Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելյան սահմանի երկայնքով ռուսական ուժերի կուտակման վերջին դրվագներից մեկի ժամանակ Մոսկվան հայտարարել է, որ ապրիլի 24-ից հոկտեմբերի 31-ը շրջափակելու է Սեւ ծովի որոշ հատվածներ եւ Կերչի նեղուցը ռազմանավերի ու այլ նավերի համար: Մոսկվան այդ քայլին գնացել է ծայրաստիճան բարձր քաղաքական եւ ռազմական լարվածության պայմաններում, որի նմանը չի գրանցվել Ղրիմը Ռուսաստանին 2014 թ. միացնելուց հետո: Այս մասին ամերիկյան «The National Interest»-ում գրել է լրագրող, քաղաքական վերլուծաբան Հարուն Կարչուկը, որն ապրում է Սարաեւոյում եւ լուսաբանում է Բալկաններում օտար ազդեցության թեման:
Կերչի նեղուցը շատ մեծ նշանակություն ունի Ուկրաինայի համար, քանի որ այն միացնում է Ազովի եւ Սեւ ծովերը, այսինքն՝ ապահովում է նավերի ազատ ելքն ուկրաինական նավահանգիստներից, ինչպիսին է Մարիուպոլը, դեպի արտաքին աշխարհ: Ռուսաստանը լավ է հասկանում Սեւ ծովի նշանակությունը:
Վերջին երկու տասնամյակում Ռուսաստանը համախմբել է իր ներկայությունը Սեւ ծովում: Սեւծովյան նավատորմը պատասխանատու է Սիրիայում ռուսական ուժերին մատակարարումների ապահովման համար, որոնք հիմնականում տեղակայված են Տարտուսի նավահանգստում եւ Խմեյմիմ ավիաբազայում, ինչպես նաեւ Միջերկրական ծովի արեւելյան մասում պարեկության համար: Կրեմլի ռազմածովային դոկտրինը, որն ընդունվել է 2015 թ., հստակ բնութագրում է Սեւ ծովը որպես ուժի կանխատեսման հիմք:
Նախկինում Սեւ ծովը գրեթե հավասարապես բաժանված էր առափնյա պետությունների միջեւ, բայց Ռուսաստանին Ղրիմի միացումը հօգուտ վերջինիս փոխեց ռազմական ուժերի հավասարակշռությունն այս ծովում: Մոսկվան ոչ միայն դուրս եկավ Ուկրաինայի հետ գործող համաձայնագրերից, որոնք սահմանափակում էին նրա սեւծովյան նավատորմի ներկայությունը Սեւաստոպոլում, այլեւ այնտեղ տեղակայեց նոր ռազմանավեր եւ սուզանավեր, ինչպես նաեւ այնպիսի առաջադեմ սպառազինության համակարգերի խիտ ցանց, ինչպիսիք են C-400-ը, C-300-ը, «Պանցիր-C1»-ը, «Բաստիոն-Պ» առափնյա հրթիռային համակարգերը: Այն նաեւ զգալիորեն ընդլայնել է իր բացառիկ տնտեսական գոտին եւ սեւծովյան ափամերձ գիծը:
Ուկրաինան անհանգստությամբ է հետեւել ռազմական ուժի այս կուտակումներին: Ոչ պակաս անհանգստություն է ապրել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Թուրքիան ավելի ու ավելի ուժեղ է զգում, որ իր տարածաշրջանային հավակնություններով կանգնած է Ռուսաստանի ճանապարհին: Թուրքիան եւ Ռուսաստանը դաշնակիցներ չեն, նրանց ավելի շուտ կարելի է անվանել «երդվյալ ընկերներ»: Սատարում են Բոսնիայում, Լիբիայում եւ Սիրիայում հակամարտող կողմերին: Չնայած ամուր առեւտրային, էներգետիկ, դիվանագիտական եւ ռազմական կապերին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ 2016 թ. զգուշացրել է, որ Սեւ ծովը հետզհետե վերածվում է «ռուսական լճի», ուստի կոչ է արել ուժեղացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը:
18-20-րդ դարերում Օսմանյան կայսրությունը 12 անգամ պայքարել է ցարական Ռուսաստանի դեմ եւ պարտվել գրեթե բոլոր պատերազմներում: Սառը պատերազմի ընթացքում Թուրքիան փակում էր ՆԱՏՕ-ի հարավային թեւը, Հարավային Կովկասում սահմանակցում էր Խորհրդային Միությանը, եւ, այն ժամանակվա փորձագետների կարծիքով, Թուրքիան կստանար զգալի քանակությամբ խորհրդային միջուկային հարվածներ, եթե պատերազմ սկսվեր:
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ վստահությունն այնքան փխրուն է, որ երբ Էրդողանը սատարեց Ուկրաինային վերջինիս սահմանների երկայնքով ռուսական ուժերի կուտակման ֆոնին, Ռուսաստանն անմիջապես որոշեց դադարեցնել օդային թռիչքները դեպի Թուրքիա մինչեւ հունիսի 1-ը՝ պատճառաբանելով Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակով: Բայց բոլոր կողմերն էլ հասկացան այդ ազդանշանը: Ի նշան Անկարային երախտագիտության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր համերկրացիներին հորդորեց ամառային արձակուրդներն անցկացնել Թուրքիայում՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների պակասը փոխհատուցելու համար:
Ուկրաինան եւ Թուրքիան ձգտելու են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ Սեւ ծովում Ռուսաստանի հավակնությունները զսպելու համար: Աշխարհաքաղաքական առումով ՌԴ-ն ու Թուրքիան ավելի են մոտեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերամիավորեց Ղրիմը: Թուրքիան դատապարտեց այդ քայլը եւ հրապարակավ հայտնեց իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառեց: Անկարան Ուկրաինային տեսնում է որպես Ռուսաստանից առանձնացող չափազանց կարեւոր բուֆեր, ուստի ակտիվորեն հանդես է գալիս Ուկրաինային ՆԱՏՕ-ում ընդունելու օգտին: Տեսնելով ԵՄ-ի պառակտումը Ուկրաինայի ապագայի հարցում եւ Միացյալ Նահանգների տրամադրության անընդհատ փոփոխությունները Թրամփի վարչակազմի օրոք՝ Թուրքիան ամրապնդել է իր համագործակցությունն Ուկրաինայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ՝ հուսալով, որ այդ երկրները կօգնեն իրեն՝ հավասարակշռելու Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Թուրքիան շատ կցանկանար Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության աճ տեսնել, բայց նեղուցների կարգավիճակի մասին 1936 թ. Մոնտրոյի կոնվենցիան, որը նախատեսում է ազատ անցում Բոսֆորով, պահանջում է, որ Անկարան սահմանափակի այն երկրներին պատկանող բոլոր նավերի ծավալը, տարողությունը եւ գտնվելու տեւողությունը, որոնք չեն մտնում սեւծովյան առափնյա պետությունների ցուցակի մեջ: Թուրքիայի համար այս իրավիճակը շատ անհարմար է, քանի որ օրենքով պարտավոր է սահմանափակել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սեւ ծով: Միեւնույն ժամանակ այդ կոնվենցիան ձեռնտու է Մոսկվային, ինչով էլ բացատրվում է այն փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է պահպանել այն, չնայած Թուրքիան ցանկանում է դուրս գալ դրանից:
Բացի այդ, Անկարան Ուկրաինային դիտում է որպես ռազմական տեխնոլոգիաների զարգացման գործընկեր: Թուրքիան ուկրաինական ընկերությունների հետ աշխատում է դիզելային շարժիչներ ստեղծել իր հինգերորդ սերնդի կործանիչների եւ «Ալթայ» հիմնական մարտական տանկերի համար: Ուկրաինան շարժիչներ է արտադրում նաեւ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համար, որոնք օգնել են Թուրքիային Սիրիայում, Լիբիայում եւ Արցախում: 2019 թ. Ուկրաինան Թուրքիայից գնել է 12 «Bayraktar TB2» ռազմական անօդաչու թռչող սարք, եւ արդեն հայտնի են նման եւս 5 անօդաչու սարք ձեռք բերելու նրա ծրագրերը: 2020 թ. Թուրքիան եւ ուկրաինական պետական «Իվչենկո-Պրոգրես» նախագծային ընկերությունը պայմանագիր են կնքել «ԱԻ-35» տուրբոռեակտիվ շարժիչների մատակարարման մասին, որոնք, ինչպես սպասվում է, տեղադրվելու են թուրքական նոր «Գեզգին» թեւավոր հրթիռների վրա: Ուկրաինան վերջերս համաձայնել է գնել MILGEM նախագծի «Ադա» տեսակի չորս թուրքական կորվետ, որոնք հայտնի են իրենց մանեւրերով: Այսպիսի համագործակցությունը, որում Թուրքիան օգտագործում է ուկրաինական հուսալի շարժիչները, իսկ Ուկրաինան՝ թուրքական առաջատար տեխնոլոգիաները, Անկարային թույլատրում է արտահանել իր ռազմական տեխնիկան՝ չմտահոգվելով արտահանման արտոնագրեր ստանալու համար, որոնք այլեւս չի կարող ձեռք բերել ԱՄՆ-ից եւ Եվրոպայից: Ինչ վերաբերում է Կիեւին, ապա այժմ, երբ կտրված է ռուսական շուկայից, Թուրքիան նրան հնարավորություն է տալիս մուտք գործել առաջատար տեխնոլոգիական նոու-հաու եւ լինել համագործակցության նոր գործընկեր:
Ղրիմի թաթարները Ուկրաինան ու Թուրքիան կապող եւս մեկ գործոն են: Այսօր Թուրքիայում կա Ղրիմի թաթարների փոքրամասնություն, որը պնդում է, որ Թուրքիան ավելի մեծ ներգրավվածություն ունենա Ղրիմի գործերում: Իսկ Ուկրաինան, որի իշխանությունները ժամանակին ճնշել են թաթար բնակչությանը, այժմ օգտագործում է նրանց որպես հետագա մերձեցման փաստարկ՝ փորձելով թուրքերի մոտ իրենց մահմեդական եղբայրներին օգնելու ցանկություն առաջացնել:
Թուրքիայի միջոցով իրեն պարտադրված գրեթե բոլոր պատերազմներում Ռուսաստանը կռվել է երկու ճակատում՝ բալկանյան եւ կովկասյան: Այս ուղղություններում Մոսկվան հիմա հսկայական նահանջ է արձանագրել, ուստի զարմանալի չէ, որ այսօր չի հանգստանում: Հենց այդ պատճառով Ռուսաստանին կասեցնելու համար Թուրքիայի եւ Ուկրաինայի մերձեցումն օգտակար է թվում, եւ ամերիկյան նոր վարչակազմը կարող է ամրապնդել կապերն Ուկրաինայի հետ՝ նաեւ Մերձավոր Արեւելքում ռուսական ռազմական հզորության տարածումը կանխելու համար: