Հայ ժողովուրդը 107-րդ անգամ շրջում է իր պատմության ամենաողբերգական եւ մարդկության սերունդներին դաս տվող էջը: Ապրիլի 24-ը ողջ աշխարհի հայության համար խորհրդանշում է իր հազարամյա տարածքում, պապերի բնօրրանում ապրելու իրավունքը: Հայոց ցեղասպանությունը միայն 1915 թվականը չէ, այլ դրան նախորդող դարերը եւ, ինչպես փաստում են իրադարձությունները, նաեւ դրան հաջորդած հարյուրամյակն է: Յաթաղանի զոհ դարձած 1.5 միլիոն մայր ու մանուկը, ջահելն ու ալեհերը, կինն ու տղամարդը լուռ վկան են Թուրքիայի դարերով շարունակվող այն ցեղասպան քաղաքականության, որի հետեւանքով տասնյակ անգամ փոքրացվեցին պատմական Հայաստանում հայերով բնակեցված տարածքները, տասնյակ միլիոններով պակասեց հայի ներկայությունն իր տանը:
Ապրիլի 24-ը համաշխարհային քաղաքակրթության համար ահազանգ էր մարդկության դեմ հանցագործությունների վտանգի մասին, որին այդպես էլ մեծամասամբ անհաղորդ մնաց աշխարհը: Այդ անտարբերության առաջին եւ աղետալի հետեւանքը եղավ Հոլոքոստը՝ Հիտլերի այն հիմնավորմամբ, որ ոչ ոք չի հիշում Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոստից հետո միայն ՄԱԿ-ը 1948 թ. ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որում սահմանվեց, որ ցեղասպանությունն ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում է, որն իրականացվում է խմբի անդամների սպանությամբ, նրանց մարմնական կամ մտավոր ծանր վնաս պատճառելով, միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծմամբ, ինչը հաշվարկված է հանգեցնելու էթնիկ խմբի լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ էթնիկ խումբ տեղափոխելով: 30 տարի պահանջվեց, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը տա այն բնորոշումները, որոնք ամբողջությամբ բնութագրում են օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը, այն էլ՝ միայն այն անտեսելու հետեւանք դարձած Հոլոքոստից հետո:
Ֆաշիզմի արհավիրքները տեսնելուց եւ զգալուց հետո միայն Խորհրդային Միությունը1965 թ. թույլատրեց Հայոց ցեղասպանության 50-ամյակի բողոքի ցույցեր կազմակերպել Երեւանում, իսկ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը կառուցվեց 1967 թ.՝ դառնալով մարդկության պատմության ամենասեւ էջերից մեկի մասին ամենամյա հիշատակման եւ բարձրաձայնման վայր: Սակայն միջազգային հանրությունը դրանից հետո էլ պատշաճ ուշադրություն չդարձրեց քաղաքակրթական կարեւորագույն խնդրին, ինչի հետեւանքով 1975-79 թթ. երեք միլիոն կամբոջացիներ ոչնչացվեցին, 1994 թ. Ռուանդայում զանգվածային ջարդի ենթարկվեց տուտսի ցեղից 600000 մարդ, եւ, ի վերջո, ցեղասպանությունը վերադարձավ նաեւ Եվրոպա՝ 1995 թ. բոսնիացիների զանգվածային սպանդի տեսքով։
Հայ ժողովուրդն ամեն տարի Ծիծեռնակաբերդի բարձունքից մարդկությանը կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պարտադրել, որ ոճրագործության փաստն ընդունի օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը: Հայ ժողովուրդը եւ իր բախտակից ու բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչներն ամեն տարի ապրիլի 24-ին առաջին հերթին բարձրաձայնում էին մարդկության քաղաքակրթական, հումանիտար կարեւորագույն արժեքների պահպանության անհրաժեշտության մասին: Մասնավորապես, քանի դեռ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չեն դատապարտվել եւ ստացել համարժեք գնահատականներ հենց դրանք կատարողների կողմից, ապա այն կրկնվելու վտանգը միշտ էլ կախվելու է մարդկության գլխին:
2020 թ. եկավ ապացուցելու այդ դառը ճշմարտությունը: Աշխարհի 200 պետություններից ընդամենը 30-ը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչը Թուրքիային առիթ տվեց ցեղասպան քաղաքականության հերթական քայլը կատարել: Հայոց մեծ եղեռնից 105 տարի անց օսմանյան Թուրքիայի իրավահաջորդները, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկչական ուժերի հետ միասին, հերթական հանցագործ ոճիրն իրականացրեցին հայ ժողովրդի հանդեպ՝ սպանելով 4000-ից ավելի հայի եւ կրկին նրան զրկելով իր պատմական բնօրրանի հերթական տարածքում ապրելու իրավունքից: Քաղաքակիրթ աշխարհի լռությունն արդեն 21-րդ դարում բերեց Թուրքիայի հերթական ցեղասպան քայլին:
2020 թ. սեպտեմբերի 27-ը փաստեց, որ Թուրքիան մնացել է նույն 1915-ի բարբարոսի արժեհամակարգի կրողի մակարդակին, որ նրա նպատակներն ամենեւին չեն փոխվել. ինչպես 100 կամ 500 տարի առաջ էր զավթում բնիկ ժողովուրդների տարածքները՝ սպանելով եւ արտաքսելով նրանց իրենց տներից:
2020 թ. եկավ հաստատելու ապրիլի 24-ի խորհրդի օրախնդիր լինելը եւ հայ ժողովրդին ու քաղաքակիրթ աշխարհին մղեց մարդկության դեմ կատարվող ամենամեծ հանցագործության՝ ցեղասպանության դեմ վճռական պայքարի փուլին: 44-օրյա պատերազմը փաստեց, որ քանի դեռ մարդկության դեմ կատարած հանցագործություններն անհրաժեշտ գնահատականի չեն արժանացել, իսկ մեղավորները չեն պատժվել, դրանք կշարունակվեն՝ արմատախիլ չարվելով: Իսկ 2020 թ. պատերազմը հայերի եւ նրա բարեկամների համար նոր արահետ բացեց դեպի Ծիծեռնակաբերդ, եւ հայ ժողովուրդը պարտավորված է իր նոր ու հին անմեղ զոհերի խաչը տանել իր ուսերին, ինչպես դա անում է ողջ մարդկության համար՝ արդեն 1500 տարուց ավելի: