Աստծո օրենքները հատուկ ուշադրություն են հրավիրում ծնողներին չարախոսելու, վատաբանելու արգելքի վրա։ Այստեղ, երեւի թե կրոնների ողջ պատմության մեջ առաջին անգամ խոսքը, իր հոգեւոր նշանակությամբ, հավասարեցվում է արարքին։
Սերունդների փոխհարաբերությունների մասին արտահայտությունների երկրորդ խումբը կարելի է ասել՝ ընդգրկված է Աստվածաշնչի ուսուցողական եւ, մասամբ, նաեւ պատմական գլուխներում։ Հիմնականում կրկնելով Օրենքի սահմանումները, Սուրբ Գրքի ուսուցողական գրքերը ուշադրություն են դարձնում ծնողների՝ զավակների հոգեւոր աճի ապահովման պարտականության վրա։ Իմաստնությունը, որը ուսուցողական գրքերում նշանակում է կյանք՝ ըստ Աստծո պատվիրանների, հնազանդություն Աստծուն եւ խուսափում մեղքից, ահա այն ամեն կարեւորն ու գլխավորը, ինչ ծնողները պարտավոր են փոխանցել զավակներին։ Ուսուցողական գրքերը արդարությունը դիտարկում են որպես աշխատանք, որը պահանջում է իմաստնություն եւ կամքի գործադրման ճիգեր։ Դրա համար իմաստնություն սովորելը, կյանքի բարոյական հիմքերը սովորելը այստեղ կապված են ծնողական իշխանության կիրառման անհրաժեշտության հետ։
Տեքստերի երրորդ խումբը պատկանում է մարգարեական գրքերին։ Այստեղ բացառիկ նշանակություն ունեն Եսայի եւ Եզեկիել մարգարեների խոսքերը։ Եսայի մարգարեն համեմատում է վերաբերմունքը մարդուն կյանք տված երկրային հոր եւ մոր նկատմամբ անձամբ Արարիչի նկատմամբ վերաբերմունքի հետ։ Այս վերաբերմունքների նմանություններից հետեւում է պատվելու եւ գոհունակության պարտքը ե՛ւ Աստծո, ե՛ւ ծնողների նկատմամբ։ Միաժամանակ ծնողների պարտականությունը եւս նմանեցվում է նրան, ինչ Աստված արեց Իր իսկ կողմից արարված մարդկանց նկատմամբ։
Եզեկիել մարգարեն նշում է, որ հոր արդարությունը չի փրկի որդուն եւ հոր մեղքը չի կործանի որդուն, եւ որդու արդարությունը չի փրկի հորը եւ որդու մեղքը չի կործանի հորը։ Այսպիսով՝ Աստված յուրաքանչյուրի հետ հարաբերություններ է կառուցում յուրովի։
Մարդկանց ազատագրումը մեղքից ընտանեկան հարաբերություններում՝ մարգարեները որակում են որպես Արարիչի փրկչական գործունեության արդյունք, որը պետք է իրականացվի Հիսուսի միջոցով։
Մաղաքիա մարգարեի հավաստմամբ՝ Նա կարող է հայրերի սրտերը դարձնել դեպի որդիները եւ որդիների սրտերը դարձնել դեպի հայրերը, այսինքն տալ նրանց իրական հոգեւոր միավորման հնարավորություն՝ Աստծո պատկերի առաջ։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ