Վանա կատու՝ կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Հայկական լեռնաշխարհի Վանա լճի շրջակա ափամերձ տարածքներից։ Տարածված է պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում, ինչպես նաեւ այլ երկրներում։
Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, ներառյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ թուրքական Անգորա, թուրքական Վան եւ Անատոլի, գենետիկորեն պատկանում են միեւնույն խմբին եւ ընտանեցված հնագույն կատուների ժառանգներ են։ Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտելացվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի տարածքում մոտ 9500 տարի առաջ:
Մինչեւ 20-րդ դարի սկիզբը՝ ֆելինոլոգիայի (ընտանի կատուներին ուսումնասիրող գիտություն) ձեւավորումը եւ ընտանի կատուներ սիրողների հասարակական ակումբների ու միջազգային կազմակերպությունների ստեղծումը, կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու», այսինքն՝ Վանի կամ Վանա լճի ավազանում տարածված կատուներ։
Եվրոպայում մինչեւ 16-րդ դարը բոլոր կատուները եղել են կարճագեղմ եւ փոքրակազմ։ Առաջին երկարագեղմ կատուներին հին բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարձող խաչակիրները։ Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»։