Փոքր-ինչ տարօրինակ կարող է թվալ, որ մարդը, փրկելով սեփական կյանքը, կարող է դրանով հայտնի դառնալ, բայց երբ խոսքը ժամանակի ամենահսկա նավի, ըստ «Շիփբիլդեր» ամսագրի՝ «անկրկնելի», գործնականում անխորտակելի ու հզոր «Տիտանիկի» կործանման ու ահավոր աղետի մասին է, յուրաքանչյուր մանրամասն, անգամ դեպքից 110 տարի հետո էլ, քննարկման արդիական ու հետաքրքիր թեմա է…
«Տիտանիկի» 1317 ուղեւորներն ու անձնակազմի 908 անդամներից յուրաքանչյուրը 1912 թ. ապրիլին իր պատճառն ուներ այնտեղ գտնվելու, սակայն վստահաբար կարելի է ասել, որ 6 հայ ուղեւորները նավ էին նստել Շերբուրից՝ հենց փրկվելու հույսով, գնելով երրորդ կարգի՝ ամենաէժան տոմսերը, ամենաստորին տախտակամածում, եւ, ինչպես հետագայում այդ մասին արտահայտվել է 712 ուղեւորների հետ փրկված երկու հայերից մեկը՝ Նշան Գրիգորյանը, երրորդ դասի նավասենյակում «ճտի նման փակի տակ էր»։ Հայի բախտ էր՝ մի փորձանքից փախչելով, մյուսի մեջ ընկնել…
Իսկ հայերը փախչում էին Օսմանյան կայսրության տեւական հալածանքներից ու վայրագ կոտորածներից՝ լքելով հայրենի գյուղը՝ Քղին, որն Արեւմտյան Հայաստանի Բինգյոլ մարզում էր, Էրզրումի մոտ։ Նշանի հայրը, զգալով հայերի հանդեպ թուրքական քաղաքականության խորացող ատելությունը, որդուն խորհուրդ է տալիս փախչել, գնալ Կանադա, իսկ այնուհետեւ, տեղավորվելուց հետո, այնտեղ փոխադրել եւ եղբայրներին։ Նշանը համագյուղացիների հետ ընտրում է «Տիտանիկը»՝ «Օլիմպիկ» դասի երկրորդ շոգենավը։ Նշանն այդ ժամանակ 26 տարեկան էր. ծնվել էր 1886 թ. մայիսի 12-ին։ Նշանի փրկված ընկերը՝ Դավիթ Վարդանյանն էլ 22 տարեկան էր՝ ծնված 1890 թ. ապրիլի 15-ին, ում ծննդյան գիշերն էլ հենց «Տիտանիկը» ենթարկվեց աղետի։ Ընկերները, սակայն, ծննդյան մոմեր չէին վառել ու կերուխում չէին անում։ Ստորին՝ F-տախտակամածի E-57 սենյակում, ինչպես վկայում է Նշանը, 1912 թ. ապրիլի 14-ի երեկոյան, զբաղված էին թղթախաղով, իսկ արդեն ժամը 23-ի մոտ պատրաստվում էին քնելու, երբ սառցալեռան բախումից ներս թափվեցին սառցի կտորներ. առաջին պահ դրանք չանհանգստացրին Նշանին, քանի որ փոքր էին, բայց տագնապի ազդանշանը ստիպեց դուրս գալ A-տախտակամած, որի ձախ կողմում 10 փրկանավակ էին իջեցնում։ Նշանն անվարան նետվեց նավակներից մեկի մեջ։ Այդ մասին նավաստի Ֆրենք Էվանսը վկայում է, որ Նշանը դա արեց գիտակցաբար՝ փրկվելու համար։ Թե ինչու է նավաստին դա շեշտել, պարզ չէ, սակայն մեզ համար պարզ է մի բան. Նշանը եւ իր ընկերները հենց փրկվելու համար էլ հայտնվել էին «Տիտանիկում»։
Հայերիս համար միանգամայն ընդունելի եւ ուրախալի է, որ գոնե երկու հայ փրկվել են աղետից, եւ ցավալի, որ մյուսները զոհվել են, իսկ ճապոնացիները հանդիմանել են փրկված ճապոնացուն՝ մեղադրելով վախկոտության մեջ, որ չի զոհվել մյուսների նման։ Մեր եւ ճապոնացիների ընկալման տարբերությունն այն է, որ մի հոգու փրկությունն անգամ մեզ համար ազգափրկությա՛ն խնդիր է, իսկ ճապոնացիները նման խնդիր չունեն. նրանց համար, թեկուզ՝ անիմաստ, զոհվելը քաջություն է, ազգային ավանդույթ՝ որպես խարակիրին։ Փրկությունը, սակայն, չի մեղմել օրվա սարսափը, որ ողջ կյանքում ուղեկցել է Նշան Գրիգորյանին. դա բախտի բերմամբ, հենց այնպես, փրկանավակում տեղավորվել եւ օվկիանոսով մեկ ռոմանտիկ ճանապարհորդություն չէր. նա առերեսվել էր մահվան հետ, այնքան ծանոթ, որից փախել էր, թեեւ այստեղ չէին մորթում, ինչպես հայրենիքում, բայց ճիչն ու աղաղակը, տագնապն ու հրմշտոցը, կյանքից կառչելու մարդկային ճիգերը, երբեմն՝ քստմնելի, մարդկային զանազան որակների բախումը, էությունը ստորացնող ու անելանելի վիճակը, ինքդ քեզ փրկելու պարտադրանքը, անձնազոհությունն ու մեկը մյուսի հաշվին կյանք առնելու վայրի տեսարանները սարսռեցնում էին հոգին, կապում լեզուն ու միտքը…
Բացի այդ, ափ հասնելուն պես Նշանը՝ թոքերի բորբոքումով, տեղափոխվեց Նյու Յորքի հիվանդանոց, սակայն ապաքինումը լիակատար չեղավ, եւ, Կանադա հասնելով, ստիպված էր կրկին պառկել հիվանդանոցում՝ Օնտարիո նահանգի Բրենֆորդ քաղաքում… 1918 թ. Նշան Գրիգորյանը փոխադրվում եւ վերջնականապես հաստատվում է Սենթ Քեթրին քաղաքում, հիմնում այնտեղի առաջին հայկական եկեղեցին, ամուսնանում Բերսաբե Վարդանյանի հետ, ունենում երեք զավակ, զավակների զավակներ, կատարում հոր պատվիրանը՝ Կանադա տեղափոխում եղբայրներին, աշխատանքի անցնում «Ջեներալ Մոթորզ» գործարանում… Այնպես որ, Նշանի փրկությունը սոսկ իր փրկությունը չէր, որի մասին, սակայն, հիշելու ցանկություն չուներ կամ էլ հիշում էր հազվադեպ… Նա այլեւս երբեք նավ չնստեց՝ չարթնացնելու հիշողության տառապալի պատկերները, մահվան հետ մարտնչելու դժոխային սարսափները… Լռակյաց էր, անգլերեն քիչ էր խոսում, փոխարենը նրանից անպակաս էր հայկական համրիչը՝ թզբեհը։ Խորհելու շատ բան կար հայրենիքը հարկադրաբար լքած մարդու համար, ում փրկությունը եղավ նույնքան դաժան, որքան թուրքական յաթաղանից հրաշքով փրկված ցանկացած հայի, ովքեր կարողացան այս կամ այլ կերպ խուսափել ոճրագործների սպանդից։ «Տիտանիկն» էլ մի այլ աղետ դարձավ նրա վրա հույս դրած համագյուղացիների համար, որոնցից էլ միայն երկուսը փրկվեցին՝ ինքն ու Դավիթը. ճակատագիրն ասես հետապնդում էր նրանց…
Ինչո՞ւ էր այդպես աշխարհի շինվածքը. այնտեղ Օսմանյան կայսրության արյունարբու գլխակերները հալածում ու կոտորում էին քրիստոնյա ժողովուրդներին, եւ որեւէ կերպ դրա դեմն առնող չկար… Այստեղ օվկիանոս էր իջեցվել բրիտանական անդրատլանտյան լավագույն շոգենավը ու, ամենայն հավանականությամբ, մարդկային անփութության գործոնի պատճառով խորտակվել ու խորտակել էր բազմաթիվ կյանքեր… Ընդամենը 30 վայրկյան, եւ կարելի էր խուսափել աղետից, սակայն հրամանն ուշացավ… Բացի այդ, հավանաբար, անձնակազմը լիովին հույսը դրել է նավի որակական առանձնահատկությունների վրա ու շատ էլ չի անհանգստացել փրկարարական նախապատրաստությամբ՝ թե՛ անհրաժեշտ քանակով փրկանավակներ ունենալու, թե՛ մարդկանց նրանցում ճիշտ եւ արագ տեղավորելու, թե՛ անձնակազմի ուսուցման ու պատրաստվածության, մինչդեռ երաժիշտները՝ որպես զինվորներ, չեն լքել իրենց դիրքերը, նվագել են մինչեւ վերջ՝ մեղմելու արհավիրքի տագնապներն ու փրկության հույս ներշնչել. նրանցից ոչ ոք չի փրկվել…
«Տիտանիկը» միակ նավն է, որ խորտակվել է սառցալեռանը բախվելու պատճառով, ինչը նույնպես վկայում է մարդկային գործոնի մասին… Ցավոք, մարդկային անտարբերության ու անփութության, տգիտության պատճառով ոչ միայն նավեր են խորտակվում, այլեւ հայրենիք ու պետություն են կորցնում…