Շարունակվում է մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես՝ իսլամական աշխարհում առաջնորդության պայքարը Իրանի եւ Թուրքիայի միջեւ: Այնտեղ առաջնորդության համար երկրները պետք է իրենց առավելագույնս հեռու պահեն Իսրայելից: Բանն այն է, որ Պաղեստինում արդեն կես դար շարունակվող իսրայելական գործողությունները, Եգիպտոսի դեմ պատերազմը, ինչպես նաեւ հարձակումները հարեւան արաբական մյուս պետությունների վրա իսլամական աշխարհում բացասական վերաբերմունք են արմատավորել Իսրայելի հանդեպ:
Հետեւաբար՝ իսլամական աշխարհում առաջնորդության հավակնող երկիրը պետք է, ի թիվս այլ նախադրյալների, նաեւ հակաիսրայելական կեցվածք ունենա: Իրանի նման պահվածքում տարածաշրջանի ու նրա սահմաններից դուրս գտնվող եւ իսլամ դավանող երկրների շրջանում կասկած ունեցողները քիչ են, ինչը չի կարելի ասել Թուրքիայի պարագայում: Այդ հիմնախնդիրը լուծելու համար 2003 թ. Թուրքիայի վարչապետ ընտրված Էրդողանն անմիջապես հայտարարեց Թուրքիայի արագ իսլամացման եւ հակաիսրայելական դիրքորոշման մասին: Նրա հետագա հրապարակային ելույթներում իսրայելի դեմ հռետորաբանությունը գերակայող էր: Անկարան սկսեց իրեն ավելի հեռու պահել Իսրայելից։
Նախանշված արտաքին քաղաքականության այս սցենարում որոշիչ եղավ 2009 թ. սկզբին Գազայի հատվածում Իսրայելի սկսած «Թափվող արճիճ» գործողությունը: Իսրայելական ռազմածովային ուժերը 2010 թ. մայիսի 31-ին գրավեցին թուրքական «Մավի Մարմարա» նավը, որի ժամանակ թուրքական կողմը զոհեր տվեց: Նավը փորձում էր ճեղքել Գազայի շրջափակումը: Դեռ այն ժամանակ կարծիք շրջանառվեց, թե այդ բախումը սադրել էին թուրք քաղաքական գործիչները, որոնք դիտավորյալ սրում են հարաբերությունները՝ Իսրայելի հետ՝ հակասեմական կեցվածք նմանակելու եւ ներքին ու արտաքին քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ 2009 թ. Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նշանակմամբ էլ նույն ուղղությամբ տարվեց արտաքին քաղաքականությունը:
Սակայն առնվազն վերջին 150 տարիները փաստում են, որ Թուրքիան թշնամաբար տրամադրված չի եղել հրեաների նկատմամբ, այն դեպքում, երբ իր տարածքում գրեթե բոլոր ազգային փոքրամասնություններին բնաջնջելու եւ երկրից արտաքսելու քաղաքականության զոհ է դարձրել: Վերջին տարիներին էլ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս այս երկու երկրների գործողությունները միշտ համահունչ են եղել, համենայնդեպս, չեն հակասել իրար: Դրա թարմ օրինակը արցախյան պատերազմում Իսրայելի եւ Թուրքիայի համատեղ աջակցությունն էր Ադրբեջանին:
Փորձելով անտեսել այս փաստերը՝ պաշտոնական Անկարան պարբերաբար ճիգեր է գործադրում Իսրայելին հակադիր պետության վարկանիշ ձեռք բերելու ուղղությամբ: Վերեւում նկարագրվածի համայնապատկերում լիովին օրինաչափ է, որ Էրդողանի հակաիսրայելական գործողությունները պարբերաբար արվող հայտարարություններից այն կողմ չեն անցնում: Թուրքիայի հակաիսրայելական կեցվածքի մասին միֆը հերքելու համար Իրանը հաճախ օգտագործում է դիվանագիտական նուրբ, բայց գործուն գործիքակազմ: Նման մի գործողություն արեց օրերս ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում:
Ռայիսին Էրդողանին ասել էր, որ Իրանը եւ Թուրքիան, որպես իսլամական երկրներ, պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը պաղեստինցի ժողովրդի վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր միջազգային հնարավորություններ: Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձություններն անընդունելի համարելով՝ Ռայիսին ասել էր. «Մեզ, որպես իսլամական երկիր, անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ միջազգային տարբեր հնարավորությունների միջոցով վերջ դնելու պաղեստինյան ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի անմարդկային հարձակումներին»։
Դրան ի պատասխան Էրդողանը խոսել է Իրանի հետ հարաբերությունները խորացնելու, միջազգային հարթակներում համագործակցության ընդլյանման եւ տնտեսական կապերի ամրապնդման մասին: Իրանական կողմի՝ հեռախոսազրույցից հենց Պաղեստինի խնդրի հատվածի մեջբերումը դիվանագիտական նուրբ քայլ է: Դրանով Իրանը Թուրքիային, շախմատային լեզվով ասած, «պատառաքաղի» դիրքում է դնում՝ վերջինիս ստիպելով ոչինչ չնշանակող հակաիսրայելական հայտարարությունից անցնել առարկայական գործողությունների: Պարզ է, որ այդ հարցի վերաբերյալ Էրդողանի ցանկացած պատասխան ու գործողություն երկակի հարվածի տակ է դնում Թուրքիային՝ եւ՛ իսլամական աշխարհի առաջ, եւ՛ Իսրայելի:
Ակնհայտ է, որ պաշտոնական Անկարան չի կարող եւ չի գնա նման առարկայական քայլերի: Արդյունքում Իրանն այդ քայլով ընդգծում է իր հակաիսրայելական կեցվածքը եւ հարցականի տակ դնում տվյալ հարցում Թուրքիայի արած հայտարարությունների անկեղծությունը: Իրանի նման քայլերն իրենց էական ազդեցությունն են թողնում տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի երկրների վրա՝ թուլացնելով Թուրքիայի դիրքերը: Այս միտումն Անկարային ստիպում է զենքի ուժով առաջնորդության հասնել տարածաշրջանում, ինչը քիչ արդյունավետ եւ կարճաժամկետ էֆեկտ է ունենում: