Թուրքական բանակը երկուշաբթի գիշերը ռազմական նոր գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում. հատուկ նշանակության ստորաբաժանումները «Աթաք» հարվածային ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ վայրէջք են կատարել Դահուկ նահանգի Մեթինա, Զափ եւ Ավաշին շրջաններում։ Խոշոր տրամաչափի հրետանու եւ ինքնագնաց հրանոթներից խոցվել են Քրդական բանվորական կուսակցության դիրքերը, ապաստարանները, թունելները, զինամթերքի պահեստները եւ ՔԲԿ-ի շտաբը։
«Penջe Kilit» ծածկանունով գործողության մեկնարկի մասին հայտարարել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ կիրակի օրը ժամանելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբի վայր՝ գլխավոր շտաբի պետի եւ զինված ուժերի հրամանատարների ուղեկցությամբ։ «Առայժմ մեր գործողությունը հաջողությամբ շարունակվում է, ինչպես ծրագրված էր: Առաջին փուլում դրված նպատակներն իրականացվել են»,- հայտարարել էր Աքարը՝ հավելելով, որ ի տարբերություն նախորդ գործողությունների, այս մեկը երկարատեւ է լինելու, քանի որ «Թուրքիան կանգ չի առնի, մինչեւ վերջին ահաբեկիչը չսպանվի»: Թուրքական հեռուստատեսությամբ ասվում է, որ ի լրումն վերոնշյալ գործողության, հնարավոր վերջնական թիրախներ կարող են լինել Սինջար-Մոսուլ շրջանների տարածքները։
Քրդական հարցը շահարկվել է տարբեր ժամանակներում, իսկ մինչ օրս հանգուցալուծում չստանալը դրա լավագույն դրսեւորումներից է։ Խնդիրն այն է, որ լուծման տեսլականը խիստ իրարամերժ է, եւ քիչ են համընկնումները շահագրգիռ կողմերի համար։ Այս պահին, երբ վերջիններս զբաղված են ուկրաինական ճգնաժամով, Թուրքիան գործելու առավել լայն հնարավորություն է տեսնում իր համար։ Թեեւ Թուրքիան այս ռազմական գործողությունը ներկայացնում է իբրեւ «ահաբեկչական հարձակումները իր ժողովրդի եւ անվտանգության ուժերի դեմ Հյուսիսային Իրաքից կանխելու եւ անվտանգությունն ապահովելու» համար, սակայն մի կողմից՝ խնդիրը բուֆերային գոտու ընդլայնումն է, մյուս կողմից՝ ծավալապաշտական գործողություններում հաջողություններ գրանցելը։ Վերջին հանգամանքն առավել պահանջված է դառնում Էրդողանի վարկանիշի անկմամբ պայմանավորված նախընտրական տարուն ընդառաջ։ Նշենք, որ «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, որ ընդդիմադիր «Ազգի դաշինքը» պատրաստ է նախագահի միասնական թեկնածուի անուն տալ, եթե երկրում արտահերթ ընտրություններ հայտարարվեն։
Հյուսիսային Իրաքում ռազմական գործողությունների հավանականությունն ակնհայտ էր դարձել, երբ օրեր առաջ Անկարայում կայացել էր Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասուդ Բարզանիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռաջեփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը մասնակցել էր նաեւ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը։ Հանդիպման օրակարգի երկու կարեւորագույն կետերն էին անդրսահմանային գործողություններն Իրաքում եւ իրաքյան բնական գազի փոխադրումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրաքի երկնքում միաժամանակ 3-4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք է գործել, իսկ ուղղաթիռները զինվորականներին են տեղափոխել Իրաքի հետ սահմանամերձ շրջաններ։
Ռազմական գործողությանն ընդառաջ թուրքական իշխանությունները նաեւ ապահովել են հանրային կարծիքի ձեւավորումը։ Նման «առաքելություն» էր ստանձնել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն՝ նշելով, թե իրենք կփրկեն Սիրիան եւ Իրաքը Ամերիկայի եւ Եվրոպայի ձեռքից. «Այսօր մենք օգնում ենք Ուկրաինային, Իրաքին, Լիբանանին, ներկա ենք նաեւ Լիբիայում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում (Արցախ)։ Մենք հին Թուրքիան չենք։ Ինչպես խաղաղություն բերեցինք Արեւելքում եւ հարավ-արեւելքում, այնպես էլ՝ Սիրիան եւ Իրաքը կփրկենք Ամերիկայի եւ Եվրոպայի ձեռքերից եւ այնտեղ էլ խաղաղություն կբերենք»,- ապրիլի 16-ին ասել էր Սոյլուն, ինչի վերաբերյալ ելույթը տեղադրված է թվիթերյան իր միկրոբլոգում։ Ռազմական գործողությանը զուգահեռ աշխատանքներ են տարվում նաեւ սոցիալական ցանցերում՝ հանրային տրամադրությունները սնվում են «Մեծ Թուրքիայի» մասին երազանքներով, որը պետք է, ըստ նրանց, կյանքի կոչվի Իրաքի, Սիրիայի եւ Հունաստանի տարածքների մի մասի հաշվին։
Ի հավելումն Հյուսիսային Իրաքի ուղղությամբ սկսած արկածախնդրության, թուրքական բանակի հրետանին երկուշաբթի օրը հրթիռակոծել է նաեւ Սիրիայի Հասաքա նահանգի հյուսիսում գտնվող Աբու Ռասեյն շրջանը։ SANA գործակալության տվյալներով՝ կրակն արձակվել է 2019 թ. թուրքական զորքերի կողմից ստեղծված սահմանային անվտանգության գոտուց։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ գործողության արդյունքում նյութական վնաս է հասցվել բնակելի շենքերին, կան տուժածներ խաղաղ բնակիչների շրջանում, որոնց թիվը ճշտվում է։ Աբու Ռասեյնի եւ նրա շրջակայքի վրա միաժամանակ հարձակվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը։ Ականատեսների վկայությամբ՝ ինտենսիվ գնդակոծության պատճառով մի շարք բնակիչներ լքել են իրենց տները՝ շարժվելով դեպի Հասաքա վարչական կենտրոն (Դամասկոսից 630 կմ հեռավորության վրա)։ Անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին Աբու Ռասեյնում թուրքական զորքերի եւ նրանց դաշնակիցների հրթիռակոծության զոհ էին դարձել երեք խաղաղ բնակիչներ, եւս 10 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երեխաներ։
2019 թ. հոկտեմբերին Թուրքիան «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ ստեղծելով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի իր սահմանի երկայնքով։ Այնտեղ տեղակայված զինյալները թուրքամետ ընդդիմադիր խմբավորումներից պարբերաբար հարձակվում են բնակավայրերի վրա՝ քրդական ջոկատների դեմ կռվելու պատրվակով, եւ ահաբեկում տեղի բնակիչներին։
Այսքանով Թուրքիան չի բավարարվում, կիրակի օրը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին կարծիք էր հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության միջազգային համակարգն ընդունակ չէ լուծելու հակամարտությունները եւ այն բարեփոխումների կարիք ունի։ Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունները, երկար տարիներ ակտիվորեն հանդես են գալիս ՄԱԿ-ի համակարգը փոխելու օգտին։ 2021 թ. հոկտեմբերին Էրդողանը, ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում, հայտարարել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ երկրների» ողորմությանը։ Խոսելով համաշխարհային համակարգում առկա անհավասարության մասին՝ նա ընդգծել է, որ «աշխարհը հինգից ավելի է»՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների կազմը, եւ թիվն այլեւս չի արտահայտում աշխարհում ստեղծված նոր իրողությունները։ Հասկանալի է, որ ծավալապաշտական ծրագրերով աչքի ընկնող էրդողանյան Թուրքիան իրեն տեսնում է անվտանգային միջազգային համակարգը ձեւավորողների շարքում։ Սակայն ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում «խաղաղության երաշխավոր» ներկայացող երկիրն ինքն է ապակայունացնում հարեւան պետությունները՝ դառնալով խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ, ինչպես նաեւ վտանգելով այդ երկրների տարածքային ամբողջականությունն ու կայունությունը։