ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը, Սամվել Բաղինյանը, Սարգիս Նաջարյանը, ասմունքող, հանրապետական մրցույթների դափնեկիր Նարեկ Մարգարյանը, երգչուհի Եվա Եգանյանը, երգիչ, երգահան Վահագն Ռաշը մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրը մայրաքաղաքից սահյանական բույրեր ու գույներ իրենց հետ բերեցին Լոռի: Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանի հրավերով նրանք թանգարանում հանդիպում ունեցան աշխատակիցների, քաղաքի մշակութային գործիչների, արվեստագետների հետ:
Միջոցառման մեկնարկը տվեց Ստ. Զորյանի տուն-թանգարանի փոխտնօրեն, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը Համո Սահյանի «Ապրեմ այսպես» բանաստեղծությամբ: Լիլիթ Չոբանյանն ընթերցեց «Սիրելի Ստեփան Զորյանին» բանաստեղծությունը: ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը հետաքրքիր հուշեր պատմեց Համո Սահյանի կյանքից՝ վերստին հիշեցնելով, թե նրա ավագ ընկերը՝ պատմավիպասան Ստեփան Զորյանը, ինչպիսի դեր է խաղացել բանաստեղծի գրական ճակատագրում: Սահյանի՝ Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտում արկերի պայթյունների ներքո գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը լույս աշխարհ է եկել Զորյանի անմիջական նախաձեռնությամբ ու ջանքերով: Հետաքրքիր դեպքեր պատմեցին եւ սահյանական մեղեդիներ հնչեցրին մյուս արտիստները, իսկ Եվա Եգանյանը, Վահագն Ռաշը հանդես եկան սահյանական մոտիվներով երգերի կատարումներով: Լեփ-լեցուն դահլիճում երկար թեւածեցին սահյանական շունչն ու ոգին:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի