Ընձուղտ՝ զույգսմբակավորների կարգի կաթնասուն։ Համարվում է ամենաբարձր ցամաքային կենդանին։ Ընձուղտի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5.5 մետրի, իսկ քաշը՝ 900 կգ-ի։ Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում։ Ընձուղտների պարանոցը շատ երկար է, չնայած որ ընձուղտները, ինչպես համարյա բոլոր կաթնասունները, ունեն 7 պարանոցային ողեր։ Բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի շնորհիվ էլ ընձուղտների սիրտը շատ ուժեղ է։ Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն եւ ստեղծում ճնշում, որը երեք անգամ բարձր է, քան մարդու մոտ։
Յուրաքանչյուր ընձուղտի մորթու գունավորումը առանձնահատուկ է՝ ինչպես մարդկանց մատնահետքերը։ Ունեն լավ տեսողություն, լսողություն եւ հոտառություն, ինչը նրանց թույլ է տալիս ժամանակին նկատել վտանգը։ Լավ տեսողությանը նպաստում է նաեւ բարձր հասակը. իրենց ցեղակիցներին ընձուղտները կարող են նկատել մեկ կիլոմետր հեռավորությունից։
Ընձուղտները կարող են արագ վազել եւ անհրաժեշտության դեպքում զարգացնում են 55 կմ/ժ արագություն։ Սակայն հիմնականում տեղաշարժվում են դանդաղ՝ սկզբում առաջ դնելով երկու աջ ոտքերը, հետո՝ երկու ձախերը։ Իրենց մեծ քաշի եւ բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերեւույթով։ Նրանք հեռու են մնում ճահճային տեղանքից, իսկ գետերը նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ են։ Չնայած այս ամենին, ընձուղտները կարող են ցատկել եւ հաղթահարել մինչեւ 1.85 մ բարձրությամբ պատնեշները։