Փախստականների հարցը, հատկապես Սիրիայից եւ Աֆղանստանից, շարունակում է օրակարգային մնալ Թուրքիայի համար։ Տարբեր երկրներից գաղթյալները ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ են առաջացնում, այլեւ ազդում են թուրքական հանրության ներքին համերաշխության վրա։ Փախստականների հերթական ալիքը համընկավ տնտեսական դժվարությունների եւ համավարակի հետ։ «Օպտիմար» սոցիոլոգիական ինստիտուտի կողմից վերջերս անցկացված հարցման համաձայն՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ են զգում փախստականներին հանդիպելիս, հարցվածների 21.3 տոկոսը պատասխանել է՝ «ատելություն», 11.2 տոկոսը՝ «կատաղություն», 33 տոկոսը ոչինչ չի զգում, եւ միայն 4.4 տոկոսն է «կարեկցանք» զգում։ Փախստականների նկատմամբ բացասաբար տրամադրվածների մեջ գերակշռում է այն կարծիքը, որ փախստականները զրկում են Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքից, իսկ կարեկցանքի հիմնական պատճառը կրոնական գործոնն է։
Կրոնական կամ սոցիալական, աշխատանքային գործոնները տեսանելի են հանրության համար, սակայն փախստականների ներկայությունը ավելի խորքային գործընթացների առիթ կարող է դառնալ, առավել եւս, որ ոչ թե մի քանի հազար կամ անգամ տասնյակ հազարների մասին է խոսքը, այլ մի քանի միլիոնի։ Ըստ որոշ տվյալների՝ Թուրքիայի տարածքում 2021 թ. նոյեմբերի 4-ի դրությամբ Սիրիայից փախստականների թիվը 3 միլիոն 728 հազար 612 մարդ է։ Այսպիսի մեծ թիվը երկարաժամկետ կտրվածքով չի կարող ազդեցություն եւ հետեւանքներ չունենալ Թուրքիայի ներքաղաքական, ներհասարակական գործընթացների վրա։ Իշխանությունը վերջին շրջանում նույն բանն է ասում, ինչ ընդդիմությունը, միայն թե՝ ավելի զուսպ ձեւակերպումներով։ Եթե ընդդիմությունը պնդում է, որ կարճ ժամանակում պետք է վտարվեն սիրիացի փախստականները, ապա իշխող կուսակցությունը նույն նպատակին հասնելու համար որոշել է այնպիսի պայմաններ ստեղծել, որ փախստականներն ինքնակամ հեռանան։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ Սիրիայից փախստականների մոտ 80 տոկոսը չի ցանկանում վերադառնալ իր նախկին բնակավայր, քանի որ այնտեղ չկան կյանքի համար անվտանգ եւ նպաստավոր պայմաններ։
Ապրիլի 3-ին «YouTube»-ում հրապարակվել էր «Լուռ օկուպացիա» վերնագրով տեսահոլովակ, որտեղ Ստամբուլը ներկայացվել էր խարխուլ եւ հանցագործության մեջ թաղված, ըստ սյուժեի՝ անշարժ գույքի արաբ գործակալները թուրքերին դուրս են մղում իրենց թաղամասերից, իսկ թուրք վիրաբույժը դռնապան է աշխատում հիվանդանոցում։ Այդպիսի զարգացումը բացատրվում է սիրիական պատերազմով եւ անվերահսկելի ներգաղթով։ Տեսանյութը պատվիրել է ծայրահեղ աջ պատգամավոր Ումիթ Օզդաղը, ով հայտնի է փախստականների դեմ իր կոշտ հռետորաբանությամբ: Նա եկվորներին դիտարկում է որպես պետության համար էթնիկ եւ մշակութային սպառնալիք, իսկ տեղի ունեցող զարգացումներն անվանում է «ժողովրդագրական օկուպացիա»։
Օրեր առաջ երկրի նախագահ Էրդողանը, գտնվելով Ստամբուլի Էսենյուրթ շրջանում (այստեղ ամենաշատն են բնակվում Սիրիայից փախստականները), հայտնել էր, որ Թուրքիան աշխատում է մի նախագծի վրա, որը թույլ կտա մեկ միլիոն սիրիացի փախստականների վերադարձնել իրենց հայրենիք։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ նախատեսվում է կառուցել բնակարաններ եւ ենթակառուցվածքներ, որոնք կընդգրկեն Սիրիայի հյուսիսում գտնվող 13 շրջաններ՝ ներառյալ Ազեզը, Ջարաբուլուսը, Ալ-Բաբը եւ Թել Աբյադը։ Այս թեմայով «Hurriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվինը գրում է, որ եթե սիրիացին ներքաշվում է որեւէ կոնֆլիկտի մեջ, ապա նրա կողմից մեծաթիվ մարդիկ են հավաքվում, որի արդյունքում թուրքերն այդ տարածքներում իրենց միայնակ են զգում։ Մինչդեռ «Sabah» թերթի լրագրողը միամտություն է համարում այն հեռանկարը, թե Թուրքիայում գտնվող սիրիացիները շուտով տուն կվերադառնան։ «Այժմ Թուրքիայում գտնվող շատ սիրիացիներ եկել են այնպիսի մեծ քաղաքներից, ինչպիսին Հալեպն է, եւ ներկայում տուն վերադառնալու ճանապարհ չունեն»,- գրում է նա, ապա շարունակում, որ պետք է երաշխավորել ոչ միայն նրանց վերադարձը, այլեւ այդ մարդկանց սոցիալական ինտեգրումը, անկախ այն բանից՝ կհեռանան, թե կմնան։
Այդպիսով՝ պետք է արձանագրել, որ փախստականների խնդիրը սկսել է նոր անհարմարություններ պարգեւել թուրքական հասարակությանն ու իշխանություններին։ Ժամանակ առ ժամանակ այդ ներգաղթյալների եւ տեղացիների միջեւ լարվածությունը սրվում է, ինչը լրացուցիչ գլխացավանք է թուրքական իշխանության համար: Երկարաժամկետ կտրվածքում փախստականները, եթե ինքնակազմակերպվեն, ապա կկարողանան սոցիալ-տնտեսական պահանջներից բացի նաեւ ներքաղաքական հարցադրումներ կատարել՝ թելադրելով սեփական օրակարգը։ Այդպիսի խնդիրները չեն ծածկվի անգամ ԵՄ-ի կողմից ֆինանսական մեծ աջակցությունների պարագայում։ Նշենք, որ ԵՄ-ն անցած տարվա հունիսին խոստացել էր 3 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել Թուրքիային՝ սիրիացիներին աջակցելու համար, իսկ վճարումները պետք է կատարվեն մինչեւ 2024 թ.։ 2016-ին Թուրքիայի եւ ԵՄ-ի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ Բրյուսելն ընդհանուր առմամբ 6 միլիարդ եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիայի սիրիացիներին։