«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մայիսի 22-ին կանկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը պատմեց, որ 2011 թ. Տոլմայի առաջին փառատոնը շատ հապճեպ էր ստացվել, հաջորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին, որի ժամանակ նա խոսում էր, իբր, հայերի կողմից իրականացված կեղծիքների մասին։
«2011 թվականին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բացման օրը Ալիեւը անդրադարձավ հայերի կողմից, իբր, մշակութային, պատմական կեղծիքներին, նաեւ անդրադարձավ խոհանոցին, մասնավորապես՝ տոլմային։ Այդ օրվանից մենք սկսեցինք իրականացնել Տոլմայի համահայկական փառատոնը։ Շատ խորհրդանշական էր, որ առաջին փառատոնն անցկացվեց Սարդարապատի հուշահամալիրի տարածքում։ Շեշտը դնելով Սարդարապատի վրա՝ պարզ է, որ ցանկանում էինք համադրել մշակութային ժառանգության նշանակությունը եւ ինքնապաշտպանության զգացողությունը։ Այսինքն՝ հասկանալի դարձնել մեր հասարակությանը, որ մշակութային հարձակումները, մշակութային էքսպանսիան նույնպես վտանգավոր են, եւ հարկավոր է պաշտպանվել նաեւ մշակութային դաշտում»,- ասաց Մամուլյանը։
Փառատոնին ներկայացված են լինելու 20-25 տաղավար, որտեղ ընդգրկված են տարբեր ռեստորաններ, ուսումնական կենտրոններ, անհատներ, խմբեր։ «Նրանք պատրաստելու են տարատեսակ տոլմաներ։ Մրցույթ է կազմակերպվելու երեք անվանակարգում՝ լավագույն համ, տեսք եւ մտահղացում։ Կա նաեւ գլխավոր մրցանակ, որը տրվելու է ամենաբարձր միավորներ ստացած թիմին»,- հավելեց Մամուլյանը։