Վերջին օրերին Մոսկվայում ապրող մեր հայրենակիցները հաճախ էին դիմում մեզ՝ հասկանալու, թե օդային տրանսպորտով ինչ ապրանքներ կարող են իրենց հետ բերել՝ առանց մաքսատուրքերի վճարման։ Մենք այդ հարցումով դիմեցինք ՊԵԿ-ին՝ պարզաբանելու նաեւ այդ ապրանքների սահմանաչափը եւ այն գերազանցելու պարագայում՝ վճարվելիք գումարի չափը։
«ՀՀ»-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից նախ հստակեցրեցին, որ ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ է կիրառվում՝ «կանաչ» եւ «կարմիր»։ Եվ ֆիզիկական անձինք ինքնուրույն կարող են ընտրություն կատարել այս ուղիների միջեւ։
Ի՞նչ են ենթադրում այդ «կանաչն» ու «կարմիրը»։ Պարզվում է՝ «կանաչ» ուղին նախատեսված է ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: Իսկ «կարմիր» ուղին նախատեսված է անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, կամ որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ։
ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ «տեղափոխվող ապրանքները պետք է նախատեսված լինեն ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային եւ այլ կարիքների համար»։
Այսպիսով՝ մեկ ֆիզիկական անձի հաշվարկով ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով անձնական օգտագոծման ի՞նչ ապրանք է թույլատրվում ներմուծել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։ ՊԵԿ-ի ցանկի համաձայն՝ 1. ուղեկցվող եւ չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ոգելից խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10 հազար եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ն՝ ներառյալ ծխախոտ եւ ծխախոտային արտադրանք հետեւյալ չափաքանակներով՝ 200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլա), կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով։ 2. Ոգելից խմիչքներ եւ գարեջուր՝ 3 լիտր: 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ոգելից խմիչքներ եւ գարեջուր ներմուծելիս՝ 3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով գումար կվճարվի արդեն. 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։ 3. Կանխիկ դրամական միջոցները եւ ճանապարհային չեկերը՝ անկախ արժեքից ու քաշից, նույնպես տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։ Սակայն դրանք ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղեւորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։ Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։
Նշվածին զուգահեռ ՊԵԿ-ը երկու հանգամանք էլ է հստակեցնում։ Նախ՝ ոգելից խմիչքներ եւ ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք։ Հետո՝ ուղեւորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ եւ դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղեւորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։
Հետագայում թյուրըմբռնումների տեղիք չտալու համար հստակեցնենք նաեւ մեկ այլ դրույթ. անկախ նշված չափանիշներից՝ անձնական օգտագործման ապրանքների շարքին չեն դասվում որոշ ապրանքների կատեգորիաներ, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածով։ Խոսքն, օրինակ, թառափազգի ձկնատեսակների ձկնկիթի մասին է (250 գ-ից ավելի քանակությամբ)։ Նաեւ՝ ձկան, խեցգետնակերպերի (կենդանի, պաղեցրած, սառեցրած՝ 5 կգ-ից ավելի քանակությամբ)։
Անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասվող ապրանքների կատեգորիաների ցանկում են նաեւ ներքին այրման շարժիչները (բացառությամբ նավակի կախովի շարժիչների), արեւայրուքի համար արեւաբուժարանները, բժշկական տեխնիկան եւ սարքավորումները (բացառությամբ ներարկիչների, ասեղների, կաթետերների, փողակների, նույնանման գործիքների, արյան ճնշումը, ջերմաստիճանը չափելու համար նախատեսված սարքավորումների, ինչպես նաեւ բժշկական ցուցումներով օգտագործման համար անհրաժեշտ ապարատուրայի), վարսավիրական բազկաթոռներն ու նույնանման բազկաթոռները, դրանց մասերը։ Եվ ընդհանրապես այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են արտահանման հսկողության միջոցներ՝ միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։