Ծնողների եւ զավակների փոխհարաբերությունների թեման շարունակում ենք Նոր Կտակարանի անդրադարձներով։ Մեծամասամբ, իհարկե, Նոր Կտակարանի տեքստերը կրկնում, երբեմն՝ ուղղակիորեն մեջբերում են Հին Ուխտի ձեւակերպումները։ Նոր Ուխտում սերունդների փոխհարաբերությունները կարծես նմանվում են միջանձնային հարաբերություններին ընդհանրապես. ինչպես եւ բոլոր մյուս դեպքերում, մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները կոչված են սիրելու մերձավորներին, այդ թվում նաեւ հարազատներին ու բարեկամներին։
Ինքը՝ Տերը բազմիցս փաստում է, որ հարաբերությունները Աստծո հետ շատ ավելի կարեւոր են ցանկացած մարդկային հարաբերություններից։ Տերն իր աշակերտներին անվանում է իր ընտանիքը, բարեկամական հարաբերություններին տալով արմատական հոգեւոր բնույթ։
Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում անառակ որդու մասին առակը, որտեղ Տերը, ինչպես նախկինում Եսայի մարգարեն, խոսում է Աստծո եւ ծնողների նկատմամբ հարաբերությունների նմանությունից.
«Եւ ասեց. Մի մարդ երկու որդի ունէր. Եւ նորանցից փոքրն ասեց հօրը. Հայր, տուր ինձ ինչ որ բաժին կհասնէ ինձ ստացուածքիցդ, եւ նա ապրանքը բաժանեց նորանց։ Եւ շատ օր չանցած՝ փոքր որդին ամեն բաները ժողովեց հեռու երկիր գնաց. եւ այնտեղ իր ստացուածքը վատնեց, անառակ ապրելով։ Եւ երբոր բոլորը հատցրեց, սաստիկ սով եղաւ այն երկրումը եւ ինքն սկսեց չքաւորել։ Եւ գնաց այն երկրի քաղաքացիների մէկի մօտ մտաւ. եւ նա նորան ուղարկեց իր յանդը, որ խոզ արածեցնէ։ Եւ նա ցանկանում էր՝ իր փորն լեցնել այն եղջիւրներովն, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նորան։ Եւ ինքն իրան գալով ասեց. Քանի վարձկաններ ունի իմ հայրը՝ հացով լցուած. եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հօր մօտ, եւ նորան ասեմ. Հայր մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին։ Եւ այլեւս արժանի չեմ քո որդի կոչուելու. ինձ քո վարձկանների մէկի պէս արա։ Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան։ Եւ որդին ասեց նորան. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին, եւ այլ եւս չեմ արժանի քո որդի կոչուելու։ Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին։ Եւ մսացու եզը բերէք մորթեցէք, եւ ուտենք՝ ուրախ լինենք. Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. եւ կորած էր, եւ գտնուեցաւ. եւ սկսեցին զուարճանալ։ Եւ նորա մեծ որդին յանդումն էր. եւ երբոր եկաւ տանը մօտեցաւ, երգերի եւ պար գալու ձայնը լսեց։ Եւ ծառաներից մէկին կանչեց իրան մօտ, հարցնում էր, թէ այդ ի՞նչ է։ Նա էլ ասեց նորան. թէ Եղբայրդ եկել է, եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նորան։ Եւ նա բարկացաւ, եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկաւ, աղաչում էր նորան։ Նա էլ պատասխանեց եւ ասեց հօրը. Ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, եւ քո պատուէրից երբէք դուրս չեմ եկել. բայց ինձ երբէք մի ուլ չտուիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինէի։ Իսկ երբոր այդ քո որդին եկաւ, որ քո ստացուածքը պոռնիկների հետ կերաւ, մսացու եզը մորթեցիր դորա համար։ Նա էլ ասեց նորան. Որդեակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմս է՝ քոնն է։ Բայց ուրախ լինել եւ խնդալ պէտք էր. որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ. կորած էր եւ գտնուեցաւ»։ Ղուկաս 15:11-32