Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա՝ գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա Երեւանում։
1923 թ. Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ հանրապետության Լուսժողկոմատի գլխավոր քաղաքական լուսավորության համակարգում ստեղծվում է Հայաստանի պետական կինոն (Պետկինո)։ Հայկական կինոյի առաջամարտիկը եղավ 1924 թ. նկարահանված «Սովետական Հայաստան» հայկական վավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացվում էին Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը։
1925 թ. կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը», որը կոչված էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց։ Հայկական կինոյի առավել նշանակալի երեւույթը դարձավ 1931 թ. նկարահանված «Մեքսիկական դիպլոմատներ» քաղաքական, երգիծական կինոկոմեդիան։ 1935 թ. նկարահանվել է առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմը՝ «Պեպոն», որը մեծ ու նշանակալի հայտնություն էր մշակութային կյանքում։ 1930-ական թթ. վերջերին հայկական կինոն իր հաջող փորձաքննությունն էր անցնում պատմահեղափոխական կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Այսպես՝ «Կարո», «Զանգեզուր», «Սեւանի ձկնորսները», «Լեռնային մարշ» կինոֆիլմերը արտացոլում էին Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարը եւ արժանացել են հանդիսատեսի համակրանքին։
«Հայֆիլմ» կինոստուդիային մեծ հաջողություն են բերում «Երգում է սիրտը» եւ «Առաջին սիրո երգը» երաժշտական ֆիլմերը։ Այնուհետեւ նկարահանվում են «Նվագախմբի տղաները», «Տժվժիկը», «Բարեւ, ես եմ», «Եռանկյունի» եւ այլ ֆիլմեր։
Բարձր գնահատելով ձեռք բերված հաջողությունները՝ 1973 թ. օգոստոսի 15-ին Անտոն Քոչինյանը Հ. Բեկնազարյանի անվան Երեւանի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիան ներկայացնում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգեւատրման։