով հանդես գալիս նրա էջերում։
Դպրոցի ուսուցիչներից ոչ ոք այնպես ամուր չէր կապված երիտասարդների հետ, ինչպես դու։ Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ փոքր էիր։ Երբեք թույլ չէիր տա, որ որեւէ մեկն իրեն վիրավորված կամ նվաստացած զգար։ Յուրաքանչյուրի բնավորությունը, նախասիրությունները լավ գիտեիր։ Լինելով կենսուրախ ու կատակասեր, հումորի նուրբ զգացում ունեիր, ու միշտ էլ դիպուկ էր սրամտությունդ, համովհոտով… Ահա թե ինչու շատերն էին ուզում քեզ հետ քեֆի նստել ու համեմված խոսքերդ, բարի խորհուրդներդ լսել, ունկնդրել քո սրտաբուխ, այնքան հաճելի երգերը։ Իսկ քո կատարմամբ Շերամի, Ջիվանու, Աշոտի, Շահենի ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգերն ու խաղիկները մի առանձին հնչեղություն ունեին։ Ու այսօր էլ, անշուշտ, ձայնդ (քամանչայի անզուգական նվագիդ հետ) ականջիս մեջ է, սրտիս մեջ…
Կարոտդ, անուրջներդ այրում էիր ու մեր հոգիները ջերմացնում։ Ուրախ սեղանների հրաշալի սեղանապետ էիր, ու մարդիկ ամենուր սիրով սպասում էին քո ծանրակշիռ խոսքին, անկեղծ մաղթանքներին։ Ու ես հիմա ակամայից հիշում եմ մեր տղաներից մեկի շիտակ խոստովանանքը. «Դուք մեզ համար ոչ միայն դպրոցի, այլեւ կյանքի սրտացավ ուսուցիչ եք եղել ու կաք։ Կյանքի, հայրենասիրության ձեր ոգեշունչ դասերը հատկապես այսօր շատ պետք եղան, ամենավճռական պահերին մեզ զորեղ զգացինք…»։
Հավանաբար, ոչ քչերն են հիշում Արցախյան շարժման առաջին օրերին Ստեփանակերտի բազմամարդ միտինգներում ունեցած կրքոտ, համարձակ ելույթներդ։ Մղձավանջային այն ծանր օրերին, երբ գեներալ Սաֆոնովի պատժիչ ջոկատներն ազերի օմօնականների հետ վխտում էին մեր բնակավայրերում ու դաժան դատաստան տեսնում շարժման ակտիվ մասնակիցների հետ, դու, ինչպես միշտ, շարունակում էիր աներկյուղ եւ ըմբոստ մնալ։ Իսկ երբ թշնամին Քյոսալար, Ջամիլլու, Ջանհասան կրակակետերից շրջակա հայկական բնակավայրերը, այդ թվում նաեւ Բալուջան գնդակոծության տակ էր առել, եւ օր օրի ավելանում էր անմեղ զոհերի ու ավերված տների թիվը, դու առաջիններից մեկը նախաձեռնեցիր կանանց, ծերերի ու երեխաների ժամանակավոր տեղափոխումն անվտանգ գոտի՝ գյուղամերձ նախկին դպրոցական ճամբարի կացարանները։ Կազմակերպում էիր նրանց անվտանգությունը, սակայն ինքդ գերադասում էիր տղամարդկանց հետ երբեք չլքել տները։
Ու մի օր էլ, երբ կեսգիշերին թուրքը գնդակոծում էր գյուղը, շատերի թվում կրակի տակ հայտնվեց ու խոցվեց քո կառուցած տունը, իսկ քեզ՝ արկի բեկորներից վիրավոր, հայտնաբերեցին միայն հաջորդ օրը… Դու չվհատվեցիր։ Քեզ խոր վիշտ պատճառեց ԵրեւանՍտեփանակերտ ինքնաթիռի ահավոր աղետը, որին մոր հետ զոհ էր գնացել մայրաքաղաքից տատիկին ու պապիկին տեսության եկած յոթնամյա թոռնիկդ…
Հայրենասիրության քո դասերը յուրովի են սերտել Սամվել եւ Կարեն որդիներդ, որոնք անդամագրվելով գյուղի ինքնապաշտպանական ջոկատին՝ խիզախորեն մասնակցել են շրջակա կրակակետերի վերացմանը, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի շրջանների՝ թուրքերի կողմից գերեվարված գյուղերի ազատագրման մարտերին, համագյուղացի մյուս քաջարի տղաների հետ հասել մինչեւ Հորադիզ… Իսկ Սամվելը, որ վաշտի տղաների առաջարկությամբ գումարտակի հրամանատար էր նշանակվել ու վայելում էր բոլորի հարգանքն ու վստահությունը, հետագայում քիչ դեր չխաղաց հրետանավորների գնդի կազմավորման, թշնամու դեմ տարած հաղթանակների ապահովման գործում։ Եվ դու, որպես հայր, որպես ուսուցիչ, սաներիդ մարտական հաջողությունների ու սխրանքների համար քեզ հպարտ էիր զգում։
Իմ հիշողությունից երբեք չեն ջնջվի մղձավանջային այն դաժան օրերը, երբ մարտադաշտերից տուն էին բերվում նահատակված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը։ Ամենուր սուգ էր։ Տուն չկար, որ իր բաժին կորուստը չունենար։ Մարդկանց աչքերի արցունքը դեռ չչորացած, նոր զոհեր էին բերվում կռվից, եւ ստվարանում էր այրիացած ջահել կանանց, որդեկորույս մայրերի, որբացած երեխաների թիվը։ Եվ, ամեն անգամ գյուղից որեւէ մարտիկի զոհվելու լուրն առնելիս, ծանր էիր տանում ու երեխայի պես արտասվում էիր։ Շրջապատի նկատմամբ լինելով անչափ զգայուն եւ ուշադիր՝ այցելում էիր հարազատներին եւ նրանց վիշտը մեղմելու համար կարեկցում, մխիթարում, միաժամանակ չմոռանալով այս կամ այն հարցում նրանց օգնելու, սատար կանգնելու քո պատրաստակամությունը հայտնել։
Սրտի արատ ունեիր ու քեզ երբեք չէիր խնայում։ Առաջվա պես նույն կենսուրախ, մարդամոտ, աշխատասեր, անհանգիստ, առօրյա ակտիվ կյանքով ապրող, բոլորի կողմից հարգված ու սիրելի անձնավորությունն էիր մնում։ Մի րոպե հանգիստ նստել չէիր կարողանում։ Միշտ անբաժան էիր քո այգուց, քո բանջարանոցից, մեղվափեթակներից…
Ալեքսանդր Հակոբյան։ Իմ սիրելի ուսուցիչ, մշտարթուն ուսուցչապետ, բարեկամս…
Իսկ գարունն ահա այգիդ է խուժել, եւ մանուշակներն են շիրմիդ տխուր… արտասվում: