Ծնողների եւ զավակների փոխհարաբերությունների մասին դատողությունները Սուրբ Գրքում բազմաթիվ են, քանզի դա անչափ կարեւոր հոգեւոր եւ բարոյական խնդիր է մարդկանց կյանքում։ Յուրաքանչյուր դարաշրջան, իրեն հատուկ մշակույթի շրջանակում, այս հարաբերությունների մեջ ներդնում է իրենը. Աստվածաշունչը մեզ առաջարկում է հոգեւոր տեսանկյունից նայել այս խնդրին։ Ամենակարեւորը, որ ասվում է Աստծո Խոսքի մեջ այս հարաբերությունների մասին, այն է, որ դրանք մշտապես Աստծո աչքի առաջ են, եւ Արարիչի համար միեւնույն չէ, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ծնողներին կամ զավակներին։
Սուրբ Գիրքը մի քանի տեսանկյունից է անդրադառնում այս թեմային։ Նախապես, ընտանեկան հարաբերությունների մասին խոսքեր մենք գտնում ենք Աստվածաշնչի հենց սկզբում, մարդու արարման պատմության մեջ։ Ամուսնությունը սահմանելով որպես ընտանեկան կյանքի նորմ, Աստված սահմանում է զավակների՝ ծնողների կախվածությունից ազատման տարիքային որոշակի սահման, անփոփոխ թողնելով նրանց հարաբերությունների բարոյական բովանդակությունը։ Այդ հարաբերություններն առավելապես սահմանվում են Մովսեսի օրենքում։
Հետագա գրքերում առավելապես ներառված են ծնողներին հարգելու եւ պատվելու պատվիրաններ։ Պատվելու մասին խոսքը ներառված է տասը պատվիրանների մեջ՝ աստվածաշնչյան հավատքի եւ բարոյականության հիմքերի հիմքը. այստեղ արդեն սահմանափակումներ չկան ոչ տարիքային, ոչ մարդու ընտանեկան դրության առումներով։ Ծնողներին պատվելու պարտականությունը այստեղ ոչ այնքան ծնողների հանդեպ է, որքան՝ Աստծո։
Միաժամանակ օրենքը ծնողներին պարտավորեցնում է հոգ տանել նախ եւ առաջ երեխաների բարոյական նկարագրի համար. «Եթէ մէկ մարդ մի անզգամ եւ անհնազանդ տղայ ունենայ, որ իր հօր եւ իր մօր խօսքին չէ լսում, եւ երբոր նորան խրատում են՝ նորանց մտիկ չէ անում. Այն ժամանակ նորա հայրը եւ մայրը նորան բռնեն եւ նորան դուրս տանեն քաղաքի ծերերի մօտ եւ նորա բնակած տեղի դուռը»: Երկրորդ օրինաց 21։18-20
Այնուամենայնիվ, Աստծո Խոսքը, պատվիրելով հարգել եւ պատվել ծնողներին, հստակ տարանջատում է ծնողների եւ զավակների բարոյական պատասխանատվությունը սեփական կյանքի համար. «Հայրերը չմեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չմեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի»։ Երկրորդ օրինաց 24։16
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ