Թուրքիայի տնտեսական անկման միտումը, որ սկսվել է 2017-ից, շարունակվում է. լիրան արժեզրկվել է արդեն 44 տոկոսով, իսկ սղաճը 61 տոկոս է, ինչն աննախադեպ է վերջին 20 տարում։ Սա՝ այն դեպքում, երբ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին շուրջ մեկ տարի է մնացել, իսկ Էրդողանի ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակությունը եւս, եթե ոչ ավելի արագ, ապա նույն տեմպերով անկում է ապրում: Մինչդեռ Էրդողանը ցանկանում է կրկին «սուլթանի» կարգավիճակում իշխել իր կառուցած 1000 սենյականոց Սպիտակ պալատից։
Տնտեսական նման իրավիճակը, տնտեսագետների գնահատմամբ, մեծավ մասամբ Էրդողանի՝ բանկային տոկոսադրույքներն իջեցնելու ֆինանսական սխալ քաղաքականության հետեւանք է։ Այս առնչությամբ նա հույսը դրել է օտարերկրյա ներդրումների, առավելապես Պարսից ծոցի ավազանի արաբական հարուստ երկրների եւ առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի վրա։ Նշենք, որ 2020 թ. Էր Ռիյադը ոչ պաշտոնապես կասեցրել է Թուրքիայից ներմուծումները, եւ որպես զբոսաշրջիկ, Թուրքիա ացելելը։ Էր Ռիյադ-Անկարա փոխհարաբերություններում լարվածությունն սկսվել էր դեռեւս 2013 թ.՝ Եգիպտոսում պաշտպանելով ծայրահեղական «Մուսուլման եղբայրների» իշխանությունը՝ ընդդեմ նախագահ Աբդուլֆաթհ ալ Սիսիի։ Ապա այն լուրջ բնույթ կրեց 2017 թ. հունիսի 5-ից հետո, երբ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնը, Կատարին մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին հովանավորելու մեջ, խզեցին դիվանագիտական ու տնտեսական բոլոր կապերը։ Մինչդեռ Անկարան կանգնեց Կատարի կողքին, ինչի արդյունքում ոչ միայն զգալի տնտեսական օգուտ քաղեց, այլեւ այդ երկրում նոր ռազմաբազա ունեցավ: Սակայն 2018 թ. հոկտեմբերից, երբ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանվեց սաուդցի լրագրող, տեսաբան Ջամալ Խաշոկջին, երկու երկրների փոխհարաբերությունները դարձան ճգնաժամային։ Քանի որ Անկարան, ոչ միայն արդարության «հովանավոր» դառնալով, խստիվ քննադատեց Էր Ռիյադին՝ պահանջելով պատժել մեղավորներին, այլեւ այդ երկրի 26 քաղաքացիների դեմ դատական գործ հարուցեց։
Եվ ահա մարտի 31-ին Թուրքիայի դատախազությունը պահանջեց սառեցնել Խաշոկջիի գործով դատավարությունը եւ այն հանձնել Սաուդյան Արաբիայի դատախազություն։ Ըստ ամենայնի՝ Էրդողանին ընդունելու՝ Էր Ռիյադի նախապայմաններից մեկը հենց սա է եղել։ Այս առնչությամբ գլխավոր ընդդիմադիր քեմալիստական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլչդարօղլուն շեշտել է, թե Էրդողանը Թուրքիայի դատարանների հեղինակությունն ու իրավունքները հանձնել է Սաուդյան Արաբիային մի սպանության հարցում, որը տեղի է ունեցել Թուրքիայում։ Նա հավելել է, որ Էրդողանն այդ գործը փակել է փողի դիմաց։ Նշենք, որ Էրդողանը 2019-ից ջանք ու եռանդ չէր խնայել Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բայց, ըստ երեւույթին, Էր Ռիյադը, նրան չընդունելով, պահանջել էր կատարել բոլոր նախապայմանները։ Եվ ահա Էրդողանը հասավ նպատակին. պաշտոնապես հայտարարվեց, որ մարտի 28-29-ը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդոլազիզ ալ Սաուդի հրավերով երկօրյա այցով ժամանելու է Ջադեհ։ Նրան ուղեկցում էր բարձրաստիճան պատվիրակություն։ Այնտեղ նա նախ հանդիպել է Սալման բին Աբդոլազիզի, ապա թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի հետ՝ ջերմ գրկախառնությամբ, որին Էրդողանը մեղադրում էր Խաշոկջիի սպանության մեջ։
Նշյալ հանդիպումներից հետո նա իր թվիթերյան էջում գրառել էր, թե այցը երկու երկրների փոխհարաբերություններում նոր դարաշրջանի դռներ կբացի՝ միաժամանակ շեշտելով, թե այցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերով։ Հրավերի մասին կրկին շեշտելը, թերեւս, գուցեեւ վկայում է դրա բացակայության մասին, պարզապես եթե փետրվարին Էր Ռիյադը մերժել էր, ապա այս դեպքում ընդունել է նրան։ Ինչպես հայտնել են տարածաշրջանային ԶԼՄ-ները, վկայակոչելով Էր Ռիյադի հրապարակած պաշտոնական տեղեկատվությունը, Թուրքիայի նախագահի այցը տեղի է ունեցել նրա ցանկությանն ընդառաջելով։ Հանգամանք, որը գնահատվել է իբրեւ «թագավորի հրավերով» Թուրքիայի հայտարարության անուղղակի հերքում։ Նշենք, որ շարիաթի օրենքներով, տարվա երեք ամիսներից զատ, երբ տեղի է ունենում Մեքքա ուխտագնացություն, կա նաեւ այլ ուխտագնացություն, որը կոչվում է «Օմարա»։ Վերջինիս շրջանակներում, Մեքքայից առնվազն 94 կմ հեռավորությամբ գտնվող մահմեդականները կարող են իրենց ցանկությամբ ուխտի գնալ տարվա ցանկացած ժամանակ։ Էրդողանը նաեւ այդպիսի ուխտագնացություն է կատարել։ Սովորաբար սաուդյան ղեկավարությունը նման դեպքերում հյուրընկալում է մահմեդական երկրների ղեկավարներին, ուստի բացառված չէ, որ հենց այս ձեւաչափով է Էրդողանի այցը տեղի ունեցել։ Միջազգային որոշ ԶԼՄ-ներ նրա ուխտագնացությունը գնահատում են որպես այցին կրոնական երանգ տալու միտում։
Ինչպես նշվեց, Էրդողանի այցի բուն նպատակը Էր Ռիյադի ներդրումների շնորհիվ երկրի փլուզվող տնտեսությունը վերականգնելն է, այսպիսով՝ 2023-ի ընտրություններին հաջողության հասնելու ճանապարհ հարթելը։ Հաշվի առնելով Էրդողանին ուղեկցող պատվիրակության կազմը՝ թվում է, թե նա հույս ուներ, որ այցի ընթացքում կքննարկվեն տնտեսական համագործակցության հարցեր կամ այդ ոլորտում գոնե կստորագրվեն փոխըմբռնման հուշագրեր, ինչպես տեղի է ունեցել ԱՄԷ-ի եւ այլ դեպքերում, սակայն ԶԼՄ-ներում նման հարցեր քննարկելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Այլ կերպ ասած՝ Էրդողանը խիստ շտապում է, իսկ Էր Ռիյադը, կարեւորելով փոխհարաբերությունների ընդլայնումը տարբեր, մասնավորապես՝ ռազմական եւ անվտանգության ոլորտներում, կարծես թե դեռեւս հապաղում է։ Բացի այդ, փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումը եւս ժամանակ է պահանջելու, հետեւաբար, որքան էլ շտապի Էրդողանը, ինչպես նշում են արաբ վերլուծաբանները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության նախկին խորհրդական Սալիմ Իլամին, երկու երկրների փոխհարաբերություններն այս փուլին հասցնելը կարեւոր հանգամանք է։ Սակայն դրանց խորացման ու սերտացման համար ժամանակ է պահանջվելու։ Մանավանդ Էր Ռիյադը համոզված է, որ Թուրքիայի եւ հենց անձամբ Էրդողանի հետ փոխհարաբերություններ հաստատելու հարցում պետք է շատ ուշադիր լինել։
Մինչդեռ թուրք վերլուծաբան Օմար Ույզքիզյելչիքը երկու երկրների փոխհարաբերությունների սերտացումը կարեւորում է Միջին Արեւելքում ընդդեմ Իրանի միավորվելու անհրաժեշտությամբ։ Այլ կերպ ասած՝ Անկարան հիմա էլ Իրանին է քավության նոխազ դարձնում, մինչդեռ Թեհրան-Էր Ռիյադ փոխառնչությունների շուրջ բանակցությունների ընթացքը հուսադրող է, որոնք ընթանում են առանց նախապայմանների ու փոխզիջումների սկզբունքով։