Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցողը ոչ թե երկկողմ հակամարտություն է, այլ Արեւմուտք-Արեւելք առճակատում, որի արդյունքում ձեւավորվելու է ուժերի նոր հավասարակշռություն։ Ուկրաինայում խաչվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի անվտանգային շահերը, ինչը հուշում է, որ կողմերն ամեն գնով փորձելու են հասնել առավելագույնին։
Ուշագրավ հայտարարություն էր արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը չորեքշաբթի Լոնդոնի քաղաքապետի լորդ-քաղաքի նստավայրում տեղի ունեցած Զատկի խնջույքի ժամանակ. նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ն պետք է դառնա համաշխարհային կազմակերպություն, որպեսզի կարողանա լուծել համաշխարհային խնդիրները: «Մեզ պետք է գլոբալ ՆԱՏՕ: Դա ասելով՝ ես նկատի չունեմ, որ անհրաժեշտ է ընդլայնել անդամակցությունն այլ տարածաշրջանների երկրներին: Նկատի ունեմ, որ ՆԱՏՕ-ն պետք է ունենա գլոբալ տեսլական, գլոբալ սպառնալիքներին դիմակայելու պատրաստակամություն,- ասել է բրիտանացի պաշտոնյան, ապա շարունակել- ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն անձեռնմխելի է: Մենք նաեւ մերժում ենք կեղծ ընտրությունը եվրատլանտյան եւ հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգության միջեւ: Այսօրվա աշխարհում մեզ երկուսն էլ պետք են»։ Թրասը խոսել է նաեւ Ճապոնիայի եւ Ավստրալիայի նման երկրների հետ աշխատելու կարեւորության մասին, որը պետք է ապահովի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պաշտպանվածությունը։ Միաժամանակ բրիտանական դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման, ինչպես նաեւ G-20-ից Ռուսաստանի հեռացման օգտին։
Դեռեւս անցած տարի, մարտի 17-ին Մեծ Բրիտանիան հայտարարել էր իր անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համապարփակ վերանայման մասին, որի շրջանակներում նախատեսում է մեծացնել իր միջուկային կարողությունը մոտ 40 տոկոսով՝ մարտագլխիկների ընդհանուր թիվը հասցնելով 260-ի, ինչպես նաեւ երկիրը դարձնել նշանակալի խաղացող տիեզերքում, ամրապնդել կիբերանվտանգությունը։ Այդ ժամանակ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը Ասպենի անվտանգության ֆորումի առցանց բացման ելույթում խոսել է երկրի հնարավորությունների ամբողջ շրջանակն օգտագործելու անհրաժեշտության մասին, «քանի որ առանց ուժի, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, մշակութային ազդեցության ոչնչի հնարավոր չէ հասնել»։ Արտգործնախարարը նաեւ նշել է, որ ուժի դեմ ուժ կիրառելու հավակնությունը «ճիշտ քայլ է առաջատար պետության համար, որը լիովին բխում է բրիտանացիների շահերից»։ Այդ օրերին հրապարակվել էր անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության հարցերի համապարփակ վերանայման ճանապարհային քարտեզը, որտեղ Ռուսաստանը բնութագրվում էր որպես Միացյալ Թագավորության անվտանգության ամենասուր սպառնալիք։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը փաստաթուղթն անվանել է «սառը պատերազմից ի վեր երկրի պաշտպանական ռազմավարության ամենախորը վերանայումը»։
Ճանապարհային քարտեզը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ առճակատմանը Մեծ Բրիտանիան վաղուց էր նախապատրաստվել՝ միաժամանակ հայտ ներկայացնելով ավելի ակտիվ եւ առաջնային դերակատարություն ունենալ համաշխարհային զարգացումներում։ Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել արդեն ներկայիս ԱԳ նախարար Լիզ Թրասի խոսքը, որ պետք է շարունակել զենք մատակարարել Ուկրաինային, քանի որ «զգուշության ժամանակն անցել է»։ «Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինայի հետ մեկտեղ Արեւմտյան Բալկանները եւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մոլդովան եւ Վրաստանը, ունենան անվտանգության սահման եւ կարողություն՝ պահպանելու իրենց ինքնիշխանությունն ու ազատությունը»,-ասել է Թրասը: Այլ կերպ ասած, այս օրերին Բալկաններում, ինչպես նաեւ Մոլդովայում առկա հակամարտությունների ապասառեցումը տեղավորվում է բրիտանական նոր աշխարհակարգի ստեղծման ծրագրերում։ «Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարում եւ կրկնապատկենք մեր աջակցությունն Ուկրաինային։ Ծանր սպառազինություն, տանկեր, ինքնաթիռներ. մենք պետք է ավելի լավ փնտրենք մեր պաշարներում, ավելացնենք արտադրությունը»,- ասել է նախարարը՝ կոչ անելով միաժամանակ ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի վրա։
Ի դեպ, ապրիլի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ավելացնել Վրաստանին օգնությունը, այդ թվում՝ ռազմական, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանում այն անձանց նկատմամբ, ովքեր, ըստ Վաշինգտոնի, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ներգրավված են «մարդու իրավունքների լուրջ խախտումներում»: Նախագծին կողմ է քվեարկել 406 մարդ, դեմ՝ 20։ Այժմ փաստաթուղթը պետք է ուղարկվի Սենատ՝ քննարկման։ «Կոնգրեսը կարծում է, որ պետք է ավելացնել ԱՄՆ-ի օգնությունը Վրաստանին։ Միացյալ Նահանգների քաղաքականությունը պետք է լինի Վրաստանի զսպման, ճկունության եւ ինքնապաշտպանության կարողությունների ամրապնդումը, այդ թվում՝ վրացական բանակի կարողությունների բարելավմանն ուղղված համապատասխան աջակցության միջոցով»,-ասվում է փաստաթղթում։ Օրինագիծը ենթադրում է, որ Վրաստանի կարիքների անհրաժեշտ վերանայումը պետք է իրականացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որպեսզի հետագայում դրանք զեկուցեն օրենսդիրներին:
Անվտանգային նոր միջավայր ձեւավորելու ճանապարհին Միացյալ Նահանգների համար առաջնային ուղղություն է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեկ հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը մայիսի 20-24-ը կայցելի Ճապոնիա եւ Հարավային Կորեա՝ այդ երկրների «կառավարությունների, տնտեսությունների եւ ժողովուրդների միջեւ կապերն ավելի խորացնելու համար»։ Բայդենը երկկողմ հանդիպումներ կունենա Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահ Յուն Սեոկ Յելի եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Տոկիոյում ԱՄՆ նախագահը կհանդիպի նաեւ Ավստրալիայի եւ Հնդկաստանի ղեկավարների հետ։ «Առաջնորդները կքննարկեն մեր կենսական անվտանգության հարաբերությունները խորացնելու, տնտեսական կապերի ամրապնդման եւ գործնական արդյունքների հասնելու մեր սերտ համագործակցության ընդլայնման ուղիները»,-ասել է Փսակին։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ, եթե վերջինս իրենց խաղի կանոններին չհետեւի։ «Չինաստանն անխոցելի չէ: Եթե խոսենք Չինաստանի վերելքի մասին՝ որպես անխուսափելի իրադարձության, ապա մենք ինքներս ենք Չինաստանի համար գործ անում: Իրականում նրա վերելքն անխուսափելի չէ։ Նա չի շարունակի աճել, եթե կանոններով չխաղա: Չինաստանին անհրաժեշտ է առեւտուր անել G7-ի հետ: Մենք ներկայացնում ենք համաշխարհային տնտեսության մոտ կեսը։ Եվ կարող ենք ընտրություն կատարել։ Ռուսաստանին ցույց ենք տվել այն ընտրությունը, որը պատրաստ ենք անել, երբ խախտվեն միջազգային կանոնները»,- ասել է Թրասը։ Սակայն նա մոռանում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժել է համաշխարհային տնտեսությունը, այդ թվում՝ Արեւմուտքի։
Արեւմուտքի վարած քաղաքականությունը կոնսոլիդացնում է նաեւ մյուս կողմին։ Ապրիլի 27-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ։ «Մեհր» գործակալության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում Ռաիսին քննադատել է միաբեւեռ աշխարհակարգը՝ ընդգծելով իրանա-չինական համագործակցության ռազմավարական բնույթը։ Վեյ Ֆենհեն էլ, իր հերթին, հայտարարել է, որ «Իրանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը միշտ եղել է անվտանգության աղբյուր տարածաշրջանի եւ աշխարհի համար, հատկապես ներկայիս կրիտիկական եւ անհանգիստ աշխարհում»։ «Իրանը եւ Չինաստանը կարող են համագործակցել բոլոր գլոբալ հարցերի շուրջ եւ խթանել խաղաղությունն ու հանգստությունն ամբողջ աշխարհում»,- ասել է չինացի պաշտոնյան: