Ամենավաղ տարիքից, երեւի հինգվեց տարեկանից ես գիտեի, որ երբ մեծանամ, դառնալու եմ գրող: Մոտավորապես տասնյոթից մինչեւ քսանչորս տարեկանը ես փորձեցի ազատվել այդ մտքից, բայց դա անում էի այն գիտակցումով, որ դրանով զայրացնում եմ իմ շիտակ բնությանը եւ վաղ թե ուշ պետք է լրջանամ եւ գրքեր գրեմ….
Ես միայնակ երեխայի սովորություն ունեի՝ հորինելու պատմություններ եւ զրուցելու երեւակայական անձանց հետ, եւ կարծում եմ, որ ամենասկզբից իմ գրական հավակնություններին խառնվել էր մեկուսացվածության եւ թերագնահատված լինելու զգացողությունը: Ես գիտեի, որ խոսքի ձիրք ունեմ, նաեւ կարողություն նայելու տհաճ փաստերին դեմառդեմ: Ես զգում էի, որ դա ստեղծել է մի յուրատեսակ ներփակ աշխարհ, որում ես հնարավորություն ունեի փոխհատուցելու առօրյա կյանքում իմ ձախորդությունները….
Եթե մի կողմ դնենք ապրուստ վաստակելու անհրաժեշտությունը, ապա գրական գործունեության համար գոյություն ունեն, ըստ իս, չորս հիմնական շարժառիթներ: Դրանք տարբեր չափով են լինում ամեն մի գրողի պարագայում, եւ դրանց հարաբերակցությունն էլ ժամանակ առ ժամանակ փոփոխվում է՝ կախված այն մթնոլորտից, որի մեջ գրողն ապրում է:
Դրանք հետեւյալն են.
1. Անսքող եսականություն: Խելացի երեւալու ցանկություն, որ խոսեն քո մասին, որ քեզ հիշեն մահվանից հետո, որ վրեժ լուծես այն մեծերից, որոնք քեզ մանուկ տարիներին արհամարհել են եւ այլն: Պետք չէ նսեմանալ եւ ձեւացնել, թե դա շարժառիթ չէ, այն էլ շատ հզոր: Գրողների այս հատկությունը ընդհանուր է գիտնականների, արվեստագետների, քաղաքական գործիչների, իրավաբանների, զինվորականների, հաջողակ գործարարների, միով բանիվ՝ մարդկության ամբողջ վերնախավի համար:
Մարդկային էակների հսկա զանգվածն այնքան էլ եսական չէ: Երեսուն տարեկանին մոտ նրանք հրաժարվում են անհատական պատվախնդրությունից, իսկ շատ դեպքերում նրանք առհասարակ գրեթե հրաժարվում են անհատականություն լինելու զգացողությունից եւ ապրում են հիմնականում ուրիշների համար կամ էլ խեղդվում են հեղձուցիչ աշխատանքի մեջ:
Բայց կա նաեւ ձիրքով եւ կամքով օժտված այն մարդկանց փոքրամասնությունը, որոնք համակված են իրենց կյանքը մինչեւ վերջ ապրելու վճռականությամբ, եւ գրողները այդ տեսակին են պատկանում: Ես պարտավոր եմ ասելու, որ լուրջ գրողներն ընդհանուր առմամբ ավելի սնապարծ են եւ եսակենտրոն, քան լրագրողները, թեպետ նվազ չափով են հետաքրքրված փողով:
2. Գեղագիտական խանդավառություն: Գեղեցկության ընկալումն արտաքին աշխարհում կամ էլ բառերի եւ դրանց դասավորության մեջ: Հաճույք՝ հնչյունների փոխադարձ ազդեցությունից, կուռ արձակից, լավ պատմության ռիթմից: Ցանկություն՝ արժեքավոր ապրումները պահպանելու եւ այլոց փոխանցելու:
Գեղագիտական շարժառիթը շատ գրողների ստեղծագործության մեջ թույլ է արտահայտված, բայց նույնիսկ գրքույկների կամ դասագրքերի հեղինակները ունեն սիրված բառեր ու արտահայտություններ, որոնք նրանք հավանում են բնավ էլ ոչ օգտապաշտական պատճառներով. այդ շարժառիթն է նաեւ, որ գրողին ստիպում է բծախնդիր լինել տպագրական հարցերում, հետամուտ լինել շարվածքի էջերի լայնությանը եւ այլն: Երկաթուղային ուղեցույցի մակարդակից վեր ոչ մի գիրք զերծ չէ գեղագիտական նկատառումներից:
3. Պատմական ազդակ: Ցանկություն՝ տեսնելու իրերն ինչպիսին որ կան, իմանալ ճշմարիտ փաստերը եւ դրանք պահպանել սերունդների գործածության համար:
4. Քաղաքական նպատակադրում՝ «քաղաքական» բառի գործածման առավելագույնս լայն իմաստով: Ցանկություն՝ աշխարհը մղելու որոշակի ուղղությամբ, փոխելու այլ մարդկանց պատկերացումներն այն հասարակության մասին, որին նրանք պետք է ձգտեն: Դարձյալ՝ ոչ մի գիրք զերծ չէ քաղաքական կողմնակալությունից: Այն կարծիքը, թե արվեստը ընդհանուր ոչինչ չպետք է ունենա քաղաքականության հետ, ինքնին այլ բան չէ, քան քաղաքական դիրքորոշում:
Հնարավոր է տեսնել, թե ինչպես այս ազդակները պիտի որ պատերազմեն մեկը մյուսի դեմ, ինչպես են տատանվելու անհատից անհատ եւ ժամանակ առ ժամանակ: Իմ բնույթով («բնույթ» ասելով հասկանանք այն վիճակը, որը բնորոշ է մարդուն առաջին անգամ չափահաս դառնալիս) ես այնպիսին եմ, որ իմ մեջ առաջին երեք շարժառիթները պիտի որ գերազանցեին չորրորդին:
Խաղաղ ժամանակ ես կկարողանայի գրել զարդարուն կամ զուտ նկարագրական գրքեր եւ գրեթե անտեղյակ էի մնալու իմ սեփական քաղաքական հակումների մասին: Այս կերպ ես հարկադրված էի դառնալու գրքույկների հեղինակի պես մի բան:
Առաջին հինգ տարին ես անցկացրի անհամապատասխան մասնագիտությամբ (Բիրմայում, Հնդկաստանի կայսերական ոստիկանության կազմում), այնուհետեւ բախվեցի չքավորությանը եւ ապրեցի ձախողման զգացում: Դա ամրապնդեց իմ բնական ատելությունը իշխանության հանդեպ եւ առաջին անգամ հարկադրեց լիովին գիտակցելու աշխատավոր դասակարգի վիճակը, իսկ Բիրմայում կատարած աշխատանքը հնարավորություն ընձեռեց ինձ որոշ չափով հասկանալու իմպերիալիզմի բնույթը:
Այդուհանդերձ, այս փորձառությունը բավարար չեղավ իմ մեջ քաղաքական կայուն դիրքորոշում ձեւավորելու համար: Հետո եկավ Հիտլերը, Իսպանիայում քաղաքացիական պատերազմը եւ այլն: Թեպետ 1935 թ. վերջերին ես այդպես էլ չկարողացա հանգել վերջնական որոշման….
Իսպանիայում պատերազմը եւ 19361937 թվականների մյուս իրադարձությունները շրջեցին սանդղակը, եւ ես դրանից հետո իմ տեղը գտա: 1936 թվականից ի վեր իմ գրած լուրջ գրքերի ամեն մի տողը, ուղղակի կամ անուղղակի, գրված է ամբողջատիրության դեմ եւ հօգուտ դեմոկրատական սոցիալիզմի, ինչպիսին որ ես եմ դա հասկանում: Ինձ անհեթեթություն է թվում մի այնպիսի ժամանակաշրջանում, ինչպիսին մերն է, մտածել, թե հնարավոր է խուսափել նման թեմաների մասին գրելուց: Այս կամ այն կերպ՝ բոլորն են գրում դրանց մասին: Հարցը պարզապես այն է, թե ով որ կողմն է բռնում եւ ինչ մոտեցմանն է հետամուտ: Եվ որքան ավելի է մարդը գիտակցում իր քաղաքական կողմնակալությունը, այնքան ավելի շատ հնարավորություններ ունի գործելու քաղաքականապես՝ առանց զոհաբերելու իր գեղագիտական եւ ինտելեկտուալ ամբողջականությունը:
Վերջին տասը տարիների ընթացքում ամենից առավել ես ցանկացել եմ քաղաքական գրվածքը վերածել արվեստի: Իմ ելակետը մշտապես եղել է կողմնապահության զգացումը, անարդարության զգացողությունը: Երբ ձեռնամուխ եմ լինում որեւէ գիրք գրելու, ես ինքս ինձ չեմ ասում «Ահավասիկ, ես արվեստի գործ եմ ստեղծելու»: Ես գրում եմ, քանի որ կա սուտ, որն ուզում եմ բացահայտել, կամ փաստ, որի հանդեպ ուզում եմ ուշադրություն հրավիրել, եւ իմ առաջնային մտահոգությունն այն է, որ կարողանամ լսված լինել:
Բայց ես չէի կարողանա գիրք գրել կամ թեկուզ ամսագրային երկարաշունչ հոդված, եթե դա չլիներ նաեւ գեղագիտական փորձառություն: Ամեն ոք, ով կցանկանա ուսումնասիրել իմ աշխատանքը, կտեսնի, որ եթե անգամ դա անսքող քարոզչություն է, այնուամենայնիվ, դրանում շատ բան կա, որը հաստիքային քաղաքական գործիչն անտեղի կհամարեր:
Ես ի վիճակի չեմ եւ չեմ ուզում լիովին հրաժարվել մանկությանս տարիներին ձեռք բերած աշխարհայացքից: Քանի դեռ ողջառողջ եմ, ես շարունակելու եմ սերտորեն կապված մնալ արձակի ոճին, սիրել երկրի մակերեսը եւ հաճույք զգալ պինդ առարկաներից ու անպիտանի տեղեկությունների կտորտանքից: Անօգուտ է իմ այդ կողմը ճնշելու փորձը: Խնդիրն այն է, որ իմ մեջ արմատացած համակրանքն ու հակակրանքը հաշտեցվեն էութենապես հանրային, վերանհատական այն գործունեությանը, որին այս դարաշրջանը պարտադրում է մեզ բոլորիս:
Դա դյուրին չէ: Դա առաջ է քաշում լեզվի կառուցակարգման հիմնախնդիրները եւ նորովի է դնում հավաստիության խնդիրը…. Լեզվի խնդիրն ավելի նուրբ է, եւ դրա քննարկումը չափազանց երկարատեւ կլինի: Կասեմ միայն, որ հետագա տարիներին ջանացել եմ գրել պակաս գունագեղ եւ ավելի ստույգ: Համենայնդեպս, այն պահին, երբ դուք կատարելագործում եք գրելու որեւէ ոճ, դուք միշտ գերազանցում եք այն: «Անասնաֆերման» իմ առաջին գիրքն էր, որում ես փորձեցի, լիովին գիտակցելով արածս, քաղաքական եւ գեղարվեստական նպատակներն ագուցել որպես մեկ ամբողջություն:
Ես յոթը տարի է, ինչ վեպ չեմ գրել, բայց հուսով եմ, որ շուտով նորը կգրեմ: Դա ձախողման է դատապարտված, ամեն մի գիրք ձախողում է, բայց ես որոշակի հստակությամբ գիտեմ, թե ինչ գիրք եմ ուզում գրել:
Հետ նայելով վերջին մեկերկու էջերին, ես տեսնում եմ, որ այն թվացողությունն եմ ստեղծել, թե իբր գրելու իմ շարժառիթներն ամբողջությամբ հանրային ոգով են եղել: Ես չեմ ուզում դա թողնել որպես վերջնական տպավորություն:
Բոլոր գրողները սնափառ են, եսական ու ծույլ, իսկ նրանց շարժառիթների ամենախորքում մի առեղծված կա: Գիրք գրելը սարսափելի, հյուծիչ մի պայքար է, նման տառապալից հիվանդության երկարատեւ նոպայի: Մարդ երբեք նման գործին չի կպչի, եթե նրան չմղի դրան ինչոր մի դեւ, որին ո՛չ կարող ես դիմադրել, ո՛չ էլ հասկանալ: Բոլորը գիտեն, որ այդ դեւը այն նույն բնազդն է, որը ստիպում է նորածնին ճչալ՝ ուշադրություն պահանջելով:
Եվ այդուհանդերձ, ճիշտ է նաեւ այն, որ ոչ ոք չի կարող ընթեռնելի մի բան գրել, եթե մշտապես չի ջանում ջնջել սեփական անհատականությունը: Լավ արձակը նման է պատուհանի ապակուն: Ես չեմ կարող վստահաբար ասել, թե որոնք են իմ առավել ուժեղ շարժառիթները, բայց գիտեմ, թե որոնց արժե հետեւել: Եվ, հետ նայելով իմ աշխատանքին, տեսնում եմ, որ հատկապես այնտեղ, որտեղ պակաս է եղել իմ քաղաքական նպատակադրումը, ես անփոփոխ կերպով գրել եմ անկենսունակ գրքեր, տրվել եմ փայլփլուն ելեւէջներին, անիմաստ նախադասություններին, գեղազարդ ածականներին եւ, առհասարակ, ցնդաբանությանը:
Հատված Ջորջ Օրուելի «Ինչու եմ ես գրում» գրքից:
Թարգմանությունը անգլերենից՝ Վ. Միրզոյանի