Արդյոք երանելի վիճակ ունենալը նշանակում է մատնվել բացարձակ անիմաստ անգործության։ Բոլորովին ոչ։ Եվս մեկ անգամ հիշենք. «եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։ Սա ենթադրում է ակտիվ գործունեություն, գործողություններ։ Եթե հետեւենք այն մարդկանց գործողություններին, ովքեր համապատասխանում են սաղմոսի ենթատեքստին, կհամոզվենք, որ նրանք շատ ակտիվ մարդիկ են։
Դավիթ Արքան եւ Սողոմոնը, օրինակ, ապրեցին անչափ հետաքրքիր, ամենատարբեր իրադարձություններով հագեցած կյանք, ընդ որում՝ ոչ առանց մեղքի։ Մարդուն հատուկ է մեղանչել, սակայն.
«Ով Տէր, ես Քեզ եմ յուսացած, թող չամաչեմ յաւիտեան. Քո արդարութիւնովը փրկիր ինձ։» Սաղմոսներ 31։1
Այս երկու արքաների կյանքի Ամենակարեւոր որոշիչ գիծը վստահությունն ու նվիրվածությունն է Աստծուն, ձգտումը՝ կյանքի բոլոր իրադարձություններում Նրա կամքը որոնելու։ Հենց այս մասին է հուշում Աստվածաշնչում երանության մասին ամենաառաջին հիշատակումը.
«Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝
Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ.
Որ նա է քո օգնութեան ասպարը
Եւ քո յաղթութեան սուրը.
Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն,
Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես։» Երկրորդ օրինաց 33։29
Այսպիսի մարդկանց կամ ժողովուրդների ճակատագիրը կանխորոշվում է ոչ թե պատահականության քմահաճույքով կամ սեփական հաշվարկներով, այլ՝ Աստծո կամքով։ Եթե նրանց չբավականացնեն սեփական ուժերը, ունակությունները կամ, այսպես ասած, հաջողության ուղեկցումը, միշտ կա Նա, Ով կգա օգնության։
«Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։
Երանելի են Նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են Նորան։
Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են Նորա ճանապարհներովը։» Սաղմոսներ 119։1-3
Ամենակարեւորը շփումն է Աստծո հետ, մնացածը, ինչպես Հիսուսն է ասում, կտրվի ձեզ։