Երեւանի Հ. Թումանյանի թանգարանը շուրջ տասն օր լցված է լինելու Քաշաթաղի շնչով: Մայիսի 18-28-ը թանգարանում կանցկացվի «Հայկական Քաշաթաղ» խորագրով ցուցահանդես, նախատեսված են դասախոսություններ, հանդիպում- քննարկումներ:
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ բացման օրը պատահական չէ ընտրված. «Այս տարի պիտի նշվեր Քաշաթաղի ազատագրման 29-ամյակը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Թանգարանն իրականացնում է «7 սարի հետեւում» նախագիծը, որի նպատակը երիտասարդներին հայրենաճանաչության մղելն էր: Ծրագիրը մեծ արձագանք գտավ, շուրջ 5 հազար մասնակից ունեցանք, այդ թվում՝ Արցախից, մասնավորապես, Քաշաթաղի շրջանից: Հինգ ամիս տեւած ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո ունեցանք 10 հաղթող մասնակից, որոնցից մեկը հենց Քաշաթաղի շրջանից էր: Ի սկզբանե որոշված էր ընտրել տարածք եւ հաղթող խմբին ուղղորդել այնտեղ՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին: Պատահաբար ընտրվել էր Քաշաթաղը: Ցավոք, զարգացումներն այնպես եղան, որ Քաշաթաղում լինելու փոխարեն, այսօր ստիպված ենք Քաշաթաղը ժամանակավոր տեղափոխել թանգարան՝ լուսանկարների տեսքով»:
«Մերան» թերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի խոսքով, ցուցահանդեսին ներկայացվելու են հարյուրից ավելի լուսանկարներ, որոնք պատկերում են Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները՝ Սուրբ Վարդան եկեղեցին (17-րդ դար), Վարազգոմի վանքի երկխորան եկեղեցին (9-րդ դար), Կատոսավանքը (9-րդ դար), Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եռանավ բազիլիկ տաճարը (4-րդ դար) եւ այլն:
«Լուսանկարներով պատմում ենք խաչքարերի, տապանաքարերի, եկեղեցիների, վանքերի մասին, որոնք վկայում են հետեւյալը՝ հազարամյակներ շարունակ Քաշաթաղը եղել է հայկական: Մենք պատմամշակութային մեծ ժառանգություն ենք թողել այնտեղ, որն այսօր վտանգված է: Ադրբեջանը որոշել է այդ տարածքներում վերացնել հայկական հետքը, եւ դա շատ է մտահոգում: Մեր խնդիրն է անընդհատ խոսել ու բարձրացնել այս հարցը»,- ասաց Զոհրաբ Ըռքոյանը:
Բանախոսներն ընդգծեցին, որ նպատակ ունեն լայն հանրությանը ներկայացնել այս լուսանկարները, ուղեկցվող պատմությունը: Առաջիկայում նախատեսում են հրատարակել Քաշաթաղի պատմամշակութային արժեքները հավերժացրած լուսանկարների երկլեզու պատկերագիրք: