Եվրամիությունը հույս ունի ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա մայիսի 10-ին, հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Պանամա Սիթիում հրավիրված մամուլի ասուլիսում, որտեղ նա պաշտոնական այցով էր:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթում Եվրամիությունը կընդլայնի եվրոպական բանկերի ցուցակը, որոնք կանջատվեն SWIFT համակարգից: «Կլինեն ռուսական ավելի շատ բանկեր, որոնք կլքեն SWIFT-ը»,- Բորելի խոսքերը մեջբերել է AFP-ն: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ բանկերի նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն: Ավելի վաղ բրյուսելյան աղբյուրները ԶԼՄ-ներին հայտնել են, որ ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Խնայբանկի եւ «բարձրաստիճան ռուսների» նոր խմբի դեմ:
Միեւնույն ժամանակ 6-րդ փաթեթի հիմնական խնդիրը Բրյուսելում համարում են ռուսական նավթի ներկրման աստիճանական սահմանափակումը՝ ամբողջական էմբարգոյի հասնելու համար։ Այս մասին գրում է «Reuters»-ը: Չէ՞ որ այդ միջոցը Մոսկվային կզրկի հսկայական եկամուտներից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ին բաժին է հասնում ռուսական նավթի եւ նավթամթերքի արտահանման գրեթե կեսը։ «Eurostat»-ի տվյալներով՝ 2021 թ. ԵՄ երկրները Ռուսաստանից 70 մլրդ եվրոյի նավթ ու նավթամթերք են ներկրել։ Նավթի էմբարգոյի բովանդակային քննարկումը տեղի է ունեցել մայիսի 3-ին, Եվրահանձնաժողովի կոլեգիայի նիստում։ Ինքը՝ Բորելը, հույս ունի, որ ԵՄ-ն կկարողանա քայլեր ձեռնարկել ռուսական նավթի ներկրումը զգալիորեն սահմանափակելու համար, թեեւ խոստովանել է, որ դեռեւս չկա բոլոր 27 անդամների համաձայնությունը։
Գերմանիան, որը նախկինում դեմ էր էմբարգոյին, մայիսի 2-ին, այնուամենայնիվ, հայտարարեց, որ մինչեւ ամառ կկարողանա «կտրվել» ռուսական նավթից։ «Գերմանիան դեմ չէ Ռուսաստանի դեմ նավթի արգելքին։ Իհարկե, ծանր բեռ է, բայց մենք պատրաստ կլինենք դա անել»,- լրագրողներին ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։ Չնայած դեռ երկու շաբաթ առաջ Բեռլինում պնդում էին, որ ռուսական «սեւ ոսկուց» հրաժարումը հնարավոր կլինի միայն տարեվերջին։ Գերմանական տնտեսության կախվածությունը ռուսական նավթից վերջին շրջանում կտրուկ նվազել է մինչեւ 12 տոկոս, իսկ նախկինում 35 տոկոս էր։
Էմբարգոյի դեմ առավել ակտիվ հանդես են գալիս Հունգարիան եւ Սլովակիան։ Ռուսաստանին բաժին է ընկնում ԵՄ նավթի ներմուծման 26 տոկոսը, սակայն այդ բաժնեմասը տարբեր երկրների դեպքում մեծապես տատանվում է: Բելգիան, օրինակ, ներմուծում է ռուսական նավթի 8 տոկոսը, Սլովակիան 100 տոկոսով կախված է Ռուսաստանից։ «Մեզ համար սա շատ կարեւոր պահ է։ Ամբողջական փոխարինմանը նախապատրաստությունը կտեւի մի քանի տարի, ուստի ես անպայման կպնդեմ բացառության վրա»,- մայիսի 2-ին ասել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը Բրյուսելում նախարարական հանդիպումից հետո, որը շտապ հրավիրել էր Ֆրանսիան: Հիշեցնենք, որ այս կիսամյակում Ֆրանսիան է նախագահում ԵՄ Խորհրդում:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկիրը չի քվեարկի պատժամիջոցների օգտին, որոնք անհնարին կդարձնեն ռուսական նավթի մատակարարումը։ «Մենք այս հարցին նայում ենք բացառապես Հունգարիայի ազգային շահերի տեսանկյունից,- ասել է նա Ղազախստան կատարած այցի ժամանակ։- Սա իրական խնդիր է մեզ համար, քանի որ առանց Ռուսաստանի հում նավթի անհնար է կառավարել Հունգարիայի տնտեսությունը»:
Սիյարտոյի խոսքով՝ Հունգարիայի նավթի սպառման մոտ 65 տոկոսը ներկայումս մատակարարվում է Ռուսաստանից՝ «Դրուժբա» խողովակաշարով։ Նա խոստովանել է, որ Հունգարիան աջակցում է Եվրոպայի էներգասնուցման դիվերսիֆիկացմանը եւ զգալիորեն մեծացրել է ղազախական նավթի ներմուծումը, որն այժմ ծածկում է իր ընդհանուր սպառման 16 տոկոսը։ «Սակայն պետք է հասկանալ, որ այդ նավթը Հունգարիա կարող է փոխադրվել միայն Ռուսաստանի տարածքով, ինչը նույնպես անհնար կլինի պատժամիջոցների պայմաններում»,- ասել է նախարարը։
Հունգարիայի եւ Սլովակիայի համար Բրյուսելը բացառություն է անում եւ չի պարտադրել՝ պահպանելու ռուսական նավթի գնման եւ փոխադրման էմբարգոն։
Այդ երկրները կարող են ռուսական նավթ գնել մինչեւ 2023 թ. վերջը:
Ռուսաստանը, սակայն, ձեռքերը ծալած չի նստում. այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա որոշ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ պատասխան տնտեսական հատուկ միջոցներ կիրառելու մասին»։ Գործնականում խոսքը հարկադիր պատասխանի նոր միջոցների կամ հակապատժամիջոցների մասին է, եւ ակնհայտ է դրանց էական տարբերությունն այն հակապատժամիջոցներից, որոնք ՌԴ-ի կողմից կիրառվել են 2014 թ.: Այն ժամանակ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստան գյուղատնտեսական որոշ արտադրատեսակների, հումքի եւ սննդամթերքի ներմուծման վրա այն երկրներից, որոնք հակառուսական պատժամիջոցներ են կիրառել։ Ներմուծումն ընկել է սահմանափակումների տակ, եւ այդ պարենային էմբարգոն գործում է մինչ օրս։ 2022 թ. մայիսի 3-ի նոր հրամանագիրն արգելում է անբարյացակամ գործընկերների հետ գործարքները, ինչպես նաեւ ՌԴ-ից ապրանքների եւ հումքի արտահանումը, եթե դրանց մատակարարումն իրականացվում է հօգուտ ռուսական հակապատժամիջոցների տակ գտնվող անձանց: Այժմ շեշտը տեղափոխվում է դեպի արտահանում։
Այսպիսով՝ իշխանության դաշնային եւ տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց արգելվում է «գործարքներ կատարել (այդ թվում՝ արտաքին առեւտրային պայմանագրեր կնքել) իրենց վերահսկողության տակ գտնվող իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների հետ, որոնց նկատմամբ կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ»: Արգելվում է նաեւ «կատարված գործարքներով (այդ թվում՝ կնքված արտաքին առեւտրային պայմանագրերով) պատժամիջոցների տակ գտնվող անձանց նկատմամբ պարտավորությունները կատարելը, եթե այդպիսի պարտավորությունները չեն կատարվել կամ ամբողջությամբ չեն կատարվել»: Արգելվում է նաեւ «իրականացնել ֆինանսական գործարքներ, որոնց շահառուները պատժամիջոցների տակ գտնվող անձինք են»։
Բացի այդ, արգելք է սահմանվում «Ռուսաստանի Դաշնության տարածքից այն ապրանքների եւ (կամ) հումքի արտահանման վրա, որոնց արտադրությունը եւ (կամ) արդյունահանումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, պայմանով, որ այդպիսի արտադրանքը եւ (կամ) հումքը մատակարարվում է հօգուտ պատժամիջոցների տակ գտնվող անձանց եւ (կամ) պատժամիջոցների տակ գտնվող անձանց՝ հօգուտ այլ անձանց»: ՌԴ կառավարությունը պետք է տասնօրյա ժամկետում հաստատի Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների տակ գտնվող անձանց ցուցակը եւ որոշի գործարքները դասակարգելու լրացուցիչ չափանիշները:
Կախված այն բանից, թե կոնկրետ ով կհայտնվի ցուցակում, ինչպիսին կլինեն գործարքների չափանիշները, պարզ կդառնա, թե արդյոք այդ սահմանափակումները կվերաբերե՞ն արտասահման ռուսական էներգառեսուրսների, գյուղատնտեսական արտադրանքի մատակարարմանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերին։
Հիշեցնենք, որ անբարյացակամների ցուցակում ներառված են ԵՄ բոլոր երկրները, ինչպես նաեւ ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ուկրաինան եւ այլն (ընդհանուր առմամբ՝ 48 պետություն եւ տարածք):
Մինչ Եվրամիությունը պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, արտասահմանյան մի շարք ընկերություններ արդեն բախվում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման ֆինանսական հետեւանքներին: Օրինակ՝ գերմանական «Uniper» էներգետիկ կոնցեռնի զուտ վնասը 2022 թ. առաջին եռամսյակում կազմել է գրեթե 3.2 մլրդ եվրո։ Եկամուտների վրա հիմնական ազդեցությունը եղել է գազի շուկայում բարձր անկայունությունը, սակայն իրենց լուման ունեն նաեւ «Հյուսիսային հոսք-2» նախագծի, ինչպես նաեւ «Uniper»-ի ռուսական դուստր ձեռնարկության բիզնեսի հետ կապված «խախտումները»:
Բրիտանական BP էներգետիկ ընկերության զուտ վնասն առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 20 մլրդ դոլար, եւ, ինչպես հաղորդում է «Prime» գործակալությունը, հենվելով ֆինանսական հաշվետվությունների վրա, դա գրեթե ամբողջությամբ պայմանավորված է «Ռոսնեֆտում» բաժնեմասի վաճառքով եւ նրա հետ համատեղ ձեռնարկություններից դուրս գալով: