Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի խորհրդանիշը Շուշիի ազատագրումն էր։ 28 տարի շարունակ մայիսի 9-ը մեր ազգի եւ պետության համար վերածննդի եւ հաղթության օր էր։ Այսօր, երբ կորցրել ենք Շուշին, հանրության շրջանում հարց է առաջանում, թե արդյոք պե՞տք է, եւ կարո՞ղ ենք նշել մայիսի 9-ը։ Տրամաբանությունը հուշում է, որ չես կարող, սակայն ինչպես Հայկ Ասատրյանն է ասում. «Իրերի տրամաբանությունը մեզ առաջնորդում է դեպի անկում, բայց կա նաեւ ոգու տրամաբանությունը, որը ճմլում է իրերի սիրտը, որը փոխում է պատմության ընթացքը»։ Այդ հաղթանակն էր, որ վերստին հույս եւ հավատ ներշնչեց մեր հավաքական ուժի, բազկի հզորության եւ անհնարինը հնարավոր դարձնելու նկատմամբ։
Գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ համաշխարհային պատմությունից հայտնի են դեպքեր, երբ պարտված, հոգեբանորեն ջախջախված ժողովուրդները ոչ միայն ոտքի են կանգնել, այլեւ զարգացման թռիչք են ունեցել. «Դա արվել է հետեւյալ կերպ՝ էլիտան ժողովրդի առջեւ դրել է գերնպատակ՝ համամարդկային մակարդակի, ոգեւորել նախ ազգի եւ հայրենիքի բավարար զգացողություն ունեցող շերտերին, հաջորդիվ՝ մյուսներին եւ մղում է առաջացրել դեպի գերնպատակի իրականացումը: Այդ դեպքում դուրս են հորդում ժողովրդի հոգու խորքային ուժերը, եւ մարդիկ փոխվում են անճանաչելիորեն: Նման երեւույթ մեզանում նկատվել է 1988-ին: Ցանկալի է՝ իշխանությունները ժողովրդին տանեն այդ ուղիով: Բայց եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա գործի պատասխանատվությունն իրենց ուսերին պիտի վերցնեն ազգայինը կարեւորող հանրային գործիչները»:
Ա. Պեպանյանի խոսքով՝ թեեւ ժողովրդի տրամադրությունը հիմա այնպիսին չէ, որ տոնական օրը նշվի, բայց անհրաժեշտ է, որպեսզի հիշենք, գնահատենք այդ հաղթանակը բերածներին եւ հետեւություններ անենք. «Այս վերջին եղածը (2020 թ. պատերազմի արդյունքները.- խմբ.) համարենք հերթական ճակատամարտ եւ խորհենք ապագայի մասին: Ամենը դեռ առջեւում է»: Երկու տարին կարճ ժամանակ է, որպեսզի հայ ժողովուրդն ուղղի պարտությունից խոնարհված իր մեջքը. «Չմոռանանք, որ մեր պատմության ընթացքը հարուստ է հերոսական էջերով, երբ ե՛ւ կազմակերպված պետություն ենք ունեցել, ե՛ւ այլոց ենք օգնել առողջ պետություն կառուցել: Մոռացված այդ հին պատմությունը հարկավոր է հանել մոխրի տակից ու ժողովրդին հաղորդակից դարձնել իր իսկ հերոսական անցյալին: Եվ վստահաբար նկատելի փոփոխություններ կառաջանան մարդկանց մեջ, որոնք հիմք կդառնան մեջքը շտկելու համար: Դա անելու համար պիտի ի հայտ գա այդ նպատակն ունեցող ընտրանի, որի ծիլերն արդեն նկատելի են»:
Նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են որոշակի որակներ։ Մի շարք պատմական վեպերի հեղինակը («Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ», «Վերադարձ կամ Տիգրան Մեծ», «Հուլիոս Կեսար», «Դուք ինձ չեք ճանաչում. իմ անունն է Բոնապարտ», «Ալեքսանդր՝ որդի Ամմոնի», «Կալիգուլա», «Այրվելու գնացողը») նշում է, որ մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաեւ աշխարհակալ։ Եվ սրանք ամենեւին վերամբարձ խոսքեր չեն, այդպես մեր մասին արտահայտվել են մեր պատմության ընթացքում մեզ հետ շփված ժողովուրդները։ Մասնավորապես՝ շումերական էպոսում հայերի երկիրը (մեր թվարկությունից մի քանի հազար տարի առաջ) անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ անգլիացի պատմագիր Ֆինլեյնը գրել է, որ «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության»։ «Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր եւ միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ»,- սա էլ պարսից Շապուհ արքայի խոսքերն են։
«Դարեր շարունակ հայերը եղել են տարածաշրջանի, ինչո՞ւ ոչ՝ նաեւ աշխարհի հզորների թվում։ Արժանապատվորեն պաշտպանել են իրենց երկիրը, իսկ երբ նվաճումներ են իրականացրել, ապա այլոց նման ոչ թե ավեր են տարել այլ ժողովուրդներին, այլ երկիր կառավարելու արվեստ,- ասաց Պեպանյանը, ապա շարունակեց,- Ապացուցված է, որ արշավանքների եւ զինական տեղաշարժերի արդյունքում հայերը դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում նաեւ ներկայիս եվրոպական ժողովուրդների։ Բայց միայն ռազմարվեստում չէ, որ մեր նախնիները դրսեւորել են իրենց գերազանցությունը։ Նրանք դեռեւս Ք. ծ. ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձեւավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական դասը, զինվորականները եւ ռամիկները։ Քրմական դասը պատասխանատու էր երկրում տիրող ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն եւ, ի տարբերություն այլ ժողովուրդների, մեր պատմության այդ հատվածը «չի հիշում» սոցիալական պայքարի որեւէ դեպք»։
Ներկա պայմաններում մեր հաղթական եւ հզոր անցյալի հային հատուկ գծերն ու որակները պետք է վերականգնենք, որպեսզի կրկին դառնանք տարածաշրջանի ուժեղ պետություններից մեկը։ Այս նպատակին հասնելու համար պետք է վերափոխվենք ներսից, քանզի ինչպես ժամանակին ասել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած…»։